Կգտնես դու ինձ
Երբ զգամ ես ինձ կորսված
Ու անզոր ինքս ինձ դարմանելու,
Ծնկի կգամ ես քո դռան առաջ՝
Գլուխս կախ ու մի բուռ դառած.
Հողեղեն իմ էությամբ՝ փշուր-փշուր եղած,
Կփլվեմ ես քո՝ ամենազոր մեծության առաջ.
Քո գթասրտությամբ՝ ներսս ողողված
Զգալով քո գրկում՝ ապահով ու սիրված
Կողբամ ես՝ սիրտս քեզ հանձնած։
Հառաչս՝ թև առած կտա արձագանք,
Որ լսես դու ինձ ու խոսես՝ անբառ ու անհարց։
Ներսս կնայես ու կգրկես ուսերս կորացած՝
Վերցնելով բեռը վերքերիս՝ բալասան պարզած։
Ու հայացք գցելով վեր՝ շունչ կառնեմ ես՝
Հողեղեն աշխարհից այս վերացած ու խաղաղված։
Երբ զգամ ես ինձ կորսված, կգտնես դու ինձ…