Երջանկության պարտված հաղթանակը
Կատրինը նյարդային քայլում էր սենյակում։ Նա կորել էր սեփական մտքերի մեջ։
Կյանքը, որ նա կառուցել էր տարիներով, այժմ փախնում էր իրենից` օրերի մեջ, որոնք նա անզոր էր կանգնեցնել ու փոխել։
Բզկտող դառնությունից նա ուզում էր գոռալ ու իրեն ցավեցնող մտքերը դուրս հանել. ախր որտե՞ղ էր նա թերացել, էդպես էլ չեր կարողանում հասկանալ։
Իրեն խաբել էին. խաբել մի ամբողջ կյանք, որ նա փութաջանորեն փորձել էր կառուցել։
_Հիմա ի՞նչ, ես չկա՞մ։ Ես ինձ դրել եմ ընտանիքիս մեջ ու ինձնից այն խլում են։ Ինձնից խլում են ինձ, իմ աշխարհը։ Ատում եմ, ուզում եմ դահիճներիս սպանել, ուզում եմ կյանքը նրանց սպանի ու ես արդարության պար ածեմ՝ տեսնելով ինձ կեղեքողներիս կեղեքված։
Գլուխը կախեց ու արցունքի կաթիլները հոսեցին այտերով վար։ Այն աչքերը, որ գոհունակությունից ժամանակին շողում էին, այժմ, հալածված գազանի պես ոռնում էին անորոշություն կոչվող անծայր մթության մեջ։
Շունչը ետ բերելով ու հեկեկանքը զսպելով նստեց բազմոցին՝ ուժասպառ ու հանգստացած. ձեռքը գցեց դարակը ու հանելով սիգարետը՝ վառեց այն։ Ձեռքում ուսումնասիրում էր վառվող թուղթը։
Քաշեց քուլան՝ դրա հետ քաշելով իր դառնությունը ու բաց թողեց այն անորոշ մթության մեջ։
Ծխի ամեն քուլայի հետ նա բաց էր թողնում իր ապրած տարիները։
Նա կառուցել էր իր կյանքը ծովի ափին, ավազի վրա ու ժամանակի ալիքը այժմ սրբում էր այն։
Աչքերը բացեց. քնել էր բազմոցին։
Նախորդ օրվա ծանր ապրումներից մնացել էր միայն բութ դատարկությունը ու լղոզված ստվերաներկը։ Զգում էր իրեն ջնջված, ինքն իրեն անծանոթ..
Վեր կացավ ու անշտապ քայլեց լոգարան։ Ջրի կաթիլները սրբում էին այտերից կախված ստվերաներկի հետքերը։
Դուրս գալով լոգարանից զգաց իրեն թեթևացած ու մաքրված իր իսկ մտքերից։
Որոշել էր՝ ինքը պիտի լինի երջանիկ։
.......................
Սենյակում օդը ծանր էր։ Պարզ չէր՝ սիգարետից ու սկոթչի՞ց, թե՞ Արսենի ծանր ու մռայլ մտքերից։
Պատուհանը կիսաբաց էր ու քամին ներս էր բերում անձրևից հետո ասֆալտին խառնված թանձր խոնավության հոտը։
Սենյակը մթության մեջ էր. վառվում էր միայն լուսամփոփը՝ լուսավորելով անկյունում, բազմոցի մեջ թաղված Արսենի դեմքը։
Աչքերը հառել էր սկոթչի բաժակին, ծանրացած հայացքով կարծես փորձելով խորտակել իրեն տանջող մտքերը կիսալի բաժակի մեջ, իզուր...
Վեր ցատկեց տեղից, վերցրեց հեռախոսը. զանգերը երկար գնացին մինչ հակառակ կողմից կանացի մի հանգիստ ձայն խոսեց։
_Ալո.
Արսենի դեմքը լուսավորվեց։
_Նատա, բարև, - տենդագին ոցևորությամբ նետեց Արսենը։
_Բարև Արսեն, - մեղմ պատասխանեց Նատան, կարծես ասելով՝ ես գիտեմ որ վատ ես հիմա, ես քեզ հետ եմ, ամեն բան լավ կլինի։
Գիշերը խաղաղվել էր։
......................
Նատան խոհանոցում էր։ Ոտքը գցել էր ոտքին ու վայելում էր առավոտյան թարմ ու անուշահամ սուրճը,որը կարծես դարձել էր իրեն կյանքի կոչող ծիսակարգ։ Խոպոպները չարաճճիորեն թափվում էին աչքերի վրա, իսկ նա, անշտապ փորձում էր դարսել դրանք ականջի հետևում։
Սենյակը ողողված էր արևի ճառագայթներով, որոնք ժպտում էին սեղանին դրված անուշաբույր ֆրեյզաների փնջին։ Նատան սիրում էր մենանալ ինքն իր հետ ու տրվել մտքերի անվերջ ընթացքին՝ վերլուծելով ու ուղորդելով դրանք մտադարակների մեջ։
_ Մտադարակ, հմմ, - ինքն իրեն ժպտալով ասաց նա, -մտադարակ N127:
Ամենից շատ սիրուց խոսում են նրանք ովքեր սիրո մասին կարող են միայն խոսել։
Դու սիրում ես քաղաքդ, սիրում ճիշտ այն այն ծաղկի պես, որ պատուհանին է ու որին ամեն նայելուց սիրտդ ուրախությամբ է լցնում, բայց որին դու հաճախ, շատ հաճախ մոռանում ես ջրել. իսկ ե՞ս, ինչպե՞ս եմ վարվում ես, - ինքն իրեն հարցրեց Նատան՝ ընկնելով մտքերի մեջ։
Դեմքը րոպեներ անց ողողվեց գոհունակ ժպիտով. խորը հոգոց հանելով շուտով վեր կացավ։ Օրը սպասում էր իրեն,որ նա պատմի իր մասին։
Լոգանք ընդունեց, հագավ իր սիրելի ներքնազգեստի սեթը, ինքն իրեն ժպտալով հայելու մեջ հանեց Շանել N5-ը, ու օծանելիքի բույրը բռնեց ողջ սենյակը։
Նա ինքնաբավորեն ընտրեց օրվա լուքը, սև սաթե մազերը շտկեց բարալիկ մատներով, կարմիր շրթներկը գրկեց նրա նուրբ շուրթերը ու րոպեներ անց նա արդեն դրսում էր՝ պատմելու օրվան իր կյանքի մասին։
Օրը լի էր, իսկ սիրտը՝ դատարկ։
Օրը բաժանվել էր ժամեր առանց Արսենի ու ժամեր Արսենի հետ։
......................
_Ես հաղթող եմ։ Ես միշտ եմ հաղթում։ Ես գիտեմ ինչ եմ ուզում ու ես ստանում եմ այն,-ինքն իրեն ասաց Կատրինը՝ կարծես հերթական անգամ մանտրան կրկնելով։
Ընկերուհիները շուտով ժամանեցին սրճարան։
_Կներես Կատրին, ուշացանք, ո՞նց ես, շա՞տ սպասեցիր։
_Ոչինչ, սրճում էի մտքերիս հետ։
_Մեզ էլ սուրճ ու մենյուն փլզ, - տեղավորվելով ու պատվերները փութկոտ տալով ասացին աղջիկները։
_Դե՞, պատմիր, ի՞նչ կա, - անթաքույց հետաքրքրությամբ սկսեց Մարինան։
Խորը հառաչը պոկվեց Կատրինի կրծքից ու աչքերը լցվեցին։
_ Նա սիրում է ուրիշին, ես ինձ զգում եմ ստորացված, էսպես չեմ կարող. հասկանու՞մ եք, ին՞ձ, որ ամեն բան արել է իր համար, ախր տեսնում էիք ինչ երջանիկ էինք։
Նրա ուղեղը լվացել են, նա դավաճանաել է ինձ, նա դավաճանել է մեզ։
_Դե Կատրին, սիրելիս, հիմա էնպիսի կերպարներ կան, մարդիկ իրար վրայով են քայլում իրենց ուզածին հասնելու համար։ Բայց, ով էլ որ նա լինի քեզանից լավը չի լինի։ Արսենը դեռ շատ կփոշմանի, կտեսնես, - ասաց Գրետան։
_ Ու՞մ է պետք նա, մտածելու ոչինչ չունես. դու խելացի ես, սիրուն, գտել ես քո գործը ու նրանից էլ կպոկես էն ամենը ինչ պետք է։ Գիտես՝ իրավաբանական հարցերով կողքիդ եմ ու ֆինանսապես էն ինչ քեզ հասանելի է՝ մինչ վերջին ցենտը կստանանք, - հոնքը վեր բարձրացնելով ու շուրթերը հաղթական ու նենգ ժպիտի մեջ կորցնելով խոսքը ավարտեց Մոնիկան։
_Իսկ, մի՞գուցե չշտապես Կատրին, ժամանակ տվեք իրար։
_Չէ Լիդա, ի՞նչ ժամանակ, Ժամանակ որ էլի՞ ինձ խաբի։ Անգամ ներողություն չի խնդրել, չի փորձել սիրտս շահի։
Հերթական մտքերի հետ դատարկվեցին սուրճի հերթական բաժակները։ Աղջիկները գրկախառնությունների ու համբույրների արանքում փոխանակվեցին հաճոյախոսություններով ու դուրս եկան սրճարանից։
Մի քանի քայլ անելուց հետ օդը բռնեց անկեղծության մի տենդագին ալիք։
_Կարծում եք գլխի ճարը կտեսնի՞, - ասաց բիզնեսվումն Մոնիկան։
_Դե, չգիտեմ, Արսենը աչքիս լույսը չի, բայց Արսենը քիչ բան չի արել իր համար։ Տեսել եք չէ՞ ոնց է հաճախ Կատրինը խոսում Արսենի հետ, - իր իսկ անկեղծությունից ու հոգատարությունից գոհ՝ ասաց Գրետան։
_Դե, Արսենը խելացի տղա է, հետաքրքիր խարիզմատիկ, կայացած ու նորմալ է ,որ աղջիկները կհետաքրքրվեին նրանով։ Ուղղակի, կինը պետք է իրենով զբաղվի ու թույլ չտա որ բանը բանից անցնի։ Ես օրինակ, 8սմ-անոց կրունկս պահում եմ Գեորգիի մեջքին, - քրքջալով ասաց Մարինան։
_ Լավ դե, ինչե՞ր եք խոսում։ Մեր ընկերուհին է, ու անկախ ամեն ինչից մենք պիտի նրան սատարենք, - ասաց Լիդան ու շտապեց դեպի մեքենան։
Նստելով մեքենան Լիդան ընկավ մտքերի մեջ.
«Ես միշտ համարել եմ նրանց օրինակելի զույգ ու Կատրինը մեր միջից միշտ ավելի աչքի ընկնող է եղել։ Եթե նրան լքում են, ուրեմն, ինձ էլ հեշտությամբ կթողնեն։ Բաժանվե՞լ. էդ արատավոր փորձը եթե հաջողվի մեկին, մյուսների մտքով էլ կանցնի, չէ»։ Ինքն իր մտքերի ընթացքը կտրելով Լիդան մեքենայի շարժիչը գցեց գործի ու սլացավ առաջ։
Գրետան հասել էր տուն։ Վերցնելով գինու բաժակը նա ինքնագոհ ժպիտով մոտեցավ պատուհանին։
- Նա միշտ իրեն մեզնից լավն է համարել ու միշտ մեծախոսել՝ ոչինչ չանելով։ Ամեն բան նրան ուղղակի տրվել է։ Դե, հիմա ինքդ կհասնես ամեն բանի, տեսնեմ էլի էդպես կմեծախոսե՞ս։
Հանդիպումից հետո կատրինը զգում էր իրեն գոտեպնդված ու երջանիկ։
Մտնելով ննջասենյակ նա մոտեցավ զարդասեղանին, ինքն իրեն ժպտաց հայելու մեջ ու գլուխը հպարտության զգացումով լի վեր բարձրացրեց։
_ Այո, ես գեղեցիկ եմ, ես խելացի եմ ու ես կունենամ էն ամենը ինչ ուզում եմ։ Ես արժանի եմ։ Ես հաղթող եմ։
Հեռախոսը զանգեց՝ կտրելով Կատրինին իր հաճելի մտքերի ընթացքից։
_ Ալո, Թոնի, առանց զգուշացնելու մի զանգիր, կխոսենք վաղը երբ գործի գնամ։
Հեռախոսի մյուս կողմում հնչում էին ջերմ բառեր, որից Կատրինը կարծես հալվում էր։
_ Դե լավ Թոնի, ես էլ, - սեթևեթում էր Կատրինը՝ ճոճվելով սենյակում ինչպես դեռատի աղջնակ, - լավ առայժմ, կխոսենք։
Հեռախոսը ցած դնելով՝ գոհունակ ու լայն ժպիտով նա նետվեց անկողնու վրա։ Ինքը ապրում էր...
...................
Նատան կորել էր երաժշտության հնչյունների մեջ, երբ մի անծանոթ ձայն ետ բերեց նրան այդ հաճելի թմբիրից։
_Պարե՞նք։
_Չէ, չեմ ուզում, շնորհակալ եմ, - սիրալիր ժպտալով ու գլուխը թեքելով ասաց նա։
Դատարկել էր մարտինին. խնդրեց մատուցողին կրկնել պատվերը։
Վայրկյաններ անց մոտեցավ ընկերուհին՝ Անիտան ու քաշեց նրան պարելու։
Անզոր լինելով դիմադրելու Անիտայի կամքին՝ Նատան միացավ նրան։
Մարդիկ խառնվել էին իրար երաժշտության հնչյունների ներքո ու անհոգ ընդարմացումը բռնել էր օդը։
_ Շուրջս այսքան մարդիկ են, իսկ ես միայն նրան կուզեի այս պահին. Արսեն։
Սպասումի ապարանջանը կրում եմ կրծքիս, այն սիրուն է ու ծանր. այն սերն է։
....................
Առավոտ էր։ Արսենը իջել էր խոհանուց պատրաստելու իր առավոտյան նախաճաշը՝ բեկոնով ձվաձեղ ու նարնջի թարմ քամած հյութ։
Սիրում էր պատրաստել ու սիրում էր համեղ ուտել։ Նա սիրում էր կյանքը ու ուզում էր ամեն բան հասցնել այս կյանքում։
Ձվաձեղի վերջին պատառն էր ուտում, երբ Կատրինը իջավ ցած՝ խոհանոց։
_ Արսե՞ն, բարև։
_ Բարև Կատրին։
_ Հմ, երջանիկ ես թվում, - կիսաժպիտով նետեց Կատրինը ու ավելացրեց,- պաշտոնի բարձրացումի՞ց է, թե՞ սիրելիիդ հետ գործերդ են լավ։
Արսենը ոտքից գլուխ չափեց Կատրինին ու առանց բառ ասելու բարձրացավ աշխատասենյակ։
Կատրինը զայրացկոտ ու ստորացված նայում էր նրա հետևից, թեպետ՝ ծամածռված ժպիտը դեռ դեմքին էր։
«Իսկ եթե նրան միասին լինե՞ն։ Չէ, չեմ ուզում։ Նա իմն է։ Ոչ էդ աղջկա հետ։ Դրա ինքնագոհ ու հպարտ դեմքից նյարդերս տեղի են տալիս», մտածում էր Կատրինը, երբ հեռախոսը ծնգաց։
Թոնին էր։ Անտարբեր հայացքով հեռախոսը դրեց գրպանը ՝ թողնելով Թոնիին անպատասխան։
_ Ես թույլ չեմ տա, որ նրանք միասին լինեն, ինչ իմն է իմն է։
Կեսօր էր։ Անձրևում էր։ Երկինքը լացում էր մարդկանց փոքրոգության վրա։ Արևը կարող էր շողալ ամենքի վրա, բայց մարդիկ միևնույն է կռվում էին՝ իրենց բնությանը չուրանալով։
...................
_Բարի լույս Արսեն։ Ո՞նց ես քնել։
_ Բարև Կատրին, շատ լավ, դու՞։
_ Լավ։ Ուզում էի քեզանից ներողություն խնդրել երեկվա պահվածքիս համար, -մռութները հավաքելով, մանկական դեմքի արտահայտությամբ խոսեց Կատրինը։
_ Օհօ, առյուծից մինչ փիսիկ մեկ օ՞ր, թե՞ մի քանի պատճառներ, - ծիծաղկոտ ասաց Արսենը։
_Դմբո,- կիսակատակ ու նեղացկոտ ասաց Կատրինը՝ զգալով իրեն խաղի մեջ ու շարունակեց,- չէ, ուղղակի ընկճված էի ու դուրս եկա հունից։
_Լավ, լավ, հասկանում եմ,- արդարացնող տոնով պատասխանեց Արսենը։
Օրը արևոտ էր ու սիրուն։ Կատրինն էլ շողում էր ինչպես առաջին հանդիպմանը՝ տարիներ առաջ։ Արսենը մռայլ մտքեը ցրվել էին. զգում էր իրեն հանգիստ ու խաղաղ։
_ Ես բարձրանամ աշխատելու, լավ օր Կատա, - Կատրինի ուսը ընկերաբար սեխմելով, հոգատարությամբ ու սիրով լի հայացք նրա վրա նետելով ասաց Արսենը։
Կատրինը զգում էր իրեն գոհ ու էներգիայով լի։ Նա սիրված ու ուժեղ էր զգում իրեն։ Ժպիտը երեսին շտապեց ննջասենյակ՝ իրեն կարգի բերելու ու գործի շտապելու։
«Այս գործը չլիներ կքնեի երկար, ինձնով կզբաղվեի, բայց ոչինչ , մշտական չէ», - ինքն իր մտքերի վրա ժպտալով Կատրինը թակեց Արսենի աշխատասենյակի դուռը։
_ Հա Կատրին, - հայացքը համակարգչից կտրելով ասաց Արսենը։
_Արս, կարմի՞ր շորիկնա սազում, թե՞ նարնջագունը, - աղջկական սեթևեթությամբ դռան արանքից ծիկրակում էր Կատրինը։
Արսենը լայն ժպտաց, կարծես համաձայնելով այդ խաղին մասնակցել ու իրեն բնորոշ հումորով պատասխանեց։
_ Որն էլ հագնես լավ չի։
_ Հա, հա, հա, շատ խնդալու էր, -Կատինը ուզում էր զայրանալ, բայց , կատակի տալով ժպտաց ու դուրս եկավ սենյակից։
«Հիմա ի՞նչ է փչել մտքին, տեսնես որ՞ն է հագնելու ու ու՞մ համար է սիրունանում», - ինքն իր հետաքրքրասիրության վրա ծիծաղելով Արսենը քայլեց դեպի Կատրինի սենյակ։
Խաղը սկսում է մեկը, իսկ շարունակում են այն երկուսով։ Կանոններն էլ սահմանում են ամենահամառները։
Արսենն ու Կատրինը խաղը սկսել էին։ Խաղաշրջան 2 .....
....................
Նատան նստել էր այգում ու նայում էր կողքով անցնող մարդկանց։ Հայացքը թափառում էր նրանց դեմքերի վրայով, իսկ մտքերը հեռվում էին։ Սիրտը զգում էր մի անորոշ անհանգստություն։ Օրերը սլանում էին առաջ, իսկ նա զգում էր իրեն շղթայված.սիրտը քարկապել էր իրեն ժամանակի մեջ, իսկ հույզերն ու մտքերը անկանոն կերպով հալածում էին ։
«Դե՞, խելացի ու հասկացող աղջիկ, ի՜նչ է եղել, չե՞ս կարողանում հասկանալ, թե՞ չես ուզում։ Իսկ ին՞չ ես ուզում», - մտքերը մռայլ ամպերի պես կախվել էին Նատային գլխին, որից հոգնել ու հյուծվել էր անասելիորեն։
_ Զգում եմ ինձ օտար, կարծես ուրվական, որ դեգերում է ողջերի մեջ ու խոչընդոտում նրանց ապրելուն, - մտքերի մեջ վեր կացավ ու քայլերը ուղղեց առաջ։
Րոպեներ անց հատում էր փողոցը, երբ ականջին հասավ սթափեցնող ձայնային ազդանշանը։ Գլուխը թեքեց կողք. օդում էր, երկինքը ջինջ լազուր էր, բացականչությունները հեռվից հասնում էին ականջին. վայրկյաններ անց բոլոր ձայները լռեցին ու լույսերը մարեցին։
....................
Սեղանը լի էր անուշություններով։ Հյուրերը ժպտում էին ու կատակում։ Բաժակները մեկումեջ զնգում էին՝ բերելով Արսենին իրականություն, որն այժմ պատրանք էր դարձել իր համար։
Նստել էր սեղանի անկյունում ու նայում էր Կատրինին, որ անհոգ խոսում ու կատակում էր ընկերների հետ. կարծես վառ գույներով կտավ լիներ, իսկ ինքը՝ Արսենը, մռայլ ամպ, որ իր տեղը չէր գտնում այդ կտավում։
Արսենը դառնորեն ժպտաց ինքն իրեն։ Չէ՞ որ ինքն էր ընտրել ուրիշի երազը՝ ուրանալով իր սեփականը. ե՞րբ ոտքը թեքեց իր ճանապարհից ու ինչու՞, չէր հասկանում։
Հիմա նա ապրում էր ուրիշի երազը, ապրում էր ուրիշի կյանքը, ուրիշի համար։
Զգում էր, որ թերացել էր, ծուլացել էր ու թուլացել. հատուցումը թանկ էր, շատ թանկ։
Չկար Նատան չկար և Արսենը։
Комментариев нет:
Отправить комментарий