Երկերես Պատերազմը
Հայացքով գրկել ու հրաժեշտ էր տալիս… Հայրենիքի ու իր արանքում ինքնաթիռի սառը պատուհանն էր։ Ծանրության ու զայրույթի զգացմունքները խառնվել էին իրար։ Չգիտեր՝ ատում է հայրենի՞քը, բա՞խտը, թե՞ ինքն իրեն։ Ուշ երեկո էր, երբ տաքսին կանգնեց իրեն հատկացված տան դիմաց։ Իջնելով մեքենայից` Կարենը կիսաժպիտով նայեց շուրջբոլորը, կարծես ողջունելով իրեն սպասվելիք կյանքը։ Մտքերի մեջ էր, երբ ճամպրուկների շխշխկոցը ու սևամորթ տաքսու վարորդի «բարի գիշերը» ետ բերեց նրան իրականություն, որն ավելի մոտ էր ու շոշափելի, քան իր անոտ մտքերը։ Այդ գիշեր աչք չկարողացավ կպցնել։ Անկողնում երկար շուռումուռ գալուց հետո՝ վեր կացավ, հագնվեց, և վերցնելով սիգարետը դուրս եկավ բակ։ Դրսում տաք ամառային երեկո էր, լիալուսնի լույսը ողողել էր ողջ բակը. իրեն հարազատ թաղերի թթենու ծառերի փոխարեն շուրջը երկարավիզ պալմաներն էին ու օտարությունը։ Սիրտը լիքն էր, իսկ ներսը դատարկ։ Հանեց գրպանից սիգարետի տուփը ու նայեց տպագրությանը՝ «Արարատ». սեղմեց տուփը ափի մեջ ու հաջորդ րոպեիս նա ալևս զանգ էր տալիս դեպի տուն. «մամ ջան, բարև, հա, հասել եմ..»...
Ու մարդ ու կին էլի գնում էին բակ՝ կանաչի ծախելու։ Միայն թե, էլ առաջվա կատակախոս կնոջից ու ժպտերես ամուսնուց մնացել էին լոկ իրենց դեմքերը՝ անկյանք ու դատարկ։ Գնորդները չէին էլ համարձակվում նույնիսկ ցավակցել, նախ՝ ուղղակի չէին կարող, համ էլ՝ ցավը շատ մեծ էր կցելու համար։ _Գիտես չէ՞, մի տղա ունեին միայն, մի լուսավոր ու խելացի տղա. մարդ ու կին ողջ օրը էստեղ, արևի տակ, անձրևին ու ցրտին, առավոտից մինչ երեկո, ժպիտնեը երեսներին իրենց բերքն էին վաճառում, որ հասցնեին վճարել ուսման վարձը, - խոսեց վաճառական Անո տատին՝ հանձնելով մրգերով լի տոպրակը իրենց հավատարիմ հաճախորդին։ Վերջինս աչքերը լցնելով պատասխանեց,
_Հա, գիտեմ, էդ մի մինուճար տղան ունեին։ Ամեն անգամ իրենցից գնումներ անելիս հիացմունքով պատմում էին, թե ինչ գերազանց է սովորում, ու ինչ սիրուն երազանք ունի՝ փրկելու էնքան կյանքեր ինչքան կարող է։
Դադար տալուց ու աչքերը սրբելուց հետո շարունակեց, _ Ափսոս, որ հողը մտավ ջահել-ջահել, թաղելով իր երազանքներն էլ..., _ ու չկարողանալով շարունակել՝ հեկեկաց։ Անո տատին հայացքով գրկել էր կնոջն ու սփոփում էր. գիտեր` պատերազմում բոլորն էլ կորցրել էին. ոմանք՝ ինչ-որ մեկի, ոմանք էլ՝ ինչ-որ բան։
_Երբ մեծանամ պիտի ինժիներ դառնամ, որ ժամանակի մեքենա սարքեմ, ու մարդիկ չծերանան, պապ։
-Իմ խելացի տղա, ապրես,- ասաց մայրը՝ հայացքը կտրելով համակարգչից։ Մտքերը
շուտով հավաքեց ու ավարտեց նախադասությունը. « պիտի պայքարել հանուն հայրենիքի, ոչ մի գին թանկ չէ հայրենիքի համար»։
_ Լիլիթ, դու հավատու՞մ ես գրածներիդ, _ ասաց Արսենը՝ հայացքը գցելով համակարգչի էկրանին։
_Հա, հավատում եմ Արսեն,- պատասխանեց Լիլիթը՝ շարունակելով միտքը. «մեր զավակները պիտի պայքարեն ու ապրեն ազատ ու բարգավաճող հայրենիքում»։
_Լիլիթ, դու պատրա՞ստ ես տղայիդ էլ ուղարկել պատերազմ հանուն հայրենիքի։
Լիլիթը հայացքը կտրեց էկրանից ու թունոտ նետեց,
_Ի՞նչ ես խոսում, Արսեն։ Կթողե՞ս հանգիստ գրեմ, գործերովդ եղիր։
Արսենը ոտից գլուխ հայացք նետեց վրան ու ավելացրեց,
_Հա, ես գնամ գործերս անեմ, որ դու օտարության մեջ տանջվես բարգավաճ կյանքով ու դատարկ-դատարկ պոստեր անես հայրենասիրության մասին։
Դուրս գալով սենյակից` Արսենը քայլեց դեպի մեքենան, ու վայրկյաններ անց նա այլևս չէր երևում հորիզոնում։
_Մամ, ես պիտի պատերա՞զմ գնամ։ Խնդրում եմ, ես չեմ ուզում։
_Չէ տղաս, - անհանգիստ ու հուզված ձայնով պատասխանեց Լիլիթը,- ես երբեք չեմ թողնի, որ գլխիցդ մազ պակասի։ Տղան ուրախ ժպտաց մորը ու շարունակեց ընդհատված խաղը։
-Հենց մեծանամ ուզում եմ զինվոր դառնալ, որ սպանեմ էնքան թուրք, ինչքան հնարավոր է, մա։ Ազնիվը դառը ժպիտով նայեց մե՛կ ութամյա տղային, մե՛կ էլ պատից կախված ամուսնու նկարին ու ոչինչ չասաց։ Օրերը սառն ու դառն էին Արևաշատ գյուղում։ Բախտի հեգնանքով, միակ արևը գյուղի անվան մեջ էր միայն։ Մարդիկ դարձել էին սովորականից ավելի լուռ, տղամարդիկ՝ սովորականից ավելի մռայլ, կանայք՝ հոգսերից ավելի կորացած ու ճերմակած, իսկ երեխաններն էլ խաղերում միայն զինվոր՝ սարից այն կողմ տեղակայված թշնամու զինվորների դեմ պայքարող։ Արևաշատ գյուղում օրը սկսում էր շատ վաղ ու ավարտվում գործերի վերջանալուն պես միայն։ Այստեղ փողոցները կնճռոտ էին ու խիստ ցեխոտ, տներն էլ ծուռ ու մուռ՝ էդտեղ ապրող մարդկանց բախտի պես։ Աքաղաղի ծուղրուղուն էր ազդարարում օրվա սկիզբը՝ հանելով մարդկանց իրենց տաք անկողիններից։ Տղամարդիկ օրը սկսում էին մի բաժակ սուրճով ու սիգարետով. օրվա վերջում կորում էր թե՛ արված գործերի, ու թե՛ սուրճի ու սիգարետի հաշիվը։ Ազնիվը, գյուղի մյուս կանանց պես արթնանում էր բոլորից մի ոտ շուտ. հոգսերը շատ էին, իսկ օրն էլ՝ կարճ։ Հերթական առավոտն էր. ծուղրուղուն դեռ չէր կանչել, արևն էլ դեռ վեր չէր կացել սարի ստորոտից։ Ազնիվը փութկոտ վեր կացավ անկողնոց, հագնվեց, առանց հայելու մեջ նայելու երկար վարսերը հյուսեց ու դարսեց գլխավերևում։ Մանրիկ քայլերով մոտեցավ ու բացեց բակի ճռռացող դուռը. առավոտյան սառը օդը սրթսրթացրեց։ Կոճկելով հնամաշ ժակետի կոճակները՝ Ազնիվը փութկոտ հագավ ռեզինե կոշիկնեը ու քայլերն ուղղեց բակ. ոտքերի մոտ հավաքված հավերին կեր նետեց, շան լափամանի մեջ նախորդ օրվանից մնացած ուտելիքի մնացորդներն ու ջուր լցրեց, այնուհետ բացեց անասնագոմի դուռը։ Այստեղ բառաչելով Ազնիվին էր սպասում Ծաղիկ կովը։ Շոյելով կովի գլուխը ու վերցնելով փոքրիկ աթոռակը՝ նա նստեց կովին հակադիր. ալյումինե դույլը պարզեց որովայնի տակ ու հմտորեն պտուկները առնելով սառած մատների մեջ՝ դատարկեց տաք կաթը։ Մտքերի մեջ էր, երբ լսեց հերթապահ հովվի ձայնը։ Դույլը մի կողմ պարզելով՝ Ազնիվը հանեց երկու զույգ ոչխարներին հովվին ընդառաջ։ Արևն արդեն վեր էր կացել սարերի ստորոտից։ Պարզելով դեմքը դեպի ջերմացնող գունդը ու այտերի վրա զգալով արևի շողերը՝ Ազնիվը հաճույքից փակեց աչքերը՝ կորելով մոռացության րոպեում. լավ է, այսօր հովվության իր հերթը չէր։
«Իսկ նա չգիտեր, որ կյանքը կշարունակվի, ու մարդիկ կսկսեն ապրել նորից. որ էդ կյանքում էլի կլինի ամեն բան՝ բացի իրենից. որ կյանքը կշարունակվի այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել ։ Միայն թե մենք, ուրվականների պես կթափառենք ապրողների մեջ, մեր ներկայությամբ հիշեցնել տալու մոռացված ցավը, որ հոսում է մեր մեջ, օրից օր, առավոտից մինչ իրիկուն։ Լավ է, նա չի իմանա էդ մասին։Կյանքը աներեսաբար կշարունակվի նորից, բայց, առանց նրա»..
_Տիկին Անահիտ ձեզ գինի լցնե՞մ,-մատուցողի հարցը ետ բերեց տիկին Անահիտին իրականություն՝ որդու՝ Հայկի լավագույն ընկերոջ հարսանիքին։
_ Չէ, շնորհակալ եմ տղաս։
_Տիկին Անահիտ, ես հպարտանում եմ ձեզանով, ձեր կամքով, ձեր տղայի շնորհիվ է, որ մենք բոլորս էստեղ ենք, ապրում ենք, _ խոսեց միջահասակ տարիքի մանկահասակ կինը՝ մոտենալով տիկին Անահին։ Վերջինս մեղմ ժպտաց, բայց ոչինչ չգտավ ասելու։
_Ազնի՜վ, ա՜յ Ազնիվ,-ձայն էր տալիս հարևան Համեստը՝ բակի մոշերի արանքից։ Ազնիվը հայացքը կտրեց հողից, փոշոտ ափը պազեց ճակատին ու կկոցելով աչքերը նկատեց մոշի թփերի արանքից ծիկրակող Համեստին։
Համեստը ուժեղ կամքի տեր մանկահասակ մի կին էր։ Հոգսերն ու սառը, դառը օրերը չէին կարողացել ոչ սառեցնել ոչ էլ դառնացնել նրա արևոտ տեսակը։ Ժպիտը միշտ դեմքին, զրնգուն ձայնով Համեստը սիրում էր կյանքը ինչպես որ է, սիրում էր իրենց սարի գլխին տեղակայված փոքր գյուղը՝ իր ծուռ ու մուռ տներով, լայն ու ցեխի մեջ կորած փողոցներով ու էնտեղ ապրող բոլոր համագյուղացիներով։ Ամեն օր, կեսօրին, երբ երեխաները դպրոցում էին, ամուսիններն էլ հանդում կամ սարում, կանանց կտրում էր իրենց՝ ավարտ չունեցող գործերից ու կանչում սրճխմության։ Այդժամ հավաքվում էին գյուղի կանայք կեսօրի կենսատու սրճի սեղանի շուրջ ու վայելում ոչ միայն սուրճն այլև՝ իրենց կանացի խոսակցությունները։ Չգիտես՝ սուրճի՞ց, թե՞ խոսակցություններից թեթևացած, կանայք լիցքավորվում էին ու հրաժեշտ տալով միմյանց անցնում իրենց առօրյա հոգսերին։
_Բարև Համեստ ջան։ Ի՞նչ է պատահել։
_ Այ տնաշեն, ի՞նչ պիտի պատահի, ու՞ր է երկու օր է չկաս։
Ազնիվը վեր կացավ, ուղղեց կորացած մեջքը ու ձեռքերը կողքերը պարզելով՝ կարծես արդարանալով ասաց,
_ Այ Համեստ ջան, ախր ես մենակ եմ, հոգսս էլ շատ։ Չեմ հասցնում։
Համեստը խեթ-խեթ նայեց Ազնիվին ու զայրացկոտ նետեց,
_ Ես էլ եմ հա՞ մեռել։ Ինչի՞ մի բերան ձեն չես տալիս,- ու չթողնելով որ Ազնիվը պատասխանի՝ նեղացկոտ վրա բերեց,- հա, դե իհարկե, մենք հո ընկերներ չենք, համ էլ մարդ կա շա՜տ հպարտ է։
Ազնիվը ջերմորեն ժպտալով առաջացավ դեպի Համեստը,
_Ախր էնպես չէ, որ քո գործերն էլ քիչ են, Համեստ ջան։ Քեզ հո քո գործերից չե՞մ կտրելու որ իմն անես։
Համեստ ոտքից գլուխ չափեց Ազնիվին ու ասաց,
_Հ՞ն, էս հողը պիտի վարես, չէ՞,- ու առանց պատասխան սպասելու հեռացավ։
Րոպեներ անց մոշերի թփերի արանքում երևաց Համեստը՝ բահը ձեռքին։ Ազնիվն ուզում էր բան ասել, բայց Համեստը լռեցրեց վրա բերելով. «Անցանք գործի»։ Ազնիվը հիացմունքով ու երախտապարտությամբ լի հայացք ձգեց Համեստի վրա ու ոչինչ չասելով առավ բահն ու մեջքը դեմ տալով արևին անցավ գործի։
_Ախպերս, մենք ուրիշ թիվ էինք պայմանավորվել էս գործի համար,- զայրույթը մի կերպ զսպելով խոսում էր Կարենը։
_Հա, ուրիշ բան էինք խոսել, բայց հիմա էսա, էս գործը էժանով անող լիքը մեքսիկ կարամ բերեմ։ Չես ուզում՝ մի արա,-ինքնավստահ ու անտարբեր խոսում էր Գարիկը՝ ձեռքի մեջ վերջին մակնիշի մերսեդես մեքենայի բանալիները ճոճելով։
Կարենը հասկանում էր, որ իմաստ չունի ոչ մեջ բերել իրենց՝ հայրենակիցներ լինելու փաստը ու ոչ էլ ազնվության նարատիվներ կարդալ։ Փոխարենը՝ հաշտվեց այն հանգամանքների հետ որում որ հայտնվել էր ու խզված ձայնով նետեց,
_Լավ, կանեմ։ Գիտես, որ գլուխս պիտի պահեմ։ Գարիկը ժպտաց, սեղմեց Կարենի ձեռքը ու քայլերն ուղղեց դեպի մեքենան։ Փորը խցկելով իր ու ղեկի արանքում, նա սլացավ փողոցն ի վար՝ թողնելով Կարենին փողոցում շվարած-կանգնած։
Գարիկը վաղուց էր գնացել, իսկ Կարենը գամվել էր տեղում ու ընկել մտքերի մեջ։
Լիլիթ, էլի՞ էդ անիծյալ էկրանի դիմաց ես։ Տեսե՞լ ես տանդ վիճակը,- զայրացկոտ դիմեց Արսենը Լիլիթին։
Լիլիթը շանթահարվածի պես տեղից վեր թռչելով կլորացրեց աչքերն ու հարձակվեց Արսենի վրա,
-Արսեն, ես քեզ համար ո՛չ մաքրուհի եմ, ո՛չ էլ սպասուհի։ Չհամարձակվե՛ս հետս նորից էդպես խոսել, լսեցի՞ր։
Հիասթափության ու զզվանքով լի հայացք նետելով կնոջ վրա Արսենը հեգնական նետեց,
_Չէ իհարկե, ներեցեք, դուք էս՝ տուն կոչվող հիմնարկի տնօրենն եք, ես էլ հասարակ աշխատող, որ պարտավոր է օրն ի բուն աշխատել ու ձեզ գոհացնել։ Ներեցեք նվաստիս, որ կտրեց ձեզ շա՜տ կարևոր գործերից. ախր էդքան խելք չունեմ, որ հասկանամ, հայրենիքը ու էդ համացանցը կանգուն են քո պոստերի ու մեկնաբանությունների շնորհիվ։
Լիլիթը վիրավորված մեջք արեց Արսենին ու ինչ-որ բան մրմրթալով դուրս եկավ տանից։
_Ալո, բարև Ան, տա՞նն ես։ Չէ, բան չի եղել, հիմա կգամ քո հետեվից մի քիչ դուրս գանք ցրվելու։ Ան, հիշու՞մ ես, որ էն գործի առաջարկը մերժել էի. կարա՞մ ընդունեմ հիմա. եթե կարճ ժամանակով աշխատելը խնդիր չի լինի։
-Ֆելիքս ջան, էս վերջին կանաչիներն են մնացել, ցուրտ է, միգուցե արդեն տու՞ն գնանք,-սառած ափերը իրարով անհույս տաքացնելու փորձերից հետո ալեհեր Նարինեն դիմեց ոչ պակաս սառած, բայց, ցրտին դեռ դիմադրող ամուսնուն։
_Լավ Նարին ջան, գնանք, էսօր առևտուրը էլի վատ չէր։
_Հա Ֆելիքս ջան, Փառք Աստծո։
Այր ու կին հավաքելով մնացյալ կանաչիները ու դարսելով արկղերը խորհրդային տարիներից մնացած հնամաշ մեքենայի մեջ՝ շտապեցին տուն։
Տան լույսերը չէին վառվում. իրենց տանը սպասող չունեին։ Մեքենան կայանելով բակում ու վերցնելով օրվա բերքի մնացորդը՝ նրանք քայլերն ուղղեցին տուն։ Ներս մտնելով՝ Նարինեն շտապեց միացնել վառարանը ու թեյնիկը դնել գազօջախին։
Րոպեներ անց վառարանը թեժացավ՝ տաքացնելով սառած տան հնամաշ պատերը։
Նարինեն թեյի համեստ սեղան գցեց ու խոտաբույսերով անուշաբույր թեյը մեկնեց սեղանին։ Ամուսիններով նստել էին փոքրիկ խոհանոցի նեղ սեղանի շուրջ ու անշտապ վայելում էին տաք թեյն ու օրվա բարիքները՝ բալի մուրաբա, պանիր ու կանաչի։
«Փառք Աստծո», «Տիրոջ կամքով»... ու էսպես Աստծուն հենարան առած, անաստված իրողությունները քարշ տալու ուժ ձեռք բերելու հույսով, կյանքի թեք ու անհարթ ճանապարհներով ընթանում են՝ իրենցից հույսները կտրած, բայց Աստծուն ապավինող խենթ ու խելառ մարդիկ։
/մշակվող-շարունակելի/
Комментариев нет:
Отправить комментарий