Իմ գիրքը
Ես լացել չգիտեմ, իմ լացը բառ է, պոեմ՝ պոկված սրտիս խռոված պատերից։
Ես թուլանալ չգիտեմ, իմ անձը հենք է՝ պիտի պահի դժվարություններն ամբողջ աշխարհի՝ մինչ հենքս ճաք տա ու իր իսկ աշխարհը քանդի։
Ես բավարար լինել չգիտեմ՝ պիտի անեմ ամեն բան լավ ու լինեմ ամենան, որ արդարացվի լինելիությունս ունայն։
«Ես լա՞վն եմ, բավակա՞ն». «Չէ, տես, թերացել եմ՝ այստեղ, այնտեղ, հիմա, երեկ ու այն անգամ» ։
Ու կատարելության անիվը կառնեմ ոտիս տակ՝ հերթական անգամ՝ անվերջ լավը ու ամենան լինելու համար, որ լինեմ բավական»։ Շնչահեղձ մի օր կանգ կառնեմ, հայացք կգցեմ ետ՝ տարիներին՝ կատարելիությամբ մաշեցված ու լաքապատ, այդժամ ներսումս կնստի մի գորշ ամպ։
Լինել ավելի լավը, եթե ոչ լավագույնը, պատրաստ լինել ամեն սցենարի, լինել ամենան. թերանալն աններելի է, նույնիսկ մեկ անգամ։
Բարձր ստանդարտնե՞ր, պահանջկոտությու՞ն, խստությու՞ն, թե՞ բացեր…ասա՝ իմանամ։
Կյանքդ՝ կիսատ թողած ու նորից վերսկսած գրքի էջերի պես պիտի ձեռքի արագ շարժով թերթես ետ՝ մինչ հասնես սկզբի էջերին, որ հասկանաս, թե ինչ ես կարդում հիմա ու ինչի…, որ հիշես կյանքիդ բոլոր հերոսներին, որ գործողությունները՝ իրենց հետևանքներով գտնեն իրենց տերերին, որ գիրքդ կարողանաս շարունակել կամ էլ՝ խնամքով մի կողմ ձգել ու նորը վերցնել, որ շարունակես նորից, այլ ոչ թե կրկին։
Ու կգան նոր էջեր, ուր կլինի անծայր երկինք ու գույնզգույն ամպեր, որ նայես դու վեր ու նկարես դու սեր……..
Комментариев нет:
Отправить комментарий