понедельник, 17 февраля 2025 г.

Հրաժեշտ 

Իսկ մեզ պետք էր խոսել, ընդամենը խոսել․․․
Դու իմ սարսափն էիր, ես քո հիստերիան, ու մենք անվերջ խոսում էինք՝ չլսելով իրար։ Ես վազում էի դեպի քեզ ու հասնելուն պես փախչում, դու խոսում էիր, իսկ ես խլություն խաղում։ Մենք գժվում էինք՝ լռելով իրար։
Մենք կանոնավոր կերպով փորձում էինք մոռանալ՝ անհրավեր հուշերին ճանապարհ դնելու համար, բայց․․․
Ես վախենում էի նայելու աչքերիիդ, պատասխան տալու բոլոր հարցերիդ։ Ես վախենում էի դեմ առ դեմ նստել քեզ հետ, բայց վախերս հավաքելով ես եկա ետ՝ պատասխան տալու բոլոր հարցերին՝ նայելով ուղիղ քո աչքերին։
Տարօրինակ էր նորից տեսնելը քեզ․ անիրական էր, անհավանական։ Ես դանդաղ քայլում էի դեպի քեզ ու հասնելուն պես ուժ գտա ասելու՝ բարև․ չկոչեցի քեզ ես այն անունով, որով միայն կոչում էի ես՝ տաքացնելով քո լսելիքը կարծես։ Ես վախեցա անգամ դիպչելու քեզ, որ չդառանաս ավելի իրական քան ես։ Ու մեր կոշիկները հանդիպեցին մեր փողոցներին, լուռ ընդարմացում էր տիրել այդ անիրական երեկոյին։ Ժամանակը կարծես կանգնել էր ու քայլում էր ետ, ու մենք նայում էինք իրար՝ վախենալով իրար հուզել։
Մենք խոսում էինք, պարզորեն խոսում, այս անգամ սակայն մենք լսում էինք իրար ու հասկանում։ Խաղաղություն էր իշխել մեր շուրջը, օդում էր կախվել  թախծոտ  թեթևությունը:
Ճանապարհ դրեցինք մենք մեր հուշերին ու քարացանք հրաժեշտի պահին։ Նայում էինք մենք միևնույն ուղղությամբ, մթության մեջ լուսկլտացող լույսերին։ Ասելիք չկար, իսկ քայլերն էլ մեզ չէին տանում առաջ. մխվել էինք մենք ժամակի այդ պահում՝ երկուսս էլ երևի գաղտնի հուսալով անվերջ կորել այդ ակնթարթում․․․․
Ու դու հանկարծ նայեցիր ուղիղ աչքերիս մեջ, ու ես բաց թողեցի ինձ քո օվկյանոսում, որում խեղդվելուց այնքան էի վախենում։ Դու սահեցրիր քո ափը այտիս վրայով՝ շոյելով ինձ քո՝ սիրով լի հայացքով։ Սիրտս այդ պահին ցավոտ ընկավ ցած, ու թքիս հետ ես կուլ տվեցի մեր տարիները ապրած։ Հրաժեշտի պահին վախեցա քեզ գրկել, թեպետ, հայացքով մենք իրար վաղուց էինք գուրգուրել։ Բացեցի բերանս ու ասեցի՝ հաջող։ Քայլեցի առաջ ու հայացքս գցեցի ետ։ Սովորականի պես դու չէիր կանգնել ճամփելու հայացքով ևս, մինչ կկորեի հորիզոնիցդ։ Ու, ես հասկացա, դու բաց ես թողնում ինձ, առհավետ․․․
Խոստացա այլևս ես քեզ  չհուզել, իմ մասին էլ քեզ երբեք չհիշացնել, որ մեր վերագտած ծանր թեթևությունում գտնենք վերջապես խաղաղություն։

среда, 29 января 2025 г.

 Ապրել նորից

Երեկոները, երբ օրս ավարտվում է, ես վերցնում եմ մի բաժակ կարմիր անապակ գինի ու նստելով զարդասեղանիս հայելու առջև՝ խոսակցության բռնվում ինքս ինձ հետ։ Խելագարությու՞ն, թերևս, միգուցե... Դուք, հավանաբար սրճում, կամ էլ թեյում եք ու ինքներդ ձեզ հետ խոսելու փոխարեն զրույցի բռնվում ուրիշների հետ։ Հա, համաձայն եմ` դա պակաս խենթություն է, բայց հասկանու՞մ եք, ես կարիք ունեմ ինքս ինձ հետ խոսելու, որ չմոռանամ ինձ...
Լինում են օրեր, որ նայելով հայելու մեջ՝ արտացոլանքիս, այնքան օտար եմ թվում ինձ, որ նույնիսկ վախենում եմ: Չէ, սխալ չհասկանաք, ես տարիների հետ էլ ավելի եմ գեղեցկացել։ Ինձ էլ ավելի շատ ու ավելի լավ եմ նայում ու խնամում։ Գնում եմ քաղաքի լավագույն ռեստորաններն ու մարզասրահները։ Առաջիններում` գրեթե միշտ ես եմ հաշիվը փակում. ձեռքիս միշտ փող կա, թեպետ որպես էդպիսին չեմ աշխտաում, իսկ երկրորդում՝ փորձում եմ գոնե ամոթից ելնելով մեկ-մեկ գնալ. հետո ինչ, որ գենետիկորեն բախտս բերել է մարնիս հարցում։ Վերջիվերջո կարգին գումար եմ տալիս։
Ամուսինս ինձ ոչ մի հարցում չի մերժում՝ ճամփորդել, սովորել, ամեն տեսակ կիսատ-պռատ նախաձեռնությունս հովանավորել։ Ես հաճախ եմ դրսերում լինում` ընկերներիս հետ, իսկ աղջիկներս էլ հաճախ տատիկների կամ դայակի մոտ են մնում։ Մենք խնդիր չենք տեսնում։ Նախանձելի կյանք է չէ՞, բա, ինչի՞ եմ ուրեմն երեկոները ես ինքս ինձ հետ խոսում... ու ու՞մ կամ ինչն եմ մոռացել, որ էդպես փորձում եմ հուսահատորեն վերհիշել։

Ես մեծացել եմ միջին խավի ընտանիքում, եթե, որպես էդպիսին միջին խավ կա։
Հայրս ինժեներ էր՝ ինչպես ինքն էր միշտ պնդում, բայց, մասնագիտությաբ գրեթե երբեք չէր աշխատել։ Փոխարենը զբաղվել էր մե՛կ շինարարությամբ, մե՛կ առուծախով, մե՛կ առաքումներով։ Գումարը շատ չէր լինում, բայց հերիքացնում էր՝ ի հակադրություն իր ժլատ սիրո։
Մայրս բուժքույր էր, ու երկար տարիներ հոգ էր տանում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար՝ դրա դիմաց ստանալով չնչին գումար։ Ես ու քույրս էլ կամ դպրոցում էինք, կամ էլ փողոցում։ Ես ավելի շատ փողոցում. սովորելու հետ շատ սեր չունեի։ Դպրոցն ավարտելուն պես զոռով-շառով ընդունվեցի բուհ։ Տարվա մի մասը «հիվանդ» էի, մյուս մասն էլ լիկվիդներիս էի պատրաստվում. ունեի արդարացում՝ սկսել էի ընկերություն անել մի խոստումնալից երիտասարդի՝ Տիգրանի հետ։ Օրերս խառն էին` իմ տեսակի պես, սիրտս սեր էր առնում նրանցից ում չէր կարելի, ու ես ընկնում էի կրակը... Տիգրանի հետ սկսեցինք հանդիպել, երբ սիրտս կպել էր Արամին. ինքն ամուսնալուծված, ծանր տղա էր, տաս տարի իձանից մեծ։ Հանդիպել էինք իր ընկերությունում, որտեղ որ և աշխատում էի օրվա մի մասը՝ փորձելով համատեղել բուհիս հետ։ Արամը ինձ սիրում էր, բայց ոչ որպես կնոջ, ու ես էնպես էի գժվում էդ մտքից։ Երբ սկսեցինք հանդիպել Տիգրանի հետ, էնպես էի ուզում Արամը խանդեր, արդյունքում Տիգրանն էր խանդում։ Ու խանդում էի ես՝ Արամին, երբ տեսնում էի, թե ինչպիսի կանանց է ուշադրություն դարձնում։
Չգիտեի, որ երկար տարիներ դեռ փորձելու էի դառնալ այդ կանանցից մեկը, որ մի օր սիրելի դառնամ իր աչքին ու սրտին, թեկուզ հեռվից։ Տարիներ անց, անկումներից ու հիասթափություններից հետո միայն հասկացա, որ մեզ սիրում են ուղղակի, մեր տեսակի համար, ինչպիսին որ կանք՝ սխալական ու թերի։ Սիրում են մեր թերությունների համար անգամ ու սիրելով՝ մեզ վերագրում հաճախ գոյություն չունեցող գերհատկանիշներ, իսկ նրանք, ովքեր մեզ  չեն սիրում՝ մեր առավելություններն անգամ տեսնում են որպես թերություններ։
Տիգրանը չորս տարի մեծ էր ինձանից ու արդեն աշխտաում էր։ Ծնողները հոգացել էին, որ լավ գործի լինի, ինքն էլ ճարպիկ տղա էր։ Տեսնելով, որ դժվարությամբ եմ ծայրը ծայրին հասցնում, հաճախ ինձ գումար էր տալիս։ Սկզբում շատ էի քաշվում, բայց հետո, մի տեսակ սովորեցի, մի որոշ ժամանակ անց էլ՝ կարծես իր պարտքն էի համարում, որ հա, պիտի վճարեր, որ իմ պես աղջիկը իր հետ էր, ու իմ պես աղջիկը ոչնչով ոչ մեկից պակաս չէր ու արժանի էր առավելագույնին։ Այսպիսով, վերցնելով տված գումարը շտապում էի ձեռք բերել նոր մոդայիկ շորեր ու կոշիկներ, վարսերս հարդարել ու նոր սիրուն կտրվածքներ անել, համակուրսեցիներիս հրավիրել թանկ սրճարաններ ու լավ զգալ դրանից։ Մի տեսակ ինձ զգում էի ուժեղ ու անկախ։ Հա, հա, մի զույգ նոր կոշիկներով ու ուրիշների մոտ ցույց տալով, թե փող ունեմ ։
Մի օր, խանդի հողի վրա, մեր հերթական կոլեկտիվ հավաքներից հետո, որտեղ հիմնականում տղաներ էին /դե, ինչ անեմ, ընկերներիս մեջ միշտ գերակշռել են տղանեը/ Տիգրանը պնդեց, որ գործս փոխեմ։ Ինքս էլ վաղուց արդեն դեմ չէի, հոգնել էի՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, բայց, ճիշտն ասած՝ ներկայացրեցի էնպես՝ կարծես իր համար եմ դա անում։ Այսպիսով, Տիգրանը սկսեց վճարել ուսմանս վարձը, ես էլ ավելի շատ ժամանակ ունեցա դասերի գնալու։ 
Գնահատում էի Տիգրանին, շա՜տ, ու այո, նաև սիրում։ Կանայք հաճախ ու արդարացիորեն գնահատանքով են սիրում տղամարդկանց։ Տիգրանն էլ ինձ էր գնահատում ու կարելի է ասել՝ խենթանում ինձ համար։ Տարիներ անց եկա այն համոզմանը, որ տղամարդիկ շատ ավելի շատ սիրում են իրենց տանջողին, քան հոգ տանողին։ Իսկ տանջելն ի բնե մոտս լավ էր ստացվում։ Հիշում եք, չէ՞, խառը մարդ էի։
Հարսանիքս կազմակերպել էի ճոխագույն ու հրաշալի օր ունեցա։ Նույնը չեմ կարող ասել ամուսնուս ծնողների ու բարեկամների մասին։ Դե, ինպես ասեմ՝ իրենք ուրիշ աղջիկ էին պատկերացնում իրենց Տիգրանի կողին, որպես իրենց հարս։ Ու ես էլի չգիտեի, որ տարիներ շարունակ, անգիտակցաբար փորձելու էի դառնալ էդ արժանի կինն ու հարսը...
Առաջին աղջկաս ծնունդից հետո մի տեսակ դատարվել էր սիրտս։ Հա ճիշտ հասկացաք՝ հենց դատարկվել։ Հրաշալի մայրերը լցվում են սիրով ու գոհունակությամբ, իսկ ես՝ անշնորհակալ անպիտանս, մի տեսակ դատարկվել էի ու կորցրել ինքս ինձ։ Նայում էի մեկ ծննդաբերությունից հետո այլանդակված մարմնիս, մեկ անվերջ լացող աղջկաս, ու անքուն գիշերները լցնելով դատարկ սրտումս ուզում էի փախչել՝ հեռու, շատ հեռեու։ Փոխարենը իհարկե հեկեկում էի, ու րոպեներ անց անցնում մայրության գործին։ Ամիսներ անց միայն, երբ աղջիկս մեծացել էր փոքր ինչ, հոգսս էլ թեթևացել, գիշերներս էլ քնով լցվել՝ սկսեցի այլ կերպ նայել կյանքիս՝ ավելի սիրուն, ավելի լուսավոր անկյան տակ։ Ինչպես ասում էր բժիշկս. « ջանիկ, հորմոններդ են կարգավորվել»։ Եվ ուրեմն՝ Ամեն։
Ամեն բան լավ էր գնում կարծես, բայց դե գիտեք չէ՞, տարիները մաշեցնում են թե՛ մարդկանց ու թե՛ հարաբերությունները։
Հոգնել էի, չգիտեմ՝ ինձանի՞ց, թե՞ Տիգրանից, միգուցե երկուսիցս էլ։ Ավելի հաճախ էի կազմակերպում կամ գնում ընկերական հավաքների, իսկ Տիգրանն էլ ճիշտ հակառակը՝ ավելի նստակյաց էր դարձել։ Անկեղծ ասած՝ ամեն անգամ տուն գալուց ու նրան բազմոցի վրա գտնելուց՝ մեջս խառնվում էին զայրույթի ու հիասթափության զգացմունքները. ես ուրիշ կյանք էի ուզում։ 
Մի օր արթնացա ու որոշեցի գնալ մեծ թենիս։ Սովորականի պես ընտրեցի օրվա լուքս, հարդարեցի մազերս, շպարվեցի ու օծվելով դուրս եկա տանից։
Կեսօրին արդեն կորտում էի՝ փոքր ինչ ուշացած ու ինչպես միշտ հիասքանչ՝ ձեռագրիս անդավաճան։ Թենիսի սպիտակ շորիկս անթերի էր սազում սլացիկ մարմնիս վրա։ Մտածում էի, թե մարզիչս էնտեղ է ու արդեն ինձ է սպասում, բայց, ոչ։ Այսպիսով, չձանձրանալու համար վերցրեցի ռակետը ու օդում սկսեցի ետ մղել անտեսանելի գնդակները։ Ինքնամոռացության մեջ վայելում էի ինքս ինձ, երբ թիկունքումս զգացի ինչ - որ մեկի ներկայությունը։ Կտրուկ թեքվելով անակնկալի եկա. ժպիտը դեմքին ինձ էր նայում Նա... Չգիտեմ, օ՞րն էր սիրուն ու արևոտ, թե՞ հենց ինքը, բայց սիրտս կարծես վաղուց դադարել էր բաբախել ու հենց այդ պահին միայն սկսեց զարկել։
_ Ես ձեր մարզիչն եմ,- ասաց Նա ժպտալով ու ձեռքը դեպի ինձ պարզելով։ Հիշում եմ նրա ջերմ ափը, ամուր ու միևնույն ժամանակ շատ նուրբ ձեռքսեղմումը։ Շաբաթը երեք օր գնում էի պարապմունքի։ Եթե միայն իմանայիք, եթե միայն պատկերացնեիք, թե ինչ կարևոր ու անգին էին այդ պարապմունքներն ինձ համար... ես ապրում էի, ապրում էի նորից, ապրում էնպես ինչպես երբեք։ Մեջս այնքան ուժեղ էր սերը, որ ես ինձ հենց սեր է, որ զգում էի։
Ամեն օրս հեռվացնում էր ինձ Տիգրանից ու մոտեցնում նրան։
...... զարգացումներ......
Ուզում էի գոռալ, հարվածել իրեն, ասել՝ գիտե՞ս հիմա ինչ է ներսումս կատարվում, գիտե՞ս ոնց եմ հիմա քանդվում, բայց փոխարենը ժպտացի ու ասացի, որ տուն եմ շտապում։ Չտեսնելով կարմիր լույսը՝ շտապեցի արագ հատել փողոցը ու լինել նրանից այնքան հեռու, ինչքան որ հնարավոր էր. ախր կարող էի քանդվել հենց աչքի առաջ.....

Ու նորից, ինձ սիրում էին. ինձ սիրում էին, բայց ոչ որպես կնոջ... ես կոտրված էի, կոտրված այնպես, ինչպես որ երբեք։
Անզորությունից ու հիասթափությունից կորցրել էի ինձ։ Ինձ անճանաչելիորեն այլանդակել էր Նա, ում իմ թիկունքն էի համարում, ու մնում էր միայն այրվել ու մոխիր դառնալ, որ չտեսնեի էդ այլանդակ պատկերը։ Իսկ Նա, իսկ նա չգիտեմ էլ, արդյո՞ք գիտակցում էր ինձ հասցված վնասի չափը։ Անցել էին երկար ու ձիգ օրեր, երբ մի օր հեռախոսս ծնգաց. Նա էր։ Լակոնիկ ու անշաղկապ գրել էր. « Ողջույն, վաղուց չեմ տեսել քեզ. դու շատ թանկ մարդ ես ինձ համար. հուսամ ամեն բան լավ է»։ Վայրկենական հուզմունքի թրթիռն ու ուրախությունը վերափոխվեցին հիասթափության ու դառը արցունքների, երբ ավարտեցի հաղորդագրությունը ու ինձ ոչինչ չեր մնում անելու քան անտարբեր ետ պատասխանելու. « Հեյ, լավ եմ, խառն էի գործերով. հուսամ քո մոտ էլ ամեն բան լավ է»։ Այո, հենց էդպես, սառն ու անհամ կերպով սրտումս դրեցի մի բութ վերջակետ։ Կան մարդիկ, ում հետ մենք անվերջ խոսում ենք, ու կան նրանք, ում հետ մենք անավարտ լռում ենք։

Ու հիմա, նստած հայելու առաջ, նայում եմ ինքս ինձ ու ուզում գրկել ու ասել՝ բավ է, կանգնիր, սրբիր անցածդ ճամփան դառը արցունքներով ու առանց ափսոսանքի փորձիր ապրել նորից. ապրել ինքդ քեզ սիրելով, ապրել ինքդ քեզ հետ։

/մշակվող-շարունակելի/




воскресенье, 17 марта 2024 г.

Քո հոգին 

Քո հոգին օվկիան է մի անհատակ
Ուր խարսխվել են խեղված իղձերդ անապակ,
Ալիքների հետ լողում ես դու կյանքի հոսանքով
Արևի շողերին էլ ժպտում անվրդով,
Բայց բավ է հայացքդ հառես հատակին
Ու դու կձուլվես նորից քո օվկիանին։


Մատներդ

Մատներդ սահում են էջերի վրայով այնպես անհպում,
Ինչպես ճայը օվկիանի վրա, երբ հազիվ է ալիքներին հպվում....

Մարդիկ

Ու մարդիկ՝ կարճմիտ, բազմադեմ ու լայնաբերան
Լեզվով կդատարկեն սրտի պարունակությունը այնժամ։
Վայր կընկնեն դիմակները մաշված ու կարկատված
Վերհիշելով իրենց էությունը՝ մոռացության մատնված...

среда, 14 февраля 2024 г.

Էմիլին , նապոն ու կախարդական ծածկոցը...



 Շուրջը թարմ ու խիտ կանաչ էր՝ կարծես խիտ հյուսված գորգ՝ նկարազարդված գույնզգույն ու սիրունագույն ծաղիկներով՝ արևի դեղին խատուտիկնրով , երկնքի կապույտ զանգակներով ու պստլիկ հանդուգն մանուշակներով, որ ձգվում էին վերև ու չարաճճիորեն  աչք գրավում։
Օդը լցված էր ծաղիկներից եկող անուշահոտությամբ
փոքրիկ մեղվիկները շտապում էին ծաղիկների նեկտարը անուշ անելուօվկյանն էլ  ալիքների իր երգն էր երգում ու խաղաղության անխաղտելի ներդաշնակությունը սփռում ՝ Էդեն կոչվող գյուղակում։

 Հանկարծ մեղմ քամու ընթացքը շեղվեց հեռվից եկող շրշյունով։
Պոքրիկ ոտնահետքերի ձայնը միախառնվել էր հոնգուր-հոնգուր արտասուքի հետ։
Հորիզունում շուտով հայտնվեց փոքրիկ մի աղջնակ՝ բարալիկ, ամպի պես ճերմակ, ոսկեծամ ալիքներով ու թաց կապույտ ակներով ։ Գլուխը կախ, նա քայլում էր՝ քարշ տալով գունավոր ծածկոցը։
 _Հեյ, դու ո՞վ ես ու ինչու՞ ես լալիս, - խոսեց նապոն՝ ծաղիկների միջից դուրս գալով ։
_
 Ես՞, ես աղջիկ եմ, Էմիլի, - արցունքները սրբելով պատասխանեց Էմիլին։
_  Ինչու՞ ես լալիս աղջիկ Էմիլի, - հարցրեց նապոն
` մոտենալով Էմիլիին։
_ Ես, ես, - կմկմում էր Էմիլին, արցունքները կուլ տալով ու փոձելով մտքերը հավաքել, _ ես լալիս եմ ստվերների պատճառով
: Դրանք սողոսկել էին մեր բակուր ես խաղում էի ընկերներիս հետ ու ընկել էին իմ հետևց։ Ես վախեցած  վազում էի ու տեղ չէի գտնում թաքնվելու, թվում էր ուր որ է ոտքիցս պիտի բռնեն ու քաշեն, ապրումներից Էմիլի աչքերը նորից լցվեցին, - ես վազում էի ու հանկարծ մայրիկս առջևումս հայտնեց ու պարզեց այս ծածկոցը։ Նա ասաց, որ ծածկվեմ այդ կախարդական ծածկոցով ու վայրկյաններ անց ծածկոցը կտանի ինձ ապահով տեղ։
Ես ծածկվեցի ու հայտնվեցի այստեղ, իսկ մայրիկիս չեմ կարողանում գտնել, նա երևի մնաց այնտեղ
`ստվերների մոտ։
Արցունքները հորդում էին Էմիլիի այտերով։ Նապոն
 էլ աչուկներն էր ճպճպացնում ու նայում Էմիլիին։ Վայրկյաններ անց, կարծես ետ գալով ապրումներից ու մտքերից, նա մոտեցավ Էմիլիին ու խոսեց։
_Էմիլի, իսկ դու վստա՞հ ես որ ծածկոցը կախարդական է,  ու արդյո՞ք
 կարող է այն մեզ նորից վերադարձնել մայրիկիդ մոտ։ Մի փոքր լռելուց հետո նա շարունակեց, _ Ես քեզ կօգնեմ պայքարելու ստվերների  դեմ ու փրկելու մայրիկիդ։
Էմիլին աչքերը կլորացրել էր զարմանքից ու հրճվանքից ։
_ Նապո, դու
 իրո՞ք ինձ կօգնես։
Նապոն ժպտալով մոտեցավ Էմիլին ու բռնելով նրա ձեռքերը գլխով համաձայնության նշան տվեց։
Էմիլին ուրախությունից գրկել էր նապոյին ու կրկնում էր
. <<մենք հետ կբերենք մայրկին, մենք հետ կբերենք մայրիկին>>, կարծես չհավատալով իր երջանկությանը։




Էմիլիի ու Նապոյի արկածների սկիզբը ...

-Էմիլի, փորձիր հիշել էդ ակնթարթը, երբ ծածկոցը քեզ տեղափոխեց էստեղ։
Մենք պիտի հասկանանք ինչպես է ծածկոցը աշխատում ։
_Նապո, ես, ես չեմ հիշում։
_ Էմիլի, մի հուզվիր, 
հանգիստ շնչիր ու արտաշանչիր, արի միասին, մեկ-երկու, շունչ- արտաշունչ, շունչ-արտաշունչ։ Իսկ հիմա մտովի հետ գնանքես քեզ հետ եմ, մի վախեցիր։
_ Նապո, ես քայլում էի անտառով. էնտեղ էնպես կանաչ էր, արևոտ ու սիրուն. Ես լսում էի թռչունների երգը, ընկերներս վազվում էին շուրջս, բայց հանկարծ ամեն բան մռայլվեց ու ցրտեց ու հայտնվեցին ստվերները
ես վախեցա նրանցից ու սկսեցի վազել։ Թվում էր, ուր որ է կբռնեն  ինձ, բայց էդ պահին, հայտնվեց մայրիկսես վերցրեցի ծածկոցը ու հայտվնեցի էստեղ, չգիտեմ էլ ինչպես։
- Հմմմ, միգուցե՞, երբ վախենում ես ծածկոցը ակտիվանում է՝ հասկանալով որ ունես իր կարիքը։
-Բայց ինչպե՞ս վախենամ: Հիմա ստվերներ չկան։
_ Միգուցե՞ մեկ ուրիշ բան լինի
, որ կվախեցնի քեզ ու էդ պահին կհիշես ծածկոցի մասին, ու նա քեզ կտանի հեռու։ Իսկ հիմա արի գնանք իմ տնակ, ես քեզ կհյուրասիրեմ համեղություններ ու անուշ թեյ։
_Նապո, դու շատ 
շատ բարի ես:  Ինչ լավ է, որ քեզ հանդիպեցի, - ոգևորված խոսեց Էմիլին՝ ամուր գրկելով Նապոյին։
Մեկ, երկու, 500-700, 2000-3000 ու էլի անհաշվելի քայլեր սաղարթախիտ անտքառներով ու նրանք հասան փոքրիկ դեղին դռնակի մոտ, որ կիսով չափ հողի տակ էր։
_Ահա և իմ տնակը, - ասաց Նապոն։
_ Ինչ սիրուն դուռ է, արևի շողերի պես դեղին, - ասաց Էմիլին հետևելով Նապոյին։
Կռանալաով նա անցավ դռնակից ներս,  իսկ ներսում իսկական հեքիաթ՝ պատերը պատված էին գույնզգույն ծաղիկներով։ Փոքրիկ, բաց երկնագույն կարճլիկ վարագույրների տակից աչքերը լայն բացել էին պատուհանները։ Դրանց գոգերին իրենց տեղն էին գտել անուշաբույր ծաղիկները։ Սպիտակ ու դեղին  դեղձանիկնրն է
լ թառել էին պատուհանին ու երգում էին իրենց կենսախինդ երգը։ Կենտրոնում փայտե սեղանն էր` իր 4 աթոռներով, իսկ սեղանին էլ սկուտեղներ՝ լի զանազան մրգերով ու հատապտուղներով։ Քիչ հեռու պատին էր հենվել սպիտակ պահարանը, որ զարդարված էր բազմաձև ու գունագեղ բաժակներով ու ափսեներով։ Վառարանն էլ պահարանի կողքին սպասում էր, թե երբ են իրեն փայտ հրամցնելու։
Անկյունում կանաչ բազմոցն էր, կողքն էլ  փոքրիկ կլոր փայտե սեղանը՝ վրան դրված կիսաբաց գրքով, ու շոկոլադով կիսալի բաժակով։ Բազմոցից քիչ հեռու  հպարտ կանգնել էր կամարաձև գրապահարանը՝ լի զանազան, գույնզգույն գրքերով։
_ Նապո, ինչ գեղեցիկ է այստեղ, ոգևորված բացականչեց Էմիլին։
Նապոն ժպտալով մոտեցավ սպիտակ պահարանին ու վերցրեց այնտեղից երկու բաժակ ու ափսե։ Րոպեներ անց սեղանը պատրաստ էր։ Էմիլին ուտելով անուշությունները շնորհակալություն հայտնեց նապոյին ու օգնեց նրան հավաքել սեղանը։
_ Էմիլի, վաղը առավոտյան մենք ճամփա կընկնենք մոտակա գյուղակ, - այս խոսքի վրա փոքրիկ դեղին դուռը բացվեց ու ներս մտավ բարձրահասակ մի մարդ՝ ոտքից գլուխ սև հագած։ Գլխարկը քաշել էր գլխին էնպես, որ դեմքը չէիր տեսնի, իսկ ձեռքին էլ զենք էր։
Էմիլին չէր հասկանում ինչ էր կատարվում, միայն զգում էր վախ ու վտանգ։
Նա արագ վերցրեց ծածկոցը ու վազեց նապոյի մոտ։ Վայրկյաններ անց նրանք արդեն այլ վայրում էին։
_ Էմիլի, դու դա արեցիր նորից, քեզ մոտ ստացվեց, - բացականչեց նապոն։
_Նապո, ասա ինձ
ո՞վ կամ ի՞նչ էր էդ սևազգեստը։
_ Չար վհուկի օգնականն է Էմիլի:  Նա ուզում է բռնել ինձ ու դարձնել իր օգնականը։
_ Բայց ինչու՞ հենց քեզ նապո։
Նապոն գլուխը կախեց, ու մի փոքր խորհելուց հետո ասաց, - ես սովորական նապո չեմ։ Ես կարողանում եմ իմ ներկայությամբ հազարապատկել դիմացինի ուժն ու ունակությունները։ Վհուկն ուզում է ինձ օգտագործել ու լինել էլ ավելի ուժեղ։
_ Նապո, ծածկոցը անհետացել է, - հուզված բացականչես Էմիլին՝ նայելով շուրջբոլորը։
Երկար փնտրտուքներից հետո նրանք ուժասպառ նստեցին խոտին ու Էմիլին սկսեց արտասվել։
_ Նապո, ես էլ չեմ կարողանա գտնել մայրիկիս, ու ոչ էլ կարող եմ օգնել քեզ
եթե վտանգ լինի։
Նապոն գլուխը կախ մոտեցավ Էմիլին։
_ Լսիր, գիտե՞ս, ես միշտ չէ որ իմացել եմ ուժիս մասին։
Կախարդանքի ուժը քո մեջ է Էմիլի, դու ես սարքում ծածկոցին կախարդական, ու դու կարող ես կանգնեցնել ստվերներին։



Արևի
 շողերը չարաճճիորեն խաղում էին ոսկե ծամերի հետ ու գգվում արևավառ թարթիչներիներբ լազուր աչուկները բացվեցին ու փոքրիկ Էմիլին ցատկեց տեղերից։
_
Նապո,- հոգոց հանեց Էմիլին՝ տրորելով աչուկները։ Նայելով կող ու կուշտը ու ետ գալով երազիցԷմիլին վազեց ննջասենյակից դուրս։ Մտնելով խոհանոց նա գրկեց մոր փեշից ու առանց շունչ քաշելու սկսեզ պատմել իր երազի ու կախարդական նապոյի մասին։

Երեկո էրընթրիքի սեղանի շուրջ Էմիլին աշխուժորեն պատմում էր ծնողներին իր բոլոր դպրոցական ընկերների ու իրենց արկած-խաղերի մասին։
Աննան ու Նատալին ինձ օգնեցին պատժել  Դավիթին։ Պատկերացնու՞մ ես պապաԴավիթը նեղացրել էր մեր ընկեր Դանիելինիսկ Դանիելը շատ վախկոտ է ու չի կարող իրեն պաշտպանել։ Դավիթը հրել էր Դանիելին խաղահրապարակում ու ծաղրել որ մեզ հետ է ընկերություն անում։ Ես ու Նատալին էլ...


-
Էմիլի, -  հերիք խոսեսընթրիքդ սառեց, - զսպված ժպիտով հանդիմանեց մայրը։
Էմիլին մտածկոտ դեմք ընդունելով լռեց ու մի քանի գդալ ապուր ուտելուց հետո վերսկսեց նորից,
Մամաբայց չէ՞ որ հետաքրքիր պատմություններ ենչէ՞,- /մայրը զսպում էր ծիծաղը/այնուհետև գլուխը թեքելով հոր կողմը իր մեծ ու լազուր աչքերով թախանձեց հոր աջակցությունը։
Հայրը ժպտալով պատասխանեց,- Անուշսիհարկե շատ հետաքրքիր ենբայց ճաշդ ավարտիրիսկ պատմությունները հետո։
Ճաշի ավարտից հետոթեյի սեղանի շուրջ Էմիլին վերագտավ իր ունկնդիրներին ու պատմությունները սկսեցին նորից ու չավարտվեցին մինչ քնելը։


Էմիլին նորից հանդիպում է Նապոյին

Նապո,- գոչեց Էմիլին ու վազեց Նապոյին գրկելու։

Նապոն ուրախությունից կարմրատակելով գրկեց Էմիլին, _ Ես էլ քեզ էի կարոտել Էմիլի։

вторник, 30 января 2024 г.

 Մայրամուտի արևը
Մայր մտնող արևի բոսորագույն շողերը ողողել էին Արամի արևախանձ դեմքը: Պրկված բազուկները, որ վարժորեն հերկում էին հողը՝ հոգնությունից արդեն ծանրացել ու կախվել էին։ Արամը մի կողմ ձգելով բահը պարզեց կորացած մեջքը ու վերնաշապիկի թևքով սրբեց ճակատին սառած քրտինիքի կաթիլները։ Շունչ քաշելով նա մեջք արեց ըմբոստ քամուն ու հայացքը հառելով մայր մտնող բոսորագուն գնդին՝ ընկավ մտքերի մեջ։


Դրսում  1988 թիվն էր, կյանքը դեռ չէր պատմել իր մասին։ Արամը մի միամիտ պատանի էր, իսկ Արփին էլ անհասանելի արև։
Արփին 16 էր, երբ ծնողների հետ տեղափոխվեց Սպիտակ։ Անվան պես արևոտ աղջիկն այդ փողոցի սերն ու ուշադրությունն էր. մեծից փոքր սիրում էին նրան, սիրում էր և Արամը, հենց առաջին հայացքից։

понедельник, 29 января 2024 г.


Երկերես Պատերազմը


Հայացքով գրկել ու հրաժեշտ էր տալիս… Հայրենիքի ու իր արանքում ինքնաթիռի սառը պատուհանն էր։ Ծանրության ու զայրույթի զգացմունքները խառնվել էին իրար։ Չգիտեր՝ ատում է հայրենի՞քը, բա՞խտը, թե՞ ինքն իրեն։ Ուշ երեկո էր, երբ տաքսին կանգնեց իրեն հատկացված տան դիմաց։ Իջնելով մեքենայից` Կարենը կիսաժպիտով նայեց շուրջբոլորը, կարծես ողջունելով իրեն սպասվելիք կյանքը։ Մտքերի մեջ էր, երբ ճամպրուկների շխշխկոցը ու սևամորթ տաքսու վարորդի «բարի գիշերը» ետ բերեց նրան իրականություն, որն ավելի մոտ էր ու շոշափելի, քան իր անոտ մտքերը։ Այդ գիշեր աչք չկարողացավ կպցնել։ Անկողնում երկար շուռումուռ գալուց հետո՝ վեր կացավ, հագնվեց, և վերցնելով սիգարետը դուրս եկավ բակ։ Դրսում տաք ամառային երեկո էր, լիալուսնի լույսը ողողել էր ողջ բակը. իրեն հարազատ թաղերի թթենու ծառերի փոխարեն շուրջը երկարավիզ պալմաներն էին ու օտարությունը։ Սիրտը լիքն էր, իսկ ներսը դատարկ։ Հանեց գրպանից սիգարետի տուփը ու նայեց տպագրությանը՝ «Արարատ». սեղմեց տուփը ափի մեջ ու հաջորդ րոպեիս նա ալևս զանգ էր տալիս դեպի տուն. «մամ ջան, բարև, հա, հասել եմ..»...

Ու մարդ ու կին էլի գնում էին բակ՝ կանաչի ծախելու։ Միայն թե, էլ առաջվա կատակախոս կնոջից ու ժպտերես ամուսնուց մնացել էին լոկ իրենց դեմքերը՝ անկյանք ու դատարկ։ Գնորդները չէին էլ համարձակվում նույնիսկ ցավակցել, նախ՝ ուղղակի չէին կարող, համ էլ՝ ցավը շատ մեծ էր կցելու համար։ _Գիտես չէ՞, մի տղա ունեին միայն, մի լուսավոր ու խելացի տղա. մարդ ու կին ողջ օրը էստեղ, արևի տակ, անձրևին ու ցրտին, առավոտից մինչ երեկո, ժպիտնեը երեսներին իրենց բերքն էին վաճառում, որ հասցնեին վճարել ուսման վարձը, - խոսեց վաճառական Անո տատին՝ հանձնելով մրգերով լի տոպրակը իրենց հավատարիմ հաճախորդին։ Վերջինս աչքերը լցնելով պատասխանեց,
_Հա, գիտեմ, էդ մի մինուճար տղան ունեին։ Ամեն անգամ իրենցից գնումներ անելիս հիացմունքով պատմում էին, թե ինչ գերազանց է սովորում, ու ինչ սիրուն երազանք ունի՝ փրկելու էնքան կյանքեր ինչքան կարող է։
Դադար տալուց ու աչքերը սրբելուց հետո շարունակեց, _ Ափսոս, որ հողը մտավ ջահել-ջահել, թաղելով իր երազանքներն էլ..., _ ու չկարողանալով շարունակել՝ հեկեկաց։ Անո տատին հայացքով գրկել էր կնոջն ու սփոփում էր. գիտեր` պատերազմում բոլորն էլ կորցրել էին. ոմանք՝ ինչ-որ մեկի, ոմանք էլ՝ ինչ-որ բան։

_Երբ մեծանամ պիտի ինժիներ դառնամ, որ ժամանակի մեքենա սարքեմ, ու մարդիկ չծերանան, պապ։
-Իմ խելացի տղա, ապրես,- ասաց մայրը՝ հայացքը կտրելով համակարգչից։ Մտքերը
շուտով հավաքեց ու ավարտեց նախադասությունը. « պիտի պայքարել հանուն հայրենիքի, ոչ մի գին թանկ չէ հայրենիքի համար»։
_  Լիլիթ, դու հավատու՞մ ես գրածներիդ, _ ասաց Արսենը՝ հայացքը գցելով համակարգչի էկրանին։
_Հա, հավատում եմ Արսեն,- պատասխանեց Լիլիթը՝ շարունակելով միտքը. «մեր զավակները պիտի պայքարեն ու ապրեն ազատ ու բարգավաճող հայրենիքում»։
_Լիլիթ, դու պատրա՞ստ ես տղայիդ էլ ուղարկել պատերազմ հանուն հայրենիքի։
Լիլիթը հայացքը կտրեց էկրանից ու թունոտ նետեց,
_Ի՞նչ ես խոսում, Արսեն։ Կթողե՞ս հանգիստ գրեմ, գործերովդ եղիր։
Արսենը ոտից գլուխ հայացք նետեց վրան ու ավելացրեց,
_Հա, ես գնամ գործերս անեմ, որ դու օտարության մեջ տանջվես բարգավաճ կյանքով ու դատարկ-դատարկ պոստեր անես հայրենասիրության մասին։
Դուրս գալով սենյակից` Արսենը քայլեց դեպի մեքենան, ու վայրկյաններ անց նա այլևս չէր երևում հորիզոնում։
_Մամ, ես պիտի պատերա՞զմ գնամ։ Խնդրում եմ, ես չեմ ուզում։
_Չէ տղաս, - անհանգիստ ու հուզված ձայնով պատասխանեց Լիլիթը,- ես երբեք չեմ թողնի, որ գլխիցդ մազ պակասի։ Տղան ուրախ ժպտաց մորը ու շարունակեց ընդհատված խաղը։

-Հենց մեծանամ ուզում եմ զինվոր դառնալ, որ սպանեմ էնքան թուրք, ինչքան հնարավոր է, մա։ Ազնիվը դառը ժպիտով նայեց մե՛կ ութամյա տղային, մե՛կ էլ պատից կախված ամուսնու նկարին ու ոչինչ չասաց։ Օրերը սառն ու դառն էին Արևաշատ գյուղում։ Բախտի հեգնանքով, միակ արևը գյուղի անվան մեջ էր միայն։ Մարդիկ դարձել էին սովորականից ավելի լուռ, տղամարդիկ՝ սովորականից ավելի մռայլ, կանայք՝ հոգսերից ավելի կորացած ու ճերմակած, իսկ երեխաններն էլ խաղերում միայն զինվոր՝ սարից այն կողմ տեղակայված թշնամու զինվորների դեմ պայքարող։ Արևաշատ գյուղում օրը սկսում էր շատ վաղ ու ավարտվում գործերի վերջանալուն պես միայն։  Այստեղ փողոցները կնճռոտ էին ու խիստ ցեխոտ, տներն էլ  ծուռ ու մուռ՝ էդտեղ ապրող մարդկանց բախտի պես։ Աքաղաղի ծուղրուղուն էր ազդարարում օրվա սկիզբը՝ հանելով մարդկանց իրենց տաք անկողիններից։ Տղամարդիկ օրը սկսում էին մի բաժակ սուրճով ու սիգարետով. օրվա վերջում կորում էր թե՛ արված գործերի, ու թե՛ սուրճի ու սիգարետի հաշիվը։ Ազնիվը, գյուղի մյուս կանանց պես արթնանում էր բոլորից մի ոտ շուտ. հոգսերը շատ էին, իսկ օրն էլ՝ կարճ։  Հերթական առավոտն էր. ծուղրուղուն դեռ չէր կանչել, արևն էլ դեռ վեր չէր կացել սարի ստորոտից։ Ազնիվը փութկոտ վեր կացավ անկողնոց, հագնվեց, առանց հայելու մեջ նայելու երկար վարսերը հյուսեց ու դարսեց գլխավերևում։ Մանրիկ քայլերով մոտեցավ ու բացեց բակի ճռռացող դուռը. առավոտյան սառը օդը սրթսրթացրեց։ Կոճկելով հնամաշ ժակետի կոճակները՝ Ազնիվը փութկոտ հագավ ռեզինե կոշիկնեը ու քայլերն ուղղեց բակ. ոտքերի մոտ հավաքված հավերին կեր նետեց, շան լափամանի մեջ նախորդ օրվանից մնացած ուտելիքի մնացորդներն ու ջուր  լցրեց, այնուհետ բացեց անասնագոմի դուռը։ Այստեղ բառաչելով Ազնիվին էր սպասում Ծաղիկ կովը։ Շոյելով կովի գլուխը ու վերցնելով փոքրիկ աթոռակը՝ նա նստեց կովին հակադիր. ալյումինե դույլը պարզեց որովայնի տակ ու հմտորեն պտուկները առնելով սառած մատների մեջ՝ դատարկեց տաք կաթը։ Մտքերի մեջ էր, երբ լսեց հերթապահ հովվի ձայնը։ Դույլը մի կողմ պարզելով՝ Ազնիվը հանեց երկու զույգ ոչխարներին հովվին ընդառաջ։ 
-Բարի լույս, Ազնիվ քուրիկ, - զրնգուն ողջունեց պատանի հովիվը:
-Բարի լույս, Ռուբեն ջան,- ջերմորեն պատասխանեց Ազնիվը՝ հենվելով փայտերով կարկատած խալխուլ ցանկապատին։
Արևն արդեն վեր էր կացել սարերի ստորոտից։ Պարզելով դեմքը դեպի ջերմացնող գունդը ու այտերի վրա զգալով արևի շողերը՝ Ազնիվը հաճույքից փակեց աչքերը՝ կորելով մոռացության րոպեում. լավ է՝ այսօր հովվության իր հերթը չէր։

«Իսկ նա չգիտեր, որ կյանքը կշարունակվի, ու մարդիկ կսկսեն ապրել նորից. որ էդ կյանքում էլի կլինի ամեն բան՝ բացի իրենից. որ կյանքը կշարունակվի այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել ։ Միայն թե մենք, ուրվականների պես կթափառենք ապրողների մեջ, մեր ներկայությամբ հիշեցնել տալու մոռացված ցավը, որ հոսում է մեր մեջ, օրից օր, առավոտից մինչ իրիկուն։  Լավ է, նա չի իմանա էդ մասին։Կյանքը աներեսաբար կշարունակվի նորից, բայց, առանց նրա»..
_Տիկին Անահիտ ձեզ գինի լցնե՞մ,-մատուցողի հարցը ետ բերեց տիկին Անահիտին իրականություն՝ որդու՝ Հայկի լավագույն ընկերոջ հարսանիքին։
_ Չէ, շնորհակալ եմ տղաս։
_Տիկին Անահիտ, ես հպարտանում եմ ձեզանով, ձեր կամքով, ձեր տղայի շնորհիվ է, որ մենք բոլորս էստեղ ենք, ապրում ենք, _ խոսեց միջահասակ տարիքի մանկահասակ կինը՝ մոտենալով տիկին Անահին։ Վերջինս մեղմ ժպտաց, բայց ոչինչ չգտավ ասելու։

Պատերազմը համ է, հոտ է, աներևույթ բայց մշտապես օդում կախված մի դառնանհամ զգացում է։ Ուզում ես ուտել, բայց կուլ չի գնում, ուզում ես խոսել կյանքի մասին, բայց խոսակցությունը թեքվում է այլ կողմ, ուզում ես ժպտալ, բայց մի տեսակ դեմքիդ մկանները չեն ենթարկվում քեզ, իսկ երբ ստացվում է մոռացության մի վայրկյանի մեջ խցկել մի ժպիտ, հաջորդ վայրկյանիս այն սառում է դեմքիդ։ Պատերազմի օրերին մեղք է ապրելը, ու էդ մեղքի զգացումով բացվում են մեր աչքերը մինչ փակվելը՝ հուսահատ սպասումից ու հոգնությունից։ Իսկ ինչ որ տեղ քունը երկար է ու քաղցր, ժպիտը լայն ու անկեղծ, ուտելիքը զանազան ու համեղ, բաժակները լի ու կենացներն էլ անուշ, շատ մոտ ու միևնույն ժամանակ շատ հեռու ինչ-որ տեղ։

_Ազնի՜վ, ա՜յ Ազնիվ,-ձայն էր տալիս հարևան Համեստը՝ բակի մոշերի արանքից։ Ազնիվը հայացքը կտրեց հողից, փոշոտ ափը պազեց ճակատին ու կկոցելով աչքերը նկատեց մոշի թփերի արանքից ծիկրակող Համեստին։
Համեստը ուժեղ կամքի տեր մանկահասակ մի կին էր։ Հոգսերն ու սառը, դառը օրերը չէին կարողացել ոչ սառեցնել ոչ էլ դառնացնել նրա արևոտ տեսակը։ Ժպիտը միշտ դեմքին, զրնգուն ձայնով Համեստը սիրում էր կյանքը ինչպես որ է, սիրում էր իրենց սարի գլխին տեղակայված փոքր գյուղը՝ իր ծուռ ու մուռ տներով, լայն ու ցեխի մեջ կորած փողոցներով ու էնտեղ ապրող բոլոր համագյուղացիներով։ Ամեն օր, կեսօրին, երբ երեխաները դպրոցում էին, ամուսիններն էլ հանդում կամ սարում, կանանց կտրում էր իրենց՝ ավարտ չունեցող գործերից ու կանչում սրճխմության։ Այդժամ հավաքվում էին գյուղի կանայք կեսօրի կենսատու սրճի սեղանի շուրջ ու վայելում ոչ միայն սուրճն այլև՝ իրենց կանացի խոսակցությունները։ Չգիտես՝ սուրճի՞ց, թե՞ խոսակցություններից թեթևացած, կանայք լիցքավորվում էին ու հրաժեշտ տալով միմյանց անցնում իրենց առօրյա հոգսերին։
_Բարև Համեստ ջան։ Ի՞նչ է պատահել։
_ Այ տնաշեն, ի՞նչ պիտի պատահի, ու՞ր է երկու օր է չկաս։
Ազնիվը վեր կացավ, ուղղեց կորացած մեջքը ու ձեռքերը կողքերը պարզելով՝ կարծես արդարանալով ասաց,
_ Այ Համեստ ջան, ախր ես մենակ եմ, հոգսս էլ շատ։ Չեմ հասցնում։
Համեստը խեթ-խեթ նայեց Ազնիվին ու զայրացկոտ նետեց,
_ Ես էլ եմ հա՞ մեռել։ Ինչի՞ մի բերան ձեն չես տալիս,- ու չթողնելով որ Ազնիվը պատասխանի՝ նեղացկոտ վրա բերեց,- հա, դե իհարկե, մենք հո ընկերներ չենք, համ էլ մարդ կա շա՜տ հպարտ է։
Ազնիվը ջերմորեն ժպտալով առաջացավ դեպի Համեստը,
_Ախր էնպես չէ, որ քո գործերն էլ քիչ են, Համեստ ջան։ Քեզ հո քո գործերից չե՞մ կտրելու որ իմն անես։
Համեստ ոտքից գլուխ չափեց Ազնիվին ու ասաց,
_Հ՞ն, էս հողը պիտի վարես, չէ՞,- ու առանց պատասխան սպասելու հեռացավ։
Րոպեներ անց մոշերի թփերի արանքում երևաց Համեստը՝ բահը ձեռքին։ Ազնիվն ուզում էր բան ասել, բայց Համեստը լռեցրեց վրա բերելով. «Անցանք գործի»։ Ազնիվը հիացմունքով ու երախտապարտությամբ լի հայացք ձգեց Համեստի վրա ու ոչինչ չասելով առավ բահն ու մեջքը դեմ տալով արևին անցավ գործի։

_Ախպերս, մենք ուրիշ թիվ էինք պայմանավորվել էս գործի համար,- զայրույթը մի կերպ զսպելով խոսում էր Կարենը։
_Հա, ուրիշ բան էինք խոսել, բայց հիմա էսա, էս գործը էժանով անող լիքը մեքսիկ կարամ բերեմ։ Չես ուզում՝ մի արա,-ինքնավստահ ու անտարբեր խոսում էր Գարիկը՝ ձեռքի մեջ  վերջին մակնիշի մերսեդես մեքենայի բանալիները ճոճելով։
Կարենը հասկանում էր, որ իմաստ չունի ոչ մեջ բերել իրենց՝ հայրենակիցներ լինելու փաստը ու ոչ էլ ազնվության նարատիվներ կարդալ։ Փոխարենը՝ հաշտվեց այն հանգամանքների հետ որում որ հայտնվել էր ու խզված ձայնով նետեց,
_Լավ, կանեմ։ Գիտես, որ գլուխս պիտի պահեմ։ Գարիկը ժպտաց, սեղմեց Կարենի ձեռքը ու քայլերն ուղղեց դեպի մեքենան։ Փորը խցկելով իր ու ղեկի արանքում, նա սլացավ փողոցն ի վար՝ թողնելով Կարենին փողոցում շվարած-կանգնած։
Գարիկը վաղուց էր գնացել, իսկ Կարենը գամվել էր տեղում ու ընկել մտքերի մեջ։ 

Լիլիթ, էլի՞ էդ անիծյալ էկրանի դիմաց ես։ Տեսե՞լ ես տանդ վիճակը,- զայրացկոտ դիմեց Արսենը Լիլիթին։
Լիլիթը շանթահարվածի պես տեղից վեր թռչելով կլորացրեց աչքերն ու հարձակվեց Արսենի վրա,
-Արսեն, ես քեզ համար ո՛չ մաքրուհի եմ, ո՛չ էլ սպասուհի։ Չհամարձակվե՛ս հետս նորից էդպես խոսել, լսեցի՞ր։
Հիասթափության ու զզվանքով լի հայացք նետելով կնոջ վրա Արսենը հեգնական նետեց,
_Չէ իհարկե, ներեցեք, դուք էս՝ տուն կոչվող հիմնարկի տնօրենն եք, ես էլ հասարակ աշխատող, որ պարտավոր է օրն ի բուն աշխատել ու ձեզ գոհացնել։ Ներեցեք նվաստիս, որ կտրեց ձեզ շա՜տ կարևոր գործերից. ախր էդքան խելք չունեմ, որ հասկանամ, հայրենիքը ու էդ համացանցը կանգուն են քո պոստերի ու մեկնաբանությունների շնորհիվ։
Լիլիթը վիրավորված մեջք արեց Արսենին ու ինչ-որ բան մրմրթալով դուրս եկավ տանից։
_Ալո, բարև Ան, տա՞նն ես։ Չէ, բան չի եղել, հիմա կգամ քո հետեվից մի քիչ դուրս գանք ցրվելու։ Ան, հիշու՞մ ես, որ էն գործի առաջարկը մերժել էի. կարա՞մ ընդունեմ հիմա. եթե կարճ ժամանակով աշխատելը խնդիր չի լինի։

-Ֆելիքս ջան, էս վերջին կանաչիներն են մնացել, ցուրտ է, միգուցե արդեն տու՞ն գնանք,-սառած ափերը իրարով անհույս տաքացնելու փորձերից հետո ալեհեր Նարինեն դիմեց ոչ պակաս սառած, բայց, ցրտին դեռ դիմադրող ամուսնուն։

_Լավ Նարին ջան, գնանք, էսօր առևտուրը էլի վատ չէր։
_Հա Ֆելիքս ջան, Փառք Աստծո։
Այր ու կին հավաքելով մնացյալ կանաչիները ու դարսելով արկղերը խորհրդային տարիներից մնացած հնամաշ մեքենայի մեջ՝ շտապեցին տուն։
 Տան լույսերը չէին վառվում. իրենց տանը սպասող չունեին։ Մեքենան կայանելով բակում ու վերցնելով օրվա բերքի մնացորդը՝ նրանք քայլերն ուղղեցին տուն։ Ներս մտնելով՝ Նարինեն շտապեց միացնել վառարանը ու թեյնիկը դնել գազօջախին։ 
Րոպեներ անց վառարանը թեժացավ՝ տաքացնելով սառած տան հնամաշ պատերը։
Նարինեն թեյի համեստ սեղան գցեց ու խոտաբույսերով անուշաբույր թեյը մեկնեց սեղանին։ Ամուսիններով նստել էին փոքրիկ խոհանոցի նեղ սեղանի շուրջ ու անշտապ վայելում էին տաք թեյն ու օրվա բարիքները՝ բալի մուրաբա, պանիր ու կանաչի։

«Փառք Աստծո», «Տիրոջ կամքով»... ու էսպես Աստծուն հենարան առած, անաստված իրողությունները քարշ տալու ուժ ձեռք բերելու հույսով, կյանքի թեք ու անհարթ ճանապարհներով ընթանում են՝ իրենցից հույսները կտրած, բայց Աստծուն ապավինող խենթ ու խելառ մարդիկ։

/մշակվող-շարունակելի/





пятница, 19 января 2024 г.

 

Broken Man

That face as pale as the moon at night is striving to share the light through the dark.
Those eyes that look through places and faces so far but see nothing since they are blind from inside.
Hands that used to make someone so warm now are trembling uselessly in autumn.
Legs that lead through the streets side by side are not leading anywhere, such a sad fact.

Piece by piece trying to gather yourself from the ruins you have created yourself,
And there comes a moment when you can not get ruined again as you are made of it, is not it insane?
Days are passing like shadows at sunset, and soon, all the bad things you are going to forget.
Life is a colorful tricky game of one set, so play and enjoy it but never dare to regret.