воскресенье, 3 июля 2016 г.

 Խաղերի հետ էլ սեր չունեմ

Հա ժպտա, ժպտա սիրունս, ժպտա  քո սիրուն ժպիտով, էն ամենալայնով, որ ճերմակ ատամներիդ փայլը ընկնի հոգուս աչքերի մեջ ու խորամանկ աչուկներումդ չկարդամ. <<եթե միայն իմանայիր...>> :
Խոսիր, խոսիր անուշս, շաղ տուր էն քո սիրուն ստերը, էնպես շաղ տուր ականջներիս, որ խցանվի ու չլսեմ սրտիդ ժիչը . << Դու հիմար ես, եթե միայն իմանայիր թե ես...>>:
Ազատ քեզ զգա, խաղա ինձ հետ: Ես կլսեմ ու  կփորձեմ քեզ հավատալ, հենց հավատամ երջանկությունից ես ծափ կտամ, թե վատ խաղաս` բիս չեմ կանչի. կհեռանամ, որ մոռանամ խաղդ տկար:
Չէ անուշս, դու մի պնդիր, որ քեզ լսեմ, վախենում եմ չդիմանամ ու քեզ ասեմ. << եթե միայն իմանայիր, որ ես ամեն - ամեն բան գիտեմ>>:
Ու դու կգնաս որ նորից  գաս, ու  երբ հետ գաս ես քեզ կասեմ. << գնա այնպես, որ չնկատեմ  ինչպես եկար>>:
Մի զարմացիր, սառն եմ դարձել, որ չհալչեմ քո ստերից, որ քո խաղից չուրախանամ ու ինձ խաբեմ, որ բիս կանչեմ: Հիմա արդեն ժամանակն է, որ քեզ ասեմ` խաղերի հետ էլ սեր չունեմ:

Գեղեցիկ Սուտ

Գեղեցկության ու հարմարավետության մեջ
Դու թաղում ես երջանկությունդ,
Ու զբաղվածությանդ մեջ
Փորձում մոռացնել տալ սրտիդ պարապությունը.
Դու սնուցում ես քեզ ուրիշի երազանքներով
Ու ներսումդ խեղդում քո իսկ երազը.
Դու ուրիշների ակնկալիքները արժեվորում
Ու արժեզրկում ես քո սեփականը.
Դու կարծիքների համար կարծիքդ փոխում
Ու քո ես-ին ես անգամ ուրանում.
Դու ապրում ես, որովհետև բոլորն են էդպես անում
Դու բոլորի պես ես ապրում.
Ու այդ քո` կյանք կոչվող խաղում
 Իրականը իր տեղը երբեք չի գտնում.
Ափսոս, որ քեզ էդպես էլ չի հասնում,
Որ իրականը միշտ ուրիշ է լինում
Եվ ուրիշներին սովորականները չեն ներում,
Քանզի իրենց` մեծ, սովորական խաղում
Այդ ուրիշները կանոն դարձած պատրանքն են կոտրում`
Կանոն քծնանքի ու կեղծ հույզերի
Կանոն մոդելավորված իղձերի
Կանոնը իդեալականի ու իրականի
Կանոն իսկական ձեռքբերումների
Ու վերջապես ամենակարևորի`
Կանոն երջանկության ու հույսերի.
Իսկ կյանքը ունի միայն մի կանոն`
Ապրել առանց կանոնների,
Կանոն առ այն ու ամենակարևորի,
Որ ոչ ոք քո փոխարեն քո կյանքը չապրի:



Դու Ուզում Էիր

Դու ուզում էիր հեռվից լուռ սիրել
Դու ուզում էիր հայացքով միայն դիպչել
Ու միայն հայացքով նրան ճանաչել.
Դու ժամերով ուսումնասիրում էիր նրա դիմագծերը
Ու որսում նրա ամեն մի ժեստը.
Քո հայացքը թափառում էր նրա դեմքի վրա այնքան
Մինչ ուժասպառ էր լինում ու էդպես ամեն անգամ:
Հեռվից դու հաշվում էիր նրա ամեն մի շունչը
Հայացքով ուղղում էիր աչքերին թափված վարսերի փունջը
Հեռվից դու լսում, դու տեսնում ու զգում էիր
Հեռվից հետևում ու նեղսրտում էիր.
Հեռվից ամեն բան հիասքանչ է այնքան
Մոտիկից դու վախենում էիր փչացնել ամեն բան:

среда, 22 июня 2016 г.

Բաց Թող

Բաց այդ պատուհանը կամաց,
Ներս թող գա երեկոյի քամին
Ու քնքշորեն սրբի աչքերդ թաց.
Արի ականջ դնենք ծղրիդների ձայնին
Ու խաղաղություն շնչենք այս հանդարտ ժամին.
Եկ նայենք վեր` մենավոր լուսնին
Ու ընկեր դարձնենք նրան մեր հոգսերին.
Բաց, բաց սիրտդ կամաց
Դուրս թող ամեն ցավ ու լաց
Արի ականջ դնենք ծղրիդներին
Ու նայենք վեր` պայծառ աստղերին.
Բաց, բաց գիրկդ առանց հարց
Ու գրկիր կյանքը` խաղաղված ու գոհացած:

воскресенье, 19 июня 2016 г.

Օրեր

Օրեր ձգված ու դատարկված
Օրեր լցված ու գինովցած
Օրեր սահող, օրեր կանգնող
Օրեր մեր կաղ, տկար, մոլոր:
Դու ժամանակ կանգնիր մի պահ
Թող կյանքը զգամ գեթ մի վայրկյան
Էլի օրեր, օրերն այն պաղ
Էլի օրեր տարբեր այնքան:
Դատարկ ու լի, խենթ ու խելառ
Կորած, հոգնած ու դառնացած
Օրեր մաշված ու կարկատված:
Թող որ նկարն իմ այդ օրերում
Դառնա կտավ մի մոռացված
Մինչդեռ օրեր-օրեր  առաջ
Այն հիասքանչ էր անիրական:
Օրեր սահող, օրեր քայլող
Օրերն այն քաղցր վիշտ բերող..
Դու  ժամանակ կանգնիր մի պահ
Տեսնեմ հոգուս նկարն իմ փոփոխված
Օրերի մեջ այն փոշոտված
Ու օրերում կորած ջնջված:

Հոգու Ձմեռ

Դու թաղում ես հոգուդ ձմեռը տաք ավազի գրկում
Ու քաղցր գինու հետ խմում քո դառը իրականությունը:
Դու հիասքանչ ես, ինչպես ամեն անգամ
Ու ամեն անգամ քեզ ոչ ոք չի տեսնում։
Նրանք նայում են ուղղակի, նայում ու հիանում,
Բայց իրականում քեզ ոչ ոք չի տեսնում:
Մենությունը հաճախ քո լավագույն ընկերն է դառնում
Անազնիվ լինելով առաջինը չի գոչում` արդարություն,
Ընկերության մասին այն  ստեր երբեք չի հորինում,
Սիրո մասին էլ հեքիաթներ չի պատմում:
Ախր դու մեծ աղջիկ ես արդեն, գիտես`
Արդարությունը քչերին է հուզում,
Սուտն ու ճիշտը ձեռք - ձեռքի տված են քայլում,
Ու միայն գրքերում է չարը պարտվում բարուն:
Հա, մեծ աղջիկ ես արդեն, գիտեմ,
Ու հեքիաթներին վաղուց է ինչ չես հավատում:

среда, 8 июня 2016 г.

 Ու էլի նա է կարծես

Ու էլի նա է կարծես, այն նույն մարդը, ում սիրեցիր ամիսներ առաջ, հենց առաջին հանդիպմանը. նույն աչքերը, շուրթերը, նույն շարժուձևը:
Էլի նստած եք մեքենայի մեջ, չեք նայում իրար, լուռ եք: Անձրևը անշտապ կաթկթում է ու մեքենայի դիմապակուց սահում ցած: Դու լուռ ես, թեթև ժպիտն է միայն ճախրում դեմքիդ, մինչդեռ սիրտդ ծանրացել է այնքան:
Նա նայում է քեզ: Դու վստահություն ես ներշնչում նրան:
Դու, դու գիտես ամեն բան, ճիշտն ու սխալը, ողջ ճշմարտությունը:
Կաթիլներն էլի անշտապ սահում են ցած, դու հայացքդ կտրում ես դիմապակուց ու հառում նրան:
Նա զգում է, որ դու արդեն հասկացել ես նրա միտքը:
Դու ժպտում ես, ժպտում թեթև ու պարզ: Նա քաջալերված սկսում է խոսել. << ի՞նչ անենք, դու ավելի խելացի ես, ասա, մնում ենք միասի՞ն, էսպե՞ս, թե՞ բաժանվում>>: Նրա դեմքին մի խորամանկ ու լպրծուն ժպիտ է իջնում, որից սիրտդ ցավում է, գոչում` փրկի՛ր, հանի՛ր ինձ այստեղից....
Այդ զգացողություններից դեմքիդ արտահայտությունը փոխվել էր երևի ու նա հավելում է. <<կամ ` այլ տարբերակ>>:
Դու նորից փորձում ես ժպտալ, այս անգամ միայն  թե բութ ու դառնորեն: Նա նայում է քեզ չարաճճի երեխայի պես, որ ուզում է խարդախությամբ իր ուզածը կորզի ու դու այնպես ես ուզում, որ այդ երեխան գոհանա, որ վերագտնելով թեթև ժպիտդ ընտրում ես նրա տարբերակը ու մատուցում այն որպես քոնը. շատ հանգիստ, թեթեև ժպիտով:
Շախ և մատ, ահա և պարտվեցիր:

<<Նորի՞ց խաղանք սիրունս>>
<<Չէ՛, չե՛մ ուզում, էս անգամ ես փաս>>.

Ու էլի նա է կարծես, այն նույն մարդը ում սիրեցիր ամիսներ առաջ հենց առաջին հանդիպմանը. նույն աչքերը, շուրթերը ու նույն շարժուձևը, միայն թե նայվածքն է փոխվել, ժպիտն էլ կարծես այնը չէ...