Սիրտը ափի մեջ
Միանգամից սառեց տաք Պորտուգալիան ու դարձավ սովորական։
Ուզում էի փախչել ետ՝ տուն ու ծածկոցը քաշելով գլխիս թաքնվել ինքս ինձանից ու ողջ աշխարհից։
Դու պակաս ես իմ կյանքից, շատ պակաս. ես չեմ կարողանում լինել առանց քեզ...
Տխրությունը ծովի ալիքների պես վերցնում ու խփում է ինձ ունայնություն կոչվող ժայռին։ Սիրտս ծանր ու սառն է՝ սառը օվկյանի պես։ Ու ես խեղդվում եմ իմ իսկ ապրումների ալիքներից, որոնց միայն փրփուրն է քեզ հասնում. «լավ եմ, չեմ լացել, գնացել եմ զբոսնելու»։
Քեզ ուղեկցում էի դեպի տաքսին, ու չգիտեմ` քե՞զ, թե՞ ինքս ինձ սիրտ տալու համար կրկնում, որ սա հաջողություն չէ, այլ՝ մինչ տեսություն. չենք հասցնի աչքներս էլ թարթել ու նորից կհանդիպենք։ Նստեցիր տաքսին, գիտեի որ ինձ ես նայելու մինչ տեսադաշտիցդ կորելս ու ինչքան ուժ ունեի հավաքել էի, որ ժպտայի ու թեթև ձեռքի շարժումով համբույրս քեզ հասցնեի ծանրացած սրտիցս։
Մեքենան հեռվացնում էր քեզ ինձանից, իսկ կոկորդս ավելի էր սեղմվում։ Կուլ էի տալիս արցունքներս ու քայլում. չէ սիրելիս, չեմ ստել որ չեմ արտասվել, կուլ եմ տվել ամեն ապրումս ու թափառել՝ մտքերս տրորելով ամեն քայլիս հետ։
понедельник, 10 октября 2022 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий