вторник, 15 сентября 2026 г.

 
«Դու չես կարող մեղադրել ինձ իմ զգացմունքների համար». ասել էր նա ինձ ու լալահառաչ սուտը կախել նրանց ականջներին։ Ինձ էլ բաժին էր հասել դառը ճշմարտությունը՝ ճաշակելու նրա քաղցր երկդեմությունը։ Սուտը փրկության օղակ է՝ իր ստերի ճահճում խեղդվող մարդու համար. ես դա հասկացա փոքր ինչ ուշ՝ էդ ճահճում անհույս թավալվելուց հետո։ Նա լալիս էր, նա ցավ էր խաղում, ու հանդիսատեսը նրան «բիս» էր կանչում։ Ես էլ բեմելուց հեռու էի այնքան, որ գլուխս կախ որոշեցի բռնել իմ ճամփան։
Հիմա ժպիտն է կախվել նրա անդեմ դեմքին ու խաղերն արդեն փոխել են հանդիսատեսին։ Երկդեմ տեսակը անդեմ է նրանց քիմքին, բայց նրանք ժպտում են կրկին. միայն թե «բիս» չեն կանչում նրանք....

- Ու՞մ հույզերի ուսապարկն ես ուզում վերցնել, եթե, ինչպես ասում ես՝ քո ուսերն էլ կորացել են ծանր ապրումներիցդ։ Ինչքա՞ն արժի՝ սերդ, հիասթափությունդ ու ցավդ, որ սիրտդ կիսաբաց ես արել ու տենչում ես ապաստանելու Նրան։ Ո՞վ ես դու։

Բառերը փամփուշտների պես դուրս էին պրծնում Լևոնի շուրթերից։ Հասցեատերը միջահասակ տարիքի լղար մի կին էր՝ կորացած ուսերով, բարակ ձեռքերի վրա կախված՝ երկար ու չորուկ մատներով, որ հուզմունքից դողում էին, ու հանդուգն արծվաքթով, որի ռունգները ուռել էին զայրույթից ու թվում էր, թե ուր որ է կհրաբխեն: Շուտով սակայն՝ դուրս պրծած լայն բերանը բացվեց անկաշկանդորեն։

-Դու իրավունք չունես ինձ մեղադրելու։ Ես ինքնամոռաց փորձել եմ լինել էն ամենը ինչի կարիքն ունեցել ես, Լևոն, ու դա քեզ քիչա եղել։ Հա՛, ես հավանում եմ Նրան, բայց մի՛ մոռացիր, թե ով է սեպը խրել մեր մեջ։ Ի՞նչ աղջիկ ընկեր, խոստովանի, որ տարվել ես նրանով։ Չնայած՝ ինչու՞ եմ զարմանում. դու անգամ Գոհարի հետ էիր անհարիր պահում. Գոհարի՛՝ մեր ընկերոջ։ 

Լևոնը  ապշահար փորձում էր մտքերի տարափից դուրս գալ ու վերջապես խոսեց։

- Լու՞րջ։ Ես այն եմ ինչ կամ, ինչ զգում եմ, մտածում, խոսում ու գործում։ Գոհարն ինձ թանկ ընկեր է ու էն ինչ կոչում ես անհարիր պահվածք՝ ընդհամենը ջերմ ընկերական դրսևորումներ են եղել ու հենց քո՛ աչքի առաջ. անհարիր պահվածք, հա՞. գոնե ամաչեիր ընկերուհուցդ, անգամ նրան չես վստահում։ Ես աղջիկ ընկեր ունեի ու քեզ իմանալով վախենում էի անգամ ասել, ու ոնց տետնում ես՝ վախերս զուր չէին։ Դու՞ ինչ արեցիր: Սարքեցիր ինձ հրեշ որ ուրիշի սրտի ոոսապարկը վերցնե՞ս ու խցկվես նրա կյա՞նք, ու կարողանաս արդարացնե՞լ քեզ։ Դրա մասին էլ ե՞ս պատմել նրանց, թե՞ դա հարիր չէ էն կերպարին, որ ստեղծել ու խաղում ես։ Քո ողջ կյանքնա խաղ. ցավում եմ քո համար ու շնորհակալ եմ, որ մղեցիր ինձ էն կյանքին՝ որում եմ։

-Շատ ուրախ եմ քեզ համար։ Ուրեմն, հանգիստ թող ինձ, Լևո՛ն։

-Կթողնեմ, Ստելա,- ասաց Լևոնը խորը հառաչով ու դուրս եկավ տանից։

Գիշերը կախվել էր երկնքի վրա, լուսինն էլ աղոտ լուսացնում էր շուրջբոլորը։ Ստելան վերցնելով սիգարետի տուփը՝ դուրս եկավ ետնաբակ։ Հայացքը հառելով երկնքին նա խորը շունչ քաշեց ու թեթևացած արտաշնչեց իրեն անհաճո մտքերը։

«Ես ամեն բան ճիշտ եմ արել՝ ճիշտ ուրիշների հանդեպ։ Հիմա կանեմ այնպես, ինչպես հարմար է ինձ։ Էլ չեմ ուզում գոհացնել սրան-նրան, լինել հարմար, որ լինեմ սիրելի. ես ինձ եմ ընտրում՝ իմ ճշմարտությունը։ Թող գրողի ծոցը կորեն բոլոր նրանք ովքեր ինձ հետ չեն։ Իսկ դու՝ Լևոն, պատասխան ես տալու ամեն արցունքիս համար, կորսվածս տարիների, իմ փոխարեն՝ քեզ ընտրելու ու հիասթափությանս համար։ Ես կկառուցեմ ինձ ու իմ կյանքը նորովի ու դու դրա ականատեսը կլինես։ Ես կվեցնեմ քեցնից էն ամենը ինչ թանկ է՝ ճիշտ էնպես ինչպես դու, երբ քանդեցիր տունս։» Ստելլայի մտքերն ընդհատվեցին կրակայրիչի չխկոցով, ու այրվող սիգարետի դառնահամը ողողեց բերանը։

(շարունակելի)

пятница, 17 июля 2026 г.

 Կգտնես դու ինձ


Երբ զգամ ես ինձ կորսված

Ու անզոր ինքս ինձ դարմանելու,

Ծնկի կգամ ես քո դռան առաջ՝

Գլուխս կախ ու մի բուռ դառած.

Հողեղեն իմ էությամբ՝ փշուր-փշուր եղած,

Կփլվեմ ես քո՝ ամենազոր մեծության առաջ.

Քո գթասրտությամբ՝ ներսս ողողված

Զգալով քո գրկում՝ ապահով ու սիրված

Կողբամ ես՝ սիրտս քեզ հանձնած։


Հառաչս՝ թև առած կտա արձագանք,

Որ լսես դու ինձ ու խոսես՝ անբառ ու անհարց։

Ներսս կնայես ու կգրկես ուսերս կորացած՝

Վերցնելով բեռը վերքերիս՝ ինձ ծնկի բերած։


Ու հայացք գցելով վեր՝ շունչ կառնեմ ես՝

Հողեղեն աշխարհից այս վերացած ու խաղաղված։

Ուսերս էլ ծուլորեն կկախվեն ցած ու ներսումս չի մնա ոչ մի հարց։

Կլինեմ ես իմ ակնթարթում՝ ներսումս պահելով այն՝ ինչ սիրտս է զարդում։


 Երբ զգամ ես ինձ կորսված, կգտնես դու ինձ…

среда, 3 июня 2026 г.

 Ցասում

Իմ ցասումը կլինի լուռ… Երբ կարծես, թե ինձ գետնովն ես տվել ու օտարացրել ինքս ինձանից, ես կթակեմ դռները հոգուդ ու անհրավեր կսուրամ ես ներս։ Կքանդեմ ես քեզ ու լուռ կանձրևեմ, որ սրբեմ փոշին ավերակների։

Կթվա, թե մոռացել եմ, իսկ ես կպարպեմ ցավերն իմ ձցված ու ինչպես հուժգին ամպրոպից առաջ՝ մի լավ կգոռամ, որ  շանթահարեմ։

Կշառաչեմ ես վարար գետի պես ու կսրբեմ ճամփիցս ամեն խոչընդոտ, կսլանամ ես ճամփովն իմ անխաղտ ու կխաղաղվեմ, երբ ափիս հասնեմ։

Կտաքացնեմ քեզ սրտիս ստորոտում, իսկ օջախն ամրոցիս ես թեժ կպահեմ, որ երբ հանդգնես պարիսպն իմ քանդել, ես ժայթգեմ անգութ՝ այրեմ, մոխրացնեմ ու մրմուռն անցյալի մրուրով պատեմ։

 Իմ ցասումը կլինի լուռ… Երբ կարծես, թե ինձ գետնովն ես տվել ու օտարացրել ինքս ինձանից, ես կնետեմ դիմակն իմ՝ հոգնած ու մաշված, որ ինձ հանդիպեմ. գրկեմ կարոտած։

Ու կհոսեմ ես խաղաղ կարկաչով ու կարևեմ երկնքում լազուր, զեփյուռի նման թեթև կճախրեմ. սրտիս ամրոցից էլ ես վանք կշինեմ, որ խնկա բուրվառ ու հնչի շարական, ու օրհնությունը՝ աղոթքի պես խաղաղ, իջնի իմ  խռովյալ սրտի վրա։

понедельник, 30 марта 2026 г.

 Սրտիդ եղանակը

Գարնան մեղմ արևի պես ջերմ գրկեմ քեզ 

Ու  համբույրները պեպենների պես շարեմ այտերիդ։

Մատներս տանեմ քունքերիդ վրայով այնպես անհպում՝ 

Ինչպես ճայը օվկյանի վրա, երբ հազիվ է ալիքներին հպվում։

Ճախրեմ երկնքումդ լազուր, որ սիրտդ թրթռա

Ու զարդեմ ճամփադ երգովս, որ լսելիքդ հույզերից խտտա։

Սպիտակ վարդի պես դաջվեմ քո մտքում,

Որ շնչես դու ինձ՝ ինչպես ծաղկաշատ գարուն։

Քո կյանքատու սիրովդ ծաղկեմ

Ու սրտիդ գունեղ երազները բողբոջով  պատեմ։

Լինեմ խենթ մարտ՝ անձրև արևոտ, ու մեկ է սիրես ինձ.

Լինեմ եղանակը սրտիդ ու հոսեմ սրտովդ մեկ։ 

четверг, 29 января 2026 г.

Իմ գիրքը 


Ես լացել չգիտեմ, իմ լացը բառ է, պոեմ՝ պոկված սրտիս խռոված պատերից։

Ես թուլանալ չգիտեմ, իմ անձը հենք է՝ պիտի պահի դժվարություններն ամբողջ աշխարհի՝ մինչ հենքս ճաք տա ու իր իսկ աշխարհը քանդի։
Ես բավարար լինել չգիտեմ՝ պիտի անեմ ամեն բան լավ ու լինեմ ամենան, որ արդարացվի լինելիությունս ունայն։
«Ես լա՞վն եմ, բավակա՞ն». «Չէ, տես, թերացել եմ՝ այստեղ, այնտեղ, հիմա, երեկ ու այն անգամ» ։
Ու կատարելության անիվը կառնեմ ոտիս տակ՝ հերթական անգամ՝ անվերջ լավը ու ամենան լինելու համար, որ լինեմ բավական: Շնչահեղձ մի օր կանգ կառնեմ,  հայացք կգցեմ ետ՝ տարիներին՝  կատարելիությամբ մաշեցված ու լաքապատ, այդժամ ներսումս կնստի մի գորշ ամպ։

Լինել ավելի լավը, եթե ոչ լավագույնը, պատրաստ լինել ամեն սցենարի, լինել ամենան. թերանալն աններելի է, նույնիսկ մեկ անգամ։

Բարձր ստանդարտնե՞ր, պահանջկոտությու՞ն, խստությու՞ն, թե՞ բացեր…ասա՝ իմանամ։
Կյանքդ՝ կիսատ թողած ու նորից վերսկսած գրքի էջերի պես պիտի ձեռքի արագ շարժով թերթես ետ՝ մինչ հասնես սկզբի էջերին, որ հասկանաս, թե ինչ ես կարդում հիմա ու ինչի…, որ հիշես կյանքիդ բոլոր հերոսներին, որ գործողությունները՝ իրենց հետևանքներով գտնեն իրենց տերերին, որ գիրքդ կարողանաս շարունակել կամ էլ՝ խնամքով մի կողմ ձգել ու նորը վերցնել…
Ու կգան նոր էջեր՝ անթանաք ու անեզր, որ գրես կրկին, այս անգամ՝ նորից։

Իմ կյանքը բառ է, պոեմ՝ պոկված սրտիս հուզապատ պատերից։