Մանկության բույրը
Արևը ծագելուն պես ոտքներս ինձ ու եղբորս տանում էին դուրս՝ արկածներին ընդառաջ։ Քայլում էինք մշակված դաշտերով, որտեղ պապս ու հայրս իրենց սերն ու հոգատարությունն էին դրել ու քրտինքով ջրել։
Արևը կեսօրին արդեն գրկած ու ջերմացրած էր լինում պարարտ հողը, որը հենց էն է թե կանչում էր իրեն զգալու։
Բոբիկանում էինք ու վազում հողերի մեջ։ Տաք ու պարարտ հողը գրկում էր ոտքիս մատները ու ես զգում էի ինձ որպես հաստ բնով ծառ, որին հողը արմատներից քաշում ու ամուր պահում էր էս խալխուլ աշխարհի վրա։
Երկար թափառելուց հետո դատարկ ստամոքսներս վազեցնում էին մեզ տուն։
Բակ հասնելուն պես տեսնում էինք մորս՝ տան շեմին կանգնած։ Շոյող, բայց և կարգադրող հայացքով լուսե մայրս կանչում էր մեզ տուն։
Ոտքներս տան շեմին մեկնելուն պես քթներիս էր հասնում թարմ թխած հացի բույրը ու հրավիրում խոհանոց։
Անցել են երկար ու ձիգ տարիներ ու հիմա էլ ոտքերս մերթընդմերթ պահանջում են բոբիկանալ։ Մերկ ոտքերով հաճախ քայլում եմ օտար հողերի վրայով. տաք է, բայց էդպես էլ չեմ ջերմանում էս խալխուլ աշխարհում։
Տուն հասնելուն պես սառնարանս դատարկում եմ նախորդ օրվա գնած անուշություններից,որից հայացքս անգամ կշտանում է ու մեկ է քթիս է դեռ հասնում թարմ թխած հացի բույրը, որից սիրտս էդպես էլ չի գտնում հագեցում։
Մանկությունս շնչում էր թարմ հնձած խոտի ու թարմ թխած հացի բույր...
суббота, 21 мая 2022 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий