воскресенье, 28 января 2018 г.

Կիսենք ու թողնենք

Արի կիսենք քաղաքը՝ կեսը ինձ,  կեսը քեզ
Արի կիսենք բույրերը, ծաղիկները
Կիսենք փողոցներն ու հուշերը․
Կիսել ենք իրար այնքան երկար
Որ ամեն հնարավոր ու անհնար բան
Դարձել է մերը, չկա մոռանալու ճար։

Ուրեմն արի կիսենք, կիսենք ամեն բան
Մեկը քեզ, մյուսը ինձ, որ հանգիստ թողնենք իրար
Շատը քեզ, քիչը ինձ, կամ հակառակը՝ ինչպես կամենաս.
Աշնանային գունեղ ու հիասքանչ անթառամները կտա՞ս,
Ձմռան փոքրիկ ու չքնաղ վարդերը՝ կարմիր ու սպիտակ
Գարնանային ամենաանուշաբույր ֆրեյզաները այն պարզ։


Կանգառները ուր գրկած կանգնում
Ու մոռանում, թե  ինչի ենք սպասում,
Փողոցները, որ ժամերով չափչում ու չէինք էլ հոգնում.
Այդ փողոցները դեռ  հիշում են մեզ
Մեր փողոցները կարոտել են մեզ, գիտե՞ս.
Մենք քայլում ենք՝ դու առանց ինձ, ես առանց քեզ,
Մենք քայլում ենք  արդեն առանց իրար,
Ուղղակի, այլևս հենց այնպես։

Չմոռանանք մեր եղանակները․
Մեր բաժանումների թաց աշունները 
Ցուրտ ձմեռներում իրար տաքացնող մեր սառած ձեռքերը
Գարունները մեր փթթող սիրո, ու քաղցր ժպիտների
Ամառները տաք ու խելառ, գժված օրերի։

Արի կիսենք նաև այն բոլոր մարդկանց,
Որ չեն պատկերացրել մեզ առանց իրար
Ու տեսնելուց ինձ կամ քեզ միշտ կտան խաբար։

Արի կիսենք հուշերը, լավագույնները միայն
Դա է մնում մեզ լոկ այս կյանքում ունայն,
Կիսենք ու թողնենք որ դրանք  գնան․․․



суббота, 27 января 2018 г.

Չեն գտնում այն, ինչ չեն փնտրում

Մեզ տրված մեկանգամյա, պարզ ու ոչ այդքան երկար կյանքում մենք ուզում ենք տեղավորեցնել կյանքի մասին պատկերացումների մի քանի մոդելներ։ Երբեմն այնքան ենք տարվում ուրիշներին գոհացնելու ու նրանց սպասումները արդարացնելու մտքով, որ մոռանում ենք մեր սեփականը։
Մենք փնտրում ենք նրանց ցանկությունները։ Մենք ապրում ենք նրանց երազանքը՝ մոռանալով մերը։ Միգուցե՝ պարզը, շատ ուրիշը, անհասկանլին, զվարճալին, բայց մերը՝ մեր իրականը․․․
Մարդիկ ուզում են գտնել այն ինչ չեն փնտրում։ Նրանք դժգոհ են այն ամենից ինչ ունեն մոռանալով, որ թերացել են այն հարցում, թե ինչ են ուզում։
Մենք շտապում ենք ապրել, շտապում անել այս կամ այն բանը, բայց անշտապ ու ալարկոտ ենք մեր ցանկությունների կողմնորոշման հարցում։
Բայց հենց ցանկություններն են, որ տանում են մեզ ինքնաբավության, երջանկության․․․
Իսկ ինչ ենք փնտրում մենք վերջիվերջո, պահանջների ու պահանջմունքների, կորուստների ու ձեռքբերումների արանքում եթե ոչ՝ երջանկություն․․․