воскресенье, 28 января 2018 г.

Կիսենք ու թողնենք

Արի կիսենք քաղաքը՝ կեսը ինձ,  կեսը քեզ
Արի կիսենք բույրերը, ծաղիկները
Կիսենք փողոցներն ու հուշերը․
Կիսել ենք իրար այնքան երկար,
Որ ամեն հնարավոր ու անհնար բան
Դարձել է մերը, չկա մոռանալու ճար։

Ուրեմն արի կիսենք, կիսենք ամեն բան
Մեկը քեզ, մյուսը ինձ, որ հանգիստ թողնենք իրար
Շատը քեզ, քիչը ինձ, կամ հակառակը՝ ինչպես կամենաս.
Աշնանային գունեղ ու հիասքանչ անթառամները կտա՞ս,
Ձմռան փոքրիկ ու չքնաղ վարդերը՝ կարմիր ու սպիտակ
Գարնանային ամենաանուշաբույր ֆրեյզաները այն պարզ։


Կանգառները ուր գրկած կանգնում
Ու մոռանում, թե  ինչի ենք սպասում,
Փողոցները, որ ժամերով չափչում ու չէինք էլ հոգնում.
Այդ փողոցները դեռ  հիշում են մեզ
Մեր փողոցները կարոտել են մեզ, գիտե՞ս.
Մենք քայլում ենք՝ դու առանց ինձ, ես առանց քեզ,
Մենք քայլում ենք  արդեն առանց իրար,
Ուղղակի, այլևս հենց այնպես։

Չմոռանանք մեր եղանակները․
Մեր բաժանումների թաց աշունները 
Ցուրտ ձմեռներում իրար տաքացնող մեր սառած ձեռքերը
Գարունները մեր փթթող սիրո ու քաղցր ժպիտների
Ամառները տաք ու խելառ, գժված օրերի։

Արի կիսենք նաև այն բոլոր մարդկանց,
Որ չեն պատկերացրել մեզ առանց իրար
Ու տեսնելուց ինձ կամ քեզ միշտ կտան խաբար։

Արի կիսենք հուշերը, լավագույնները միայն
Դա է մնում մեզ լոկ այս կյանքում ունայն,
Կիսենք ու թողնենք, որ դրանք  գնան․․․



суббота, 27 января 2018 г.

Չեն գտնում այն, ինչ չեն փնտրում

Մեզ տրված մեկանգամյա, պարզ ու ոչ այդքան երկար կյանքում մենք ուզում ենք տեղավորեցնել կյանքի մասին պատկերացումների մի քանի մոդելներ։ Երբեմն այնքան ենք տարվում ուրիշներին գոհացնելու ու նրանց սպասումները արդարացնելու մտքով, որ մոռանում ենք մեր սեփականը։
Մենք փնտրում ենք նրանց ցանկությունները։ Մենք ապրում ենք նրանց երազանքը՝ մոռանալով մերը։ Միգուցե՝ պարզը, շատ ուրիշը, անհասկանլին, զվարճալին, բայց մերը՝ մեր իրականը․․․
Մարդիկ ուզում են գտնել այն ինչ չեն փնտրում։ Նրանք դժգոհ են այն ամենից ինչ ունեն մոռանալով, որ թերացել են այն հարցում, թե ինչ են ուզում։
Մենք շտապում ենք ապրել, շտապում անել այս կամ այն բանը, բայց անշտապ ու ալարկոտ ենք մեր ցանկությունների կողմնորոշման հարցում։
Բայց հենց ցանկություններն են, որ տանում են մեզ ինքնաբավության, երջանկության․․․
Իսկ ինչ ենք փնտրում մենք վերջիվերջո, պահանջների ու պահանջմունքների, կորուստների ու ձեռքբերումների արանքում եթե ոչ՝ երջանկություն․․․

суббота, 23 декабря 2017 г.


Անժամանակային


Անսկիզբ, անվերջ ու անավարտ
Ժամանակի առաջ անպարտ,
Սկիզբ, որ չի կարող ունենալ ավարտ
Ավարտ, որ  անվերջ կմնա անպարտ։

Կատարյալ երջանկություն
Քո անունն է անցյալ անկատարություն։

воскресенье, 17 декабря 2017 г.

Անցողիկ

Ամիսները անշտապ ու արագ կգրկեն օրերին
Տարիներն էլ քուն կմտնեն ամիսների հետ,
Ժամանակը պար կածի  հուշերի գրկում
Ու մարդիկ կխաղան հույզերի հետ։

Անշտապ ու արագ, կորած, գտնված
Կյանք կոչված զանգվածի մեջ պարուրված,
Խելագարները գիտակցական անկյունում կուչ եկած
Կճախրեն երազներում չգտնված։

Ու մարդիկ վազքի մեջ կփորձեն հասցնել ինչ-որ բան,
Կձգտեն նվաճել հնարավոր ու անհնարը ունայն
Մոռանալով, որ մի օր ուղղակի կանցնի ամեն բան։

вторник, 28 ноября 2017 г.

Departure

Your blue blue smiling eyes,
Teeth so neatly standing one next to one.
Childish laughter on your sunny face,
Smart and funny arguments just to protest.
But kindness and peace are lost on your face,
When you are with me, lost in your patience.

I am your disease,
My absence will be your release.
Trust me, this is the way to survive
Believe me, you will surely revive.
You will get the look back in your eyes,
That used to make me happy when we were out of fights,
Now I will enjoy it from a distance; we must depart
PEACE SURELY WILL BE FOUND IN OUR HEARTS.

четверг, 12 октября 2017 г.

Այն մարդիկ

Կան մարդիկ ում որպիսությունը չես կարող հարցնել, նույնիսկ ուղղակի ողջունել
 չի կարելի։
Դու կարող ես միայն տաքանալ այն մտքից, որ նա կա, գոյություն ունի
որ քայլում է ինչ-որ տեղ ,ժպտում ինչ-որ մեկին, ու հայացքով քնքշորեն շոյում է գուցե ուրիշին։
Նա խոսում է, ասում է բառեր, սիրուն ու անկեղծ բառեր։
Խնամքով ընտրված ծաղիկները գուցե ուրիշին ուրախացնելու համար են այլևս։
Գուցե նա շտապում է արդուկել վերնաշապիկը, հարդարել մազերը, դատարկել օծանելիքը ու վազել հանդիպելու արդեն ուրիշին։
Քեզ ցնծեցնում է նրա ամեն մի հաղթանակը, իսկ ձախողումը վշտացնում։
Դու կծկվում ես, քաջ իմանալով, որ ձեռքերդ անզոր են գրկելու, սփոփելու  ու շուրթերդ իրավունք չունեն շշնջալու՝ «ես քեզ հետ եմ, միշտ»։
Դու ցավալու աստիճան ժպտում ես
․․․Դու ուրախ ես որ նա կա, հեռվում․․․
Ու Կտոր-կտոր հավաքում ես Նրան՝ նրա շարժումը, նրա նայվածքը, նրա բառերը, նրա հոտը, նրա քայլվածքը։
Դու ուղղակի ուրախ ես որ նա կա, որ նա գոյություն ունի
․․․ ինչ-որ տեղ ։
Ու դու խնամքով դասավորում ես ամենը հուշապնակում ու տեղավորում մտքերի հեռավոր դարակներից մեկում ՝ կնքելով հարազատության հավերժական կնիքով
․․․․․․

суббота, 2 сентября 2017 г.

Դու կաս, բայց․․․

Դու կաս, բայց գոյություն չունես։
Դու ուղղակի հորինել ես ինքդ քեզ։
Դու վախենում ես մարդկանցից։
Նրանք հաճախ հագնում են դիմակներ ու կերպարներ խաղում:
Դու էլ կրում ես քո դիմակը, որ կարողանաս խաղալ նրանց հետ։
Իրականը փոխարինվում է մտացածինով:
Էդպես ապահով է․ կվնասվեն դիմակները, իսկ քո մաշված ու մոռացված եսին  երբեմն արցունքներով կսգաս  գիշերներում` ինքդ  քեզ գոնե չմոռանալու համար։
Ու դու կքայլես փողոցներով, մտքերդ շաղ տալով ասֆալտին, ու հայացքդ փռելով մարդկանց վրա:
Մտքերդ կտրորվեն ամեն քայլիդ հետ․ հայացքդ էլ կմզվի դեմքեր նայելուց․
Ու կտեսնես, որ մարդկանց աչքերում այժմ դառը դատարկություն է թափառում ու մենությունը ուրվականի պես սահում է հայացքներով:
Ժպիտները խափս տալու համար են արդեն ու այլևս չեն պատմում երջանիկ լինելու մասին:
Ու դու փնտրում ես մի երջանկություն, որ կարծես էլ գոյություն չունի։