понедельник, 17 февраля 2025 г.

Հրաժեշտ 

Իսկ մեզ պետք էր խոսել, ընդամենը խոսել․․․
Դու իմ սարսափն էիր, ես քո հիստերիան, ու մենք անվերջ խոսում էինք՝ չլսելով իրար։ Ես վազում էի դեպի քեզ ու հասնելուն պես փախչում, դու խոսում էիր, իսկ ես խլություն խաղում։ Մենք գժվում էինք՝ լռելով իրար։
Մենք կանոնավոր կերպով փորձում էինք մոռանալ՝ անհրավեր հուշերին ճանապարհ դնելու համար, բայց․․․
Ես վախենում էի նայելու աչքերիիդ, պատասխան տալու բոլոր հարցերիդ։ Ես վախենում էի դեմ առ դեմ նստել քեզ հետ, բայց վախերս հավաքելով ես եկա ետ՝ պատասխան տալու բոլոր հարցերին՝ նայելով ուղիղ քո աչքերին։
Տարօրինակ էր նորից տեսնելը քեզ․ անիրական էր, անհավանական։ Ես դանդաղ քայլում էի դեպի քեզ ու հասնելուն պես ուժ գտա ասելու՝ բարև․ չկոչեցի քեզ ես այն անունով, որով միայն կոչում էի ես՝ տաքացնելով քո լսելիքը կարծես։ Ես վախեցա անգամ դիպչելու քեզ, որ չդառանաս ավելի իրական քան ես։ Ու մեր կոշիկները հանդիպեցին մեր փողոցներին, լուռ ընդարմացում էր տիրել այդ անիրական երեկոյին։ Ժամանակը կարծես կանգնել էր ու քայլում էր ետ, ու մենք նայում էինք իրար՝ վախենալով իրար հուզել։
Մենք խոսում էինք, պարզորեն խոսում, այս անգամ սակայն մենք լսում էինք իրար ու հասկանում։ Խաղաղություն էր իշխել մեր շուրջը, օդում էր կախվել  թախծոտ  թեթևությունը:
Ճանապարհ դրեցինք մենք մեր հուշերին ու քարացանք հրաժեշտի պահին։ Նայում էինք մենք միևնույն ուղղությամբ, մթության մեջ լուսկլտացող լույսերին։ Ասելիք չկար, իսկ քայլերն էր մեզ չէին տանում առաջ. մխվել էինք մենք ժամակի այդ պահում՝ երկուսս էլ երևի գաղտնի հուսալով անվերջ կորել այդ ակնթարթում․․․․
Ու դու հանկարծ նայեցիր ուղիղ աչքերիս մեջ, ու ես բաց թողեցի ինձ քո օվկյանոսում, որում խեղվելուց այնքան էի վախենում։ Դու սահեցրիր քո ափը այտիս վրայով՝ շոյելով ինձ քո՝ սիրով լի հայացքով։ Սիրտս այդ պահին ցավոտ ընկավ ցած, ու թքիս հետ ես կուլ տվեցի մեր տարիները ապրած։ Հրաժեշտի պահին վախեցա քեզ գրկել, թեպետ, հայացքով մենք իրար վաղուց էինք գուրգուրել։ Բացեցի բերանս ու ասեցի՝ հաջող։ Քայլեցի առաջ ու հայացքս գցեցի ետ։ Սովորականի պես դու չէիր կանգնել ճամփելու հայացքով ևս, մինչ կկորեի հորիզոնիցդ։ Ու, ես հասկացա, դու բաց ես թողնում ինձ, առհավետ․․․
Խոստացա այլևս ես քեզ  չհուզել, իմ մասին էլ քեզ երբեք չհիշացնել, որ մեր վերագտած ծանր թեթևությունում գտնենք վերջապես խաղաղություն։

Комментариев нет:

Отправить комментарий