«Դու չես կարող մեղադրել ինձ իմ զգացմունքների համար». ասել էր նա ինձ ու լալահառաչ սուտը կախել նրանց ականջներին։ Ինձ էլ բաժին էր հասել դառը ճշմարտությունը՝ ճաշակելու նրա քաղցր երկդեմությունը։ Սուտը փրկության օղակ է՝ իր ստերի ճահճում խեղդվող մարդու համար. ես դա հասկացա փոքր ինչ ուշ՝ էդ ճահճում անհույս թավալվելուց հետո։ Նա լալիս էր, նա ցավ էր խաղում, ու հանդիսատեսը նրան «բիս» էր կանչում։ Ես էլ բեմելուց հեռու էի այնքան, որ գլուխս կախ որոշեցի բռնել իմ ճամփան։
Հիմա ժպիտն է կախվել նրա անդեմ դեմքին, ու խաղերն արդեն փոխել են հանդիսատեսին։ Երկդեմ տեսակը անդեմ է նրանց քիմքին, բայց նրանք ժպտում են կրկին. միայն թե «բիս» չեն կանչում նրանք....
- Ու՞մ հույզերի ուսապարկն ես ուզում վերցնել, եթե, ինչպես ասում ես՝ քո ուսերն էլ կորացել են ծանր ապրումներիցդ։ Ինչքա՞ն արժի՝ սերդ, հիասթափությունդ ու ցավդ, որ սիրտդ արդեն կիսաբաց ես արել ու տենչում ես ապաստանելու Նրան։ Ո՞վ ես դու։
Բառերը փամփուշտների պես դուրս էին պրծնում Լևոնի շուրթերից։ Հասցեատերը միջահասակ տարիքի լղար մի կին էր՝ կորացած ուսերով, բարակ ձեռքերի վրա կախված՝ երկար ու չորուկ մատներով, որ հուզմունքից դողում էին, ու հանդուգն արծվաքթով, որի ռունգները ուռել էին զայրույթից ու թվում էր, թե ուր որ է կհրաբխեն: Շուտով սակայն՝ դուրս պրծած լայն բերանը բացվեց անկաշկանդորեն։
-Դու իրավունք չունես ինձ մեղադրելու։ Ես ինքնամոռաց փորձել եմ լինել էն ամենը ինչի կարիքն ունեցել ես, Լևոն, ու դա քեզ քիչա եղել։ Հա՛, ես հավանում եմ Նրան, բայց մի՛ մոռացիր, թե ով է սեպը խրել մեր մեջ։ Ի՞նչ աղջիկ ընկեր, խոստովանի, որ տարվել ես նրանով։ Չնայած՝ ինչու՞ եմ զարմանում. դու անգամ Գոհարի հետ էիր անհարիր պահում. Գոհարի՛՝ մեր ընկերոջ։
Լևոնը ապշահար փորձում էր մտքերի տարափից դուրս գալ ու վերջապես խոսեց։
- Լու՞րջ։ Ի տարբերություն քեզ՝ ես այն եմ ինչ կամ, ինչ զգում եմ, մտածում, խոսում ու գործում։ Գոհարն ինձ թանկ ընկեր է ու էն ինչ կոչում ես անհարիր պահվածք՝ ընդհամենը ջերմ ընկերական դրսևորումներ են եղել ու հենց քո՛ աչքի առաջ. անհարիր պահվածք, հա՞. գոնե ամաչեիր ընկերուհուցդ, անգամ նրան չես վստահում։ Ես ընկեր ունեի. ընդամենը ընկեր ու քեզ իմանալով վախենում էի անգամ ասել, ու ոնց տեսնում ես՝ վախերս զուր չէին։ Դու՞ ինչ արեցիր: Սարքեցիր ինձ հրեշ, որ ուրիշի սրտի ուսապարկը վերցնե՞ս, խցկվես նրա կյա՞նք, ու կարողանաս արդարացնե՞լ քեզ։ Դրա մասին էլ ե՞ս պատմել նրանց, թե՞ դա հարիր չէ էն կերպարին, որ ստեղծել ու խաղում ես։ Քո ողջ կյանքնա խաղ. ցավում եմ քո համար ու շնորհակալ եմ, որ մղեցիր ինձ էն կյանքին՝ որում եմ։
-Շատ ուրախ եմ քեզ համար։ Ուրեմն, հանգիստ թող ինձ, Լևո՛ն։
-Կթողնեմ, Ստելա,- ասաց Լևոնը խորը հառաչով ու դուրս եկավ տանից։
Գիշերը կախվել էր երկնքի վրա, լուսինն էլ աղոտ լուսացնում էր շուրջբոլորը։ Ստելան վերցնելով սիգարետի տուփը՝ դուրս եկավ ետնաբակ։ Հայացքը հառելով երկնքին նա խորը շունչ քաշեց ու թեթևացած արտաշնչեց իրեն անհաճո մտքերը։
«Ես ամեն բան ճիշտ եմ արել՝ ճիշտ ուրիշների հանդեպ։ Հիմա կանեմ այնպես, ինչպես հարմար է ինձ։ Էլ չեմ ուզում գոհացնել սրան-նրան, լինել հարմար, որ լինեմ սիրելի. ես ինձ եմ ընտրում՝ իմ ճշմարտությունը։ Թող գրողի ծոցը կորեն բոլոր նրանք ովքեր ինձ հետ չեն։ Իսկ դու՝ Լևոն, պատասխան ես տալու ամեն արցունքիս համար, կորսվածս տարիների, իմ փոխարեն՝ քեզ ընտրելու ու հիասթափությանս համար։ Ես կկառուցեմ ինձ ու իմ կյանքը նորովի ու դու դրա ականատեսը կլինես։ Ես կվեցնեմ քեցնից էն ամենը ինչ թանկ է՝ ճիշտ էնպես, ինչպես դու, երբ քանդեցիր տունս։» Ստելայի մտքերն ընդհատվեցին կրակայրիչի չխկոցով, ու այրվող սիգարետի դառնահամը ողողեց բերանը։
Սերը եթերային զգացում է, բայց, ծանր աշխատանք՝ առանց երաշխիքի։ Այն անպայման է, անձնուրաց ու կարող է քեզ կուլ տալ. բայց դու հոժար ես կուլ գնալ նրան։ Երբ զգաս, որ հողն ամուր է ոտքերիդ տակ, հաջորդ րոպեիս այն կփախնի։ Դու կփորձես՝ շտկել, մեղադրել, պայքարել, բայց, զուր. սերը սակարկել չի սիրում։ Այն ակնթարթ է ու պարգև, երբ կա, պիտի ապրես ու գոհանաս, երբ հեռանա, պիտի ճամփես՝ սիրտդ արևին հանձնած, որ չորանա։ Թե ներսումդ ես-ն է արթնացել ու զայրույթը սրտովդ մեկ է լցվել, սերն արդեն այնտեղ չէ։
-Բարև, տղաս, ո՞նց ես։
-Բարև, մամ, լավ, ի՞նչ կա, ո՞նց եք։
-Լավ ենք տղաս։ Գիտե՞ս՝ Ստելայի հետ էինք խոսել վերջերս. նա քեզ սիրում է տղաս, մի՞գուցե փորձեք շտկել ամեն բան։
Հեռախոսի մյուս կողմում լռություն էր: Լևոնը ափով սեղմեց դեմքը ու խորը հոգոց հանելով՝ պատասխանեց, -Մամ, գործեր ունեմ. կզանգեմ։ Աչքերի առաջ եկան Ստելայի նոթերը իր սիրո մասին, բայց, ուղղված ոչ իրեն, այլ ուրիշին՝ իր գնացած, բայց չմոռացված անցյալից մի երիտասարդի։ Չէր հավատում էն ամենին ինչ կատարվում էր իր կյանքում։ Վերցրեց հեռախոսը ու նորից միացրեց ձայնագրությունը, որ լսել էր ողջ գիշեր։
Կանացի վրդովված ձայնը, որ խոսում էր՝ Ստելան էր. «Դա ինձ ի՞նչ ընկեր՝ մի փոքր ճիճու է, որին հանդուրժում էի, իսկ մնացածը մորթապաշտների ու պնակալեզների մի կույտ։ Եթե որևէ մեկը պաշտպանի Լևոնին՝ ուրեմն կգնա գրողի ծոցը։ Թող ընտրեն….»
Կրծքավանդակում ինչ - որ բան ծանրացած սեղմվում էր։ Վերցրեց հեռախոսն ու զանգեց։
-Բարև, Ստելա, լա՞վ ես։
-Բարև, Լևոն, հա, դու՞։
-Լավ։ Ճիշտն ասած, ուզում էի հասկանալ, քանի որ որոշեցինք մնալ ընկերներ՝ կարո՞ղ ենք գնալ Գոհարենց հյուր: Դե, որպես հասուն մարդիկ։
-Հա, ես խնդիր չեմ տեսնում,- հանգիստ պատասխանեց Ստելան։
-Լավ. շատ լավ. առայժմ։
-Պակա,- ասաց Ստելան ու անջատեց հեռախոսը։
Լևոնը ականջից ցած դրեց հեռախոսը ու ընկավ բազկաթոռին։ Ականջների մեջ խշշուն էր, սիրտն էլ անկարգ խփում էր։ Իր ապրած տարիները մշուշի միջից անցնում էին աչքի առաջ։ Կարծես, կյանքը, որ տարիներով կառուցել էր՝ իրենը չէր, կինը որին ինքնամոռաց սիրել էր՝ ուրիշ մեկն է եղել՝ հորինվածք։
-(շարունակելի)