четверг, 27 сентября 2018 г.

Կյանքի առաջ

Ազնվությունը բռիդ մեջ հավաքած կվազես դու առաջ
Կընկնես բերանքսիվայր, բայց ափդ չես բացի անկասկած
Ավաղ, կգա մի պահ, որ ոտքերդ չեն գնա էլ առաջ
Ու ափիցդ հոգիդ կգլորվի ցած՝ ծնկացնելով քեզ նրա առաջ
Նա կյանքը կլինի՝ զինված ու ժամանակի ուսին բազմած։

Էժան

Մարդիկ իրենց կրած իրերից ավելի էժան են արդեն
Երազանքները այլևս անարժեք նյութական ձեռքբերումներ են դարձել
Ու ինքնախաբեություն կոչվող խաղից արբած
Մարդիկ կորցրել են իրենց ու իրենց միջի մարդկանց․

Անհոգի ռոբոտներ որ տրվել են ժամանակի պահանջների արբեցմանը անհագ
Պահանջներ ու հորինված ձեռքերումներ որ  արժեք են դարձրել մարդիկ անկյանք
Որոնք խաղացին կյանքը, այն կյանքը՝ այդպես էլ չապրած․

Դու կնայես նրանց, կույր ու հիացական՝ թողնելով քո կյանքը իրական
Կես ճամփից ետ կնայես, գուցե, դառնացած, ու չես գտնի իրական մարդկանց
Ռոբոտներ, ռոբոտներ համատարած․․․․

среда, 19 сентября 2018 г.

Դու լուռ, ես հեռու 

Ես հեռացել ու սպասում էի, թե երբ ետ կկանչես
Դու էդպես էլ մնացիր լուռ, իսկ ես՝ հեռու- հեռու․․․․․․

Կարոտը կարել է ոտս հուշերիս
Ես ունեի քեզ ու հանգիստ էր  հոգիս
Հիմա մենակ եմ ու դատարկ
Չկա ու չի կարող լինել էլ ոչ մի հարազատ․․․․

среда, 12 сентября 2018 г.

Ազատ սեր

Ազատ սեր ես դու գոչում
Ու շտապում գտնել դու գոհացում
Անազատ սերը ծանրաքաշ է, աննկուն
Իսկ դու այնքան ես սիրում թեթևություն․
Ախր դժվար է ծանր  հոգսերի տակ
Տրվել անազատ սիրո ճիրաններին անհատակ
Էստեղ խաղ չկա, գծած պլան չկա
Էստեղ կանոն չկա, ու սիրուն դատ չկա․
Սերը ազատ է, անբռնազբոս պահանջատեր
Սերը երբեք չի սիրում սակարկել
Նրանն ես դու կամ չես, այլ շանս չկա։
Նրա կապանքի անունն է՝ նվիրվել -հոգ տանել
Էստեղ այլ հարց չկա, սիրող սիրտը թերևս  վկա․

Սերը դաժան է, երբ ուրանում են իրեն
Ու անհատակ քնքուշ, երբ սիրել գիտեն․
Աշխարհը խաբկանք է, մարդիկ էլ կապիկ
Խաղի ու շահի գերի խամաճիկ
Կաս միայն դու, ու կա միայն նա
Այս մեծ աշխարհում անարժեք ու ունայն
Առանց նրա հույս չկա, ու ոչ էլ լույս կա
Դու կույր թափառական ես եթե նա չկա
Սերը հենց իմաստն է, առանց որի կյանք չկա
Կյանքի իմաստը, որին քիչ փնտրող կա
Գտնողն էլ կորցնում է, էհ, սիրո ժամանակ չկա․․․․

среда, 29 августа 2018 г.

Դու ու նրանք

Ընկերդ եսապաշտ ստասան
Սիրելիդ էլ հուսալի դավաճան
Գործերը սրտովդ չեն առաջ  գնում
Ու դու քայլում ես կարծես նույն տեղում․

Ուզում ես ուզել, ու նորից սկսել
Բայց հավեսդ ափսոսանքի անգամ չի կարող ձգել
Նորից ու նորի՞ց, ամեն բան սկզբի՞ց
Չմոռանաս սկսել ինքդ քեզանից․․․․

воскресенье, 26 августа 2018 г.

Արդարություն
Արդարություն, որ պատի տակ ես կուչ եկել
Արթնացիր ահա, ու դարձիր ետ՝ ինձ,
Ազնվություն, ո՞ր բառի տակ ես դու ծնկել
Կամ ո՞ր շահից է մեջքը քո կքել,
Ճիշտն ու սխալը ձեռք ձեռքի տվել
Հեշտության ուղուն են իրենց ոտքը մեկնել,
Երջանկությունը գրքային բառ է դարձել
Ու կիրառությունից էլ արդեն դուրս եկել,
Իսկություն, պատրանքն է ահա քեզ գրկել
Ու դու խեղդվում ես, չես կարող էլ  փրկվել․

Իմաստ, որ գրքում քեզ փնտրեմ
Որերրորդ բաժակի ումպից համտեսեմ,
Քանի կոշիկ փողոցում մաշեցնեմ
Քանի քանիսին ես կյանքի կոչեմ,
Քանիսի ձեռքից ընկնեմ ու ելնեմ
Ու քանի անգամ ես մոխրից ծնվեմ
Որ անիմաստությունից իմաստ ես քամեմ,
Արդարություն ետ դարձիր դու ինձ...


Գժերին սիրում են

Գժերին սիրում են, նրանց չեն իշխում
Նրանց մասին  հոգ են տանում ու ստանում նվիրում
Նրանց խենթություններից երբեք չեն նեղսրտում
Գժերը սիրում են առանց երկմտում
Նրանք հավատում են ու ազնվորեն բացվում
Նրանց կսպանի ամեն սուտ մղում
Նրանք ուժեղ են երբ սեր չեն շնչում
Նրանց սպառնում է այն սերը որ ճոճվում է օդում
Նրանք ընկնում են այն սրից որ կոչվում է անազնվություն
Գժերին սիրում են, նրանց չեն ստում․․․․․

четверг, 23 августа 2018 г.

Դու խոսում ես, անվերջ դու խոսում,
Անգիր արածդ ես աջ ու ձախ ցուցադրում
Խելքդ հորդում է անձրևի պես
Ու դառնում է ցեխ՝ հողին հասնելուն պես։


****
Դու քայլում ես հպարտ կեցվածքով
Ու մի բան է անցնում իմ մտքով
Մի՞թե առանց ողնաշար
Կա արդեն ապրելու ճար։

****                                                    <<Ձոն՝ դատարկ խորությանը >>
Գիժը

Դու ինձ գիժ էիր կոչում
ՈՒ գժի պես սիրում
"Իմս" էիր ինձ կանչում
Ու տաք համբույրը ճակատիս դրոշմում․
Հիմա արդեն գիժ չես զգում
ՈՒ ինքդ էլ քեզ չես պատկանում․
Հիմա արդեն գիժ չեմ ես
Ու չկամ էլ ես կարծես։


суббота, 18 августа 2018 г.

Ծովը իմ հոգում

Ես ծովում էի։ Շատ մարդիկ կային։ Առջևում հորիզոնն էր։ Բոսորագույն արևը մայր էր մտնում ծովի ընդերքը։ Ես լողում էի առաջ-առաջ, մինչ մարդիկ կորան տեսադաշտից։
Հեռու էի ափից, բայց արևը մեկ է  կանչում էր։ Ես չէի կարողանում կանգ առնել ու շրջվել ետ։ Ինչ-որ ուժ ինձ հրում էր առաջ ու ներքին մի խենթ ցանկություն ուզում էր, որ ալիքները հավերժ գրկեին ինձ ու իջեցնեին ընդերքը՝ արևի մոտ։ Այն բոսորագույն արևի, որ մայր էր մտել։
Ջուրը սառեց հանկարծ։ Շուրջս դատարկ ծովություն էր ու ես, միայն ես։
Պառկեցի ջրին ու հայացքս ուղղեցի անեզր երկնքին։
Հոգնել էի, շատ, ոչինչ չէի ուզում։ Առա՞ջ գնալ, ու՞ր։ Սուզվեցի ջրի տակ խենթի պես․․
Նետվել էի ափ։ Սրտիս զարկերը տարածվել էին մարմնովս մեկ․ ես շնչում էի, մատներս շոշափում էին ավազի հատիկները, ես զգում էի ընդերքից եկող արևի ջերմությունը։
Բնությունը փրկել ու գրկել էր ինձ․․․

понедельник, 6 августа 2018 г.

Ես թակում եմ քո սրտի դռները

Ես թակում եմ քո սրտի դռները
Ու կյանքի պատուհանով ներխուժում եմ ներս,
Ես սփռում եմ քո վրա իմ սերը
Ու մրսում եմ՝ չունենալով քեզ.
Ես թիկունքում ու կողքիդ եմ, տես
Երբ կանչում ես, ու երբ զգում եմ որ կարիքս ունես.
Բայց դու միշտ, միշտ դու հեռվում ես
Անգամ երբ արնաքամ եմ լինում ես
Անգամ երբ գոռում ու կանչում եմ քեզ...
Դառնություն է ծորում ամեն մի բառիցս
Սիրտս էլ սև է մութ գիշերվա պես
Արևոտ ժպիտս վաղուց արդեն սև է
Ու չեմ գտնում ինքս ինձ կարծես.
Թողնում եմ հիմա քո կյանքի տունը
Միջանցիկ քամուց մրսել ու ընկել եմ ես
Թող ինձ խնդրում եմ, չկանչես քո բունը
Չեմ կարող չգալ, բայց  չեմ փրկվի  էլ ես։
-դու լավն ես չէ? ասա՛,ասա՛.
-չէ՛, լավը չեմ.
-չէ՛, դու լավն ես, դու լավն ես.ասա՛,ասա՛,խնդրում եմ.
-հա՛, լավն եմ.
-հա՛, լավն ես, լավն ես,իսկապես,դու չգիտես, դու շատ լավն ես։

            «Հուսալքված ստի հառաչը»

суббота, 14 июля 2018 г.

 Ու գալիս է պահ

 Ու գալիս է պահ,որ դու դառնում ես համատարած մի հոգնածություն։ Երբ անզոր ես անգամ սիրել կամ ատել։  Միակ բանը որ կարող ես զգալ հոգնությունն է։ Ու հաճախ,մենության մեջ փորձում ես հանգստանալ․ հանգստանալ ամենից ու ամենքից, որ ուժ լինի հոգնածության կոշիկը նորից կրելու ու քայլելու, պարզապես քայլելու։ Առա՞ջ, չէ, կարևոր չի ուր, կարևորը կանգ չառնել, ուղղակի քայլել, անվերջ քայլել․․․․

воскресенье, 27 мая 2018 г.

Սեր
Կսրբեմ քո ճամփան ես իմ աղոթքով
Կբերեմ քեզ քաղցր հանգիստ իմ դառը արցունքով
Թևերս կպոկեմ ու քեզ վրա  կփռեմ
Ես չեմ ճախրի, բայց քեզ տաք կպահեմ։

Քո ծանր սուտը սրտումս կծամեմ կմարսեմ
Ու  մաքուր թեթևությունը հոգուցս քեզ կհրամցնեմ,
Քեզ ժպիտովս հանգստություն կբերեմ
Դրա արժեքը թերևս  միայն ես գիտեմ։

Գցիր Դիմակդ

Գցիր դիմակդ իմ բարեկամ
Ձուլվել է արդեն եսիդ այն
Թող խաղերդ՝ էժան ու անհամ
Եղիր այն ինչ կաս, գոնե մի անգամ
Ստերդ շաղ տալով ու ծուռ մտքիդ անսալով
Կհասնես այնտեղ ուր կուզես, բայց մի պայմանով․

Չի տրվի երբեք քեզ ոչ մի ազնիվ խոսք
Կմնա քեզ միայն անհոգի մարդկանց ամբոխ
Խաղերումդ կշահես, կստանաս գոհացում
Կկորցնես մաքուրն ու իրականը, կգտնես ուրացում
Փուչ խաղիդ գինը կդառնա պարտված հաղթություն առանց հատուցում։

среда, 11 апреля 2018 г.

Դարձիր ետ

Սիրտդ կախ, բայց քիթդ բարձր
Դու իմ բարեկամ քայլում ես առաջ
Մտքերդ մոլոր, քայլերդ հստակ
Գնում ես դու կյանքին ընդառաջ․

Փորձում ես հիշել ու հաճախ մոռանալ
Ստվերներ, որ սիրտդ են ստվերել
Հոգուդ դռներն էլ ջարդելով հեռացել
Բառեր, որ ականջներումդ են խրվել
Ու մտքիցդ  էդպես էլ չեն ջնջվել․

Միջանցիկ քամին քո լերկ հուշերի
Կգամի քեզ վշտի անկողնուն
Ու սառը դողը հուսալքության
Կգտնի քո  մարմնում ապաստան․

Անքուն գիշերների անպտուղ մտքերից
Կշաղախվի քեզ համար ամեն բան
Ու ցերեկների դատարկ դեպքերից
Սիրտդ կխառնի՝  դառնորեն,   լռելյայն․

Հոգուդ լռությունը բառերի ճիչով
Դու չես խլացնի ու սիրտդ հովացնի
Օտար մարդկանց, անօգուտ քանակով
Հարազատ միակիդ մոռացության չես մատնի․

Սիրտդ թաց դու բաց արևին
Քիթդ ցած դու ժպտա աշխարհին
Մտքերդ մոլոր, դու թող անցյալին
Քայլերդ էլ ուղղիր  դու քո ծաղկունքին
Հե՜յ, իմ բարեկամ, դարձիր ետ կյանքին։

понедельник, 2 апреля 2018 г.

Hug me

Hug me to the bones my love
Sway me till I use my mind
Look through me for I can feel I am loved
Make me feel like a soaring dove.
Be the one of a unique mankind
To revive me from a nap of crazy mind
Inhaling a hope which was in a depart
Exhaling a dispair that was tearing apart.
Hug me to the bones my love
Look through me for I can feel I am loved.

четверг, 29 марта 2018 г.

Օրհնություն

Խոսքդ խոստովանանքս է քո շուրթերով
Այն աղոթքս է՝ ելած քո սրտից
Օրհնությունդ է՝ վեր ամեն ինչից․
Եղել ես, կաս ու կլինես իմ աշխարհում
Ուր առանց քեզ քարը քարին չի մնում․
Խոսքդ ուղեցույցս է այս նենգ աշխարհում
Ուր անպաշտպան եմ, բայց քեզնով կանգուն․
Դու իմ մասնիկը տարար քեզ հետ
Ու թողեցիր քոնը ինձ, առհավետ․
Կլինենք հեռու, բայց կմնանք իրար հետ
Չկա սկիզբ ու ավարտ, մենք դա գիտենք,
Մնում է ասել, թող որ օրհնված լինենք։


воскресенье, 25 марта 2018 г.

Խատուտիկ

Խատուտիկ, արևի շողից ծնված ծաղիկ
Թևերդ պոկեցին հատիկ-հատիկ
Ու տվեցին քամուն` անհոգ երջանիկ։
Խատուտիկ, դու գարնան ծաղիկ
Փոքր, պարզ ու շատ անուշիկ,
Անձրևն ու քամին քեզ վնաս չտվեցին
Բայց դու բզկտվեցիր ճիշտ հենց այն պահին
Երբ բացեցիր   թևերդ այս գորշ աշխարհին։




воскресенье, 28 января 2018 г.

Կիսենք ու թողնենք

Արի կիսենք քաղաքը՝ կեսը ինձ,  կեսը քեզ
Արի կիսենք բույրերը, ծաղիկները
Կիսենք փողոցներն ու հուշերը․
Կիսել ենք իրար այնքան երկար
Որ ամեն հնարավոր ու անհնար բան
Դարձել է մերը, չկա մոռանալու ճար։

Ուրեմն արի կիսենք, կիսենք ամեն բան
Մեկը քեզ, մյուսը ինձ, որ հանգիստ թողնենք իրար
Շատը քեզ, քիչը ինձ, կամ հակառակը՝ ինչպես կամենաս.
Աշնանային գունեղ ու հիասքանչ անթառամները կտա՞ս,
Ձմռան փոքրիկ ու չքնաղ վարդերը՝ կարմիր ու սպիտակ
Գարնանային ամենաանուշաբույր ֆրեյզաները այն պարզ։


Կանգառները ուր գրկած կանգնում
Ու մոռանում, թե  ինչի ենք սպասում,
Փողոցները, որ ժամերով չափչում ու չէինք էլ հոգնում.
Այդ փողոցները դեռ  հիշում են մեզ
Մեր փողոցները կարոտել են մեզ, գիտե՞ս.
Մենք քայլում ենք՝ դու առանց ինձ, ես առանց քեզ,
Մենք քայլում ենք  արդեն առանց իրար,
Ուղղակի, այլևս հենց այնպես։

Չմոռանանք մեր եղանակները․
Մեր բաժանումների թաց աշունները 
Ցուրտ ձմեռներում իրար տաքացնող մեր սառած ձեռքերը
Գարունները մեր փթթող սիրո, ու քաղցր ժպիտների
Ամառները տաք ու խելառ, գժված օրերի։

Արի կիսենք նաև այն բոլոր մարդկանց,
Որ չեն պատկերացրել մեզ առանց իրար
Ու տեսնելուց ինձ կամ քեզ միշտ կտան խաբար։

Արի կիսենք հուշերը, լավագույնները միայն
Դա է մնում մեզ լոկ այս կյանքում ունայն,
Կիսենք ու թողնենք որ դրանք  գնան․․․



суббота, 27 января 2018 г.

Չեն գտնում այն, ինչ չեն փնտրում

Մեզ տրված մեկանգամյա, պարզ ու ոչ այդքան երկար կյանքում մենք ուզում ենք տեղավորեցնել կյանքի մասին պատկերացումների մի քանի մոդելներ։ Երբեմն այնքան ենք տարվում ուրիշներին գոհացնելու ու նրանց սպասումները արդարացնելու մտքով, որ մոռանում ենք մեր սեփականը։
Մենք փնտրում ենք նրանց ցանկությունները։ Մենք ապրում ենք նրանց երազանքը՝ մոռանալով մերը։ Միգուցե՝ պարզը, շատ ուրիշը, անհասկանլին, զվարճալին, բայց մերը՝ մեր իրականը․․․
Մարդիկ ուզում են գտնել այն ինչ չեն փնտրում։ Նրանք դժգոհ են այն ամենից ինչ ունեն մոռանալով, որ թերացել են այն հարցում, թե ինչ են ուզում։
Մենք շտապում ենք ապրել, շտապում անել այս կամ այն բանը, բայց անշտապ ու ալարկոտ ենք մեր ցանկությունների կողմնորոշման հարցում։
Բայց հենց ցանկություններն են, որ տանում են մեզ ինքնաբավության, երջանկության․․․
Իսկ ինչ ենք փնտրում մենք վերջիվերջո, պահանջների ու պահանջմունքների, կորուստների ու ձեռքբերումների արանքում եթե ոչ՝ երջանկություն․․․