вторник, 15 сентября 2026 г.

 
«Դու չես կարող մեղադրել ինձ իմ զգացմունքների համար». ասել էր նա ինձ ու լալահառաչ սուտը կախել նրանց ականջներին։ Ինձ էլ բաժին էր հասել դառը ճշմարտությունը՝ ճաշակելու նրա քաղցր երկդեմությունը։ Սուտը փրկության օղակ է՝ իր ստերի ճահճում խեղդվող մարդու համար։ Ես դա հասկացա փոքր ինչ ուշ՝ էդ ճահճում անհույս թավալվելուց հետո։ Նա լալիս էր, նա ցավ էր խաղում, ու հանդիսատեսը նրան «բիս» էր կանչում։ Ես էլ բեմելուց հեռու էի այնքան, որ գլուխս կախ որոշեցի բռնել իմ ճամփան։
Հիմա ժպիտն է կախվել նրա անդեմ դեմքին, ու խաղերն արդեն փոխել են հանդիսատեսին։ Երկդեմ տեսակը անդեմ է նրանց քիմքին, բայց նրանք ժպտում են կրկին. միայն թե «բիս» չեն կանչում նրանք....

- Ու՞մ հույզերի ուսապարկն ես ուզում վերցնել, եթե, ինչպես ասում ես՝ քո ուսերն էլ կորացել են ծանր ապրումներիցդ։ Ինչքա՞ն արժի՝ սերդ, հիասթափությունդ ու ցավդ, որ սիրտդ արդեն կիսաբաց ես արել ու տենչում ես ապաստանելու Նրան։ Ո՞վ ես դու։

Բառերը փամփուշտների պես դուրս էին պրծնում Լևոնի շուրթերից։ Հասցեատերը միջահասակ տարիքի լղար մի կին էր՝ կորացած ուսերով, բարակ ձեռքերի վրա կախված՝ երկար ու չորուկ մատներով, որ հուզմունքից դողում էին, ու հանդուգն արծվաքթով, որի ռունգները ուռել էին զայրույթից ու թվում էր, թե ուր որ է կհրաբխեն: Շուտով սակայն՝ դուրս պրծած լայն բերանը բացվեց անկաշկանդորեն։

-Դու իրավունք չունես ինձ մեղադրելու։ Ես ինքնամոռաց փորձել եմ լինել էն ամենը ինչի կարիքն ունեցել ես, Լևո՛ն, ու դա քեզ քիչա եղել։ Հա՛, ես հավանում եմ Նրան, բայց մի՛ մոռացիր, թե ով է սեպը խրել մեր մեջ։ Ի՞նչ աղջիկ ընկեր, խոստովանի, որ տարվել ես նրանով։ Չնայած՝ ինչու՞ եմ զարմանում. դու անգամ Գոհարի հետ էիր անհարիր պահում։ Գոհարի՛՝ մեր ընկերոջ։ 

Լևոնը  ապշահար փորձում էր մտքերի տարափից դուրս գալ ու վերջապես խոսեց։

- Լու՞րջ։ Ի տարբերություն քեզ, ես այն եմ ինչ կամ, ինչ զգում եմ, մտածում, խոսում ու գործում։ Գոհարն ինձ թանկ ընկեր է, ու էն ինչ կոչում ես անհարիր պահվածք՝ ընդհամենը ջերմ ընկերական դրսևորումներ են եղել ու հենց քո՛ աչքի առաջ. անհարիր պահվածք, հա՞. գոնե ամաչեիր ընկերուհուցդ, անգամ նրան չես վստահում։ Ես ընկեր ունեի. ընդամենը ընկեր ու քեզ իմանալով վախենում էի անգամ ասել, ու ոնց տեսնում ես՝ վախերս զուր չէին։ Դու՞ ինչ արեցիր: Սարքեցիր ինձ հրեշ, որ ուրիշի սրտի ուսապարկը վերցնե՞ս, խցկվես նրա կյա՞նք, ու կարողանաս արդարացնե՞լ քեզ։ Դրա մասին էլ ե՞ս պատմել նրանց, թե՞ դա հարիր չէ էն կերպարին, որ ստեղծել ու խաղում ես։ Քո ողջ կյանքնա խաղ. ցավում եմ քո համար ու շնորհակալ եմ, որ մղեցիր ինձ էն կյանքին՝ որում եմ։

-Շատ ուրախ եմ քեզ համար։ Ուրեմն, հանգիստ թող ինձ, Լևո՛ն։

-Կթողնեմ, Ստելա,- ասաց Լևոնը խորը հառաչով ու դուրս եկավ տանից։

Գիշերը կախվել էր երկնքի վրա, լուսինն էլ աղոտ լուսացնում էր շուրջբոլորը։ Ստելան վերցնելով սիգարետի տուփը՝ դուրս եկավ ետնաբակ։ Հայացքը հառելով երկնքին՝ նա խորը շունչ քաշեց ու թեթևացած արտաշնչեց իրեն անհաճո մտքերը։

«Ես ամեն բան ճիշտ եմ արել՝ ճիշտ ուրիշների հանդեպ։ Հիմա կանեմ այնպես, ինչպես հարմար է ինձ։ Էլ չեմ ուզում գոհացնել սրան-նրան, լինել հարմար, որ լինեմ սիրելի. ես ինձ եմ ընտրում՝ իմ ճշմարտությունը։ Թող գրողի ծոցը կորեն բոլոր նրանք, ովքեր ինձ հետ չեն։ Իսկ դու՝ Լևոն, պատասխան ես տալու ամեն արցունքիս համար, կորսվածս տարիների, իմ փոխարեն՝ քեզ ընտրելու ու հիասթափությանս համար։ Ես կկառուցեմ ինձ ու իմ կյանքը նորովի, ու դու դրա ականատեսը կլինես։ Ես կվեցնեմ քեցնից էն ամենը ինչ թանկ է՝ ճիշտ էնպես, ինչպես դու, երբ քանդեցիր տունս։» Ստելայի մտքերն ընդհատվեցին կրակայրիչի չխկոցով, ու այրվող սիգարետի դառնահամը ողողեց բերանը։

Սերը եթերային զգացում է, բայց, ծանր աշխատանք՝ առանց երաշխիքի։ Այն անպայման է, անձնուրաց ու կարող է քեզ կուլ տալ. բայց դու հոժար ես կուլ գնալ նրան։ Երբ զգաս, որ հողն ամուր է ոտքերիդ տակ, հաջորդ րոպեիս այն կփախնի։ Դու կփորձես՝ շտկել, մեղադրել, պայքարել, բայց, զուր. սերը սակարկել չի սիրում։ Այն ակնթարթ է ու պարգև, երբ կա, պիտի ապրես ու գոհանաս, երբ հեռանա, պիտի ճամփես՝ սիրտդ արևին հանձնած, որ չորանա։ Թե  ներսումդ ես-ն է արթնացել ու զայրույթը սրտովդ մեկ է լցվել, սերն արդեն այնտեղ չէ։

-Բարև, տղաս, ո՞նց ես։

-Բարև, մամ, լավ, ի՞նչ կա, ո՞նց եք։

-Լավ ենք տղաս։ Գիտե՞ս՝ Ստելայի հետ էինք խոսել վերջերս. նա քեզ սիրում է տղաս, մի՞գուցե փորձեք շտկել ամեն բան։

Հեռախոսի մյուս կողմում լռություն էր: Լևոնը ափով սեղմեց դեմքը ու խորը հոգոց հանելով՝ պատասխանեց, -Մամ, գործեր ունեմ. կզանգեմ։ Աչքերի առաջ եկան Ստելայի նոթերը իր սիրո մասին, բայց, ուղղված ոչ իրեն, այլ ուրիշին՝ իր գնացած, բայց չմոռացված անցյալից մի երիտասարդի։ Չէր հավատում էն ամենին ինչ կատարվում էր իր կյանքում։ Վերցրեց հեռախոսը ու նորից միացրեց ձայնագրությունը, որ լսել էր ողջ գիշեր։

Կանացի վրդովված ձայնը, որ խոսում էր՝ Ստելան էր. «Դա ինձ ի՞նչ ընկեր՝ մի փոքր ճիճու է, որին հանդուրժում էի, իսկ մնացածը մորթապաշտների ու պնակալեզների մի կույտ։ Եթե որևէ մեկը պաշտպանի Լևոնին՝ ուրեմն կգնա գրողի ծոցը։ Թող ընտրեն….»

Կրծքավանդակում ինչ - որ բան ծանրացած սեղմվում էր։ Վերցրեց հեռախոսն ու զանգեց։

-Բարև, Ստելա, լա՞վ ես։ 

-Բարև, Լևոն, հա, դու՞։

-Լավ։ Ճիշտն ասած, ուզում էի հասկանալ, քանի որ որոշեցինք մնալ ընկերներ՝ կարո՞ղ ենք գնալ  Գոհարենց հյուր: Դե, որպես հասուն մարդիկ։

-Հա, ես խնդիր չեմ տեսնում,- հանգիստ պատասխանեց Ստելան։

-Լավ. շատ լավ. առայժմ։

-Պակա,- ասաց Ստելան ու անջատեց հեռախոսը։

Լևոնը ականջից ցած դրեց հեռախոսը ու ընկավ բազկաթոռին։ Ականջների մեջ խշշուն էր, սիրտն էլ անկարգ խփում էր։ Իր ապրած տարիները մշուշի միջից անցնում էին աչքի առաջ։ Կարծես, կյանքը, որ տարիներով կառուցել էր՝ իրենը չէր, կինը որին ինքնամոռաց սիրել էր՝ ուրիշ մեկն է եղել՝ հորինվածք։ 

Ամիսներն անշտապ ու խառը հաջորդեցին իրար. Ստելան այլևս «ճիճու» ու «մորթապաշտ» ընկերների գոհարն էր՝ իր խնդրած ուսապարկն էլ ուսերին։ Ամեն բան ճիշտ այնպես, ինչպես ուզել էր, միայն թե ներսում անվերջ կռիվներ էին՝ իր ու անցյալի ստվերների հետ։

Մեր մտքերն ու քայլերը ձևում են մեր միջավայրը, վերջինս էլ ստեղծում է մեզ նորովի։ Ու հաճախ մենք խառնվում ենք մեր մտքերի ու քայլերի մեջ այնքան, որ դառնում ենք անճանաչելի ու օտար՝ ինքներս մեզ։ Ու փնտրում ենք մեզ անցյալի ստվերներում, բայց հարազատ դեմքերի փոխարեն գտնում մի անճանաչելի օտարություն։

«Դուք չեք կարող մեղադրել ինձ իմ զգացմունքների համար»…


/շարունակելի/

пятница, 17 июля 2026 г.

 Կգտնես դու ինձ


Երբ զգամ ես ինձ կորսված

Ու անզոր ինքս ինձ դարմանելու,

Ծնկի կգամ ես քո դռան առաջ՝

Գլուխս կախ ու մի բուռ դառած.

Հողեղեն իմ էությամբ՝ փշուր-փշուր եղած,

Կփլվեմ ես քո՝ ամենազոր մեծության առաջ.

Քո գթասրտությամբ՝ ներսս ողողված

Զգալով քո գրկում՝ ապահով ու սիրված

Կողբամ ես՝ սիրտս քեզ հանձնած։


Հառաչս՝ թև առած կտա արձագանք,

Որ լսես դու ինձ ու խոսես՝ անբառ ու անհարց։

Ներսս կնայես ու կգրկես ուսերս կորացած՝

Վերցնելով բեռը վերքերիս՝ ինձ ծնկի բերած։


Ու հայացք գցելով վեր՝ շունչ կառնեմ ես՝

Հողեղեն աշխարհից այս վերացած ու խաղաղված։

Ուսերս էլ ծուլորեն կկախվեն ցած ու ներսումս չի մնա ոչ մի հարց։

Կլինեմ ես իմ ակնթարթում՝ ներսումս պահելով այն՝ ինչ սիրտս է զարդում։


 Երբ զգամ ես ինձ կորսված, կգտնես դու ինձ…

среда, 3 июня 2026 г.

 Ցասում

Իմ ցասումը կլինի լուռ… Երբ կարծես, թե ինձ գետնովն ես տվել ու օտարացրել ինքս ինձանից, ես կթակեմ դռները հոգուդ ու անհրավեր կսուրամ ես ներս։ Կքանդեմ ես քեզ ու լուռ կանձրևեմ, որ սրբեմ փոշին ավերակների։

Կթվա, թե մոռացել եմ, իսկ ես կպարպեմ ցավերն իմ ձցված ու ինչպես հուժգին ամպրոպից առաջ՝ մի լավ կգոռամ, որ  շանթահարեմ։

Կշառաչեմ ես վարար գետի պես ու կսրբեմ ճամփիցս ամեն խոչընդոտ, կսլանամ ես ճամփովն իմ անխաղտ ու կխաղաղվեմ, երբ ափիս հասնեմ։

Կտաքացնեմ քեզ սրտիս ստորոտում, իսկ օջախն ամրոցիս ես թեժ կպահեմ, որ երբ հանդգնես պարիսպն իմ քանդել, ես ժայթգեմ անգութ՝ այրեմ, մոխրացնեմ ու մրմուռն անցյալի մրուրով պատեմ։

 Իմ ցասումը կլինի լուռ… Երբ կարծես, թե ինձ գետնովն ես տվել ու օտարացրել ինքս ինձանից, ես կնետեմ դիմակն իմ՝ հոգնած ու մաշված, որ ինձ հանդիպեմ. գրկեմ կարոտած։

Ու կհոսեմ ես խաղաղ կարկաչով ու կարևեմ երկնքում լազուր, զեփյուռի նման թեթև կճախրեմ. սրտիս ամրոցից էլ ես վանք կշինեմ, որ խնկա բուրվառ ու հնչի շարական, ու օրհնությունը՝ աղոթքի պես խաղաղ, իջնի իմ  խռովյալ սրտի վրա։

понедельник, 30 марта 2026 г.

 Սրտիդ եղանակը

Գարնան մեղմ արևի պես ջերմ գրկեմ քեզ 

Ու  համբույրները պեպենների պես շարեմ այտերիդ։

Մատներս տանեմ քունքերիդ վրայով այնպես անհպում՝ 

Ինչպես ճայը օվկյանի վրա, երբ հազիվ է ալիքներին հպվում։

Ճախրեմ երկնքումդ լազուր, որ սիրտդ թրթռա

Ու զարդեմ ճամփադ երգովս, որ լսելիքդ հույզերից խտտա։

Սպիտակ վարդի պես դաջվեմ քո մտքում,

Որ շնչես դու ինձ՝ ինչպես ծաղկաշատ գարուն։

Քո կյանքատու սիրովդ ծաղկեմ

Ու սրտիդ գունեղ երազները բողբոջով  պատեմ։

Լինեմ խենթ մարտ՝ անձրև արևոտ, ու մեկ է սիրես ինձ.

Լինեմ եղանակը սրտիդ ու հոսեմ սրտովդ մեկ։ 

четверг, 29 января 2026 г.

Իմ գիրքը 


Ես լացել չգիտեմ, իմ լացը բառ է, պոեմ՝ պոկված սրտիս խռոված պատերից։

Ես թուլանալ չգիտեմ, իմ անձը հենք է՝ պիտի պահի դժվարություններն ամբողջ աշխարհի՝ մինչ հենքս ճաք տա ու իր իսկ աշխարհը քանդի։
Ես բավարար լինել չգիտեմ՝ պիտի անեմ ամեն բան լավ ու լինեմ ամենան, որ արդարացվի լինելիությունս ունայն։
«Ես լա՞վն եմ, բավակա՞ն». «Չէ, տես, թերացել եմ՝ այստեղ, այնտեղ, հիմա, երեկ ու այն անգամ» ։
Ու կատարելության անիվը կառնեմ ոտիս տակ՝ հերթական անգամ՝ անվերջ լավը ու ամենան լինելու համար, որ լինեմ բավական: Շնչահեղձ մի օր կանգ կառնեմ,  հայացք կգցեմ ետ՝ տարիներին՝  կատարելիությամբ մաշեցված ու լաքապատ, այդժամ ներսումս կնստի մի գորշ ամպ։

Լինել ավելի լավը, եթե ոչ լավագույնը, պատրաստ լինել ամեն սցենարի, լինել ամենան. թերանալն աններելի է, նույնիսկ մեկ անգամ։

Բարձր ստանդարտնե՞ր, պահանջկոտությու՞ն, խստությու՞ն, թե՞ բացեր…ասա՝ իմանամ։
Կյանքդ՝ կիսատ թողած ու նորից վերսկսած գրքի էջերի պես պիտի ձեռքի արագ շարժով թերթես ետ, մինչ հասնես սկզբի էջերին, որ հասկանաս, թե ինչ ես կարդում հիմա ու ինչի…, որ հիշես կյանքիդ բոլոր հերոսներին, որ գործողությունները՝ իրենց հետևանքներով գտնեն իրենց տերերին, որ գիրքդ կարողանաս շարունակել կամ էլ՝ խնամքով մի կողմ ձգել ու նորը վերցնել…
Ու կգան նոր էջեր՝ անթանաք ու անեզր, որ գրես կրկին, այս անգամ՝ նորից։

Իմ կյանքը բառ է, պոեմ՝ պոկված սրտիս հուզապատ պատերից։


вторник, 25 марта 2025 г.

 She

She is a Goddess
She is a Muse,
She can be the Devil,
Whichever you choose.

Turn your back on her
Throw her love away,
And she will be Nemesis
You will face this or the other way.

Admire and love her
Hug her with your eyes,
Not daring to disturb her
The beauty and peace she has,
And she will open up to you,
Daringly bringing out the beauty within you.

She will be the Muse you must not lose.

But, if you are silly to let her fade away,
She will take your world apart
By going her own way,
And you won’t stand or stop her
No tears will make her stay.

Wiping her path with your pain, she will go away. Diligently try to prove the truth wrong
And push her to the edge,
Then she will drop the veil,
Unwrapping the Devil that she has in her.
And you will be destroyed,
No mercy will be left in her. So, think twice before you lay your eyes on her....

Դառը Սուրճ

Սուրճս խմում եմ դառ ու  սառը,
Խմում եմ սուրճս առավոտյան ու անշտապ.
Լցնում եմ մտքերս դատարկ էջերին,
Ոտքս գցում եմ ոտքիս, թիկնում աթոռին
Սիրտս էլ տալիս եմ վառվող արևին.
Սուրճս խմում եմ սառը, երբ դառ է։

понедельник, 17 февраля 2025 г.

Հրաժեշտ 

Իսկ մեզ պետք էր խոսել, ընդամենը խոսել․․․
Դու իմ սարսափն էիր, ես՝ քո հիստերիան, ու մենք անվերջ խոսում էինք՝ չլսելով իրար։ Ես վազում էի դեպի քեզ ու հասնելուն պես փախչում, դու խոսում էիր, իսկ ես խլություն խաղում։ Մենք գժվում էինք՝ լռելով իրար։
Մենք կանոնավոր կերպով փորձում էինք մոռանալ՝ անհրավեր հուշերին ճանապարհ դնելու համար, բայց․․․
Ես վախենում էի նայելու աչքերիիդ, պատասխան տալու բոլոր հարցերիդ։ Ես վախենում էի դեմ առ դեմ նստել քեզ հետ, բայց վախերս հավաքելով ես եկա ետ՝ պատասխան տալու բոլոր հարցերին՝ նայելով ուղիղ քո աչքերին։
Տարօրինակ էր նորից տեսնելը քեզ․ անիրական էր, անհավանական։ Ես դանդաղ քայլում էի դեպի քեզ ու հասնելուն պես ուժ գտա ասելու՝ բարև․ չկոչեցի քեզ ես այն անունով, որով միայն կոչում էի ես՝ տաքացնելով քո լսելիքը կարծես։ Ես վախեցա անգամ դիպչելու քեզ, որ չդառանաս ավելի իրական քան ես։ Ու մեր կոշիկները հանդիպեցին մեր փողոցներին, լուռ ընդարմացում էր տիրել այդ անիրական երեկոյին։ Ժամանակը կարծես կանգնել էր ու քայլում էր ետ, ու մենք նայում էինք իրար՝ վախենալով իրար հուզել։
Մենք խոսում էինք, պարզորեն խոսում, այս անգամ սակայն մենք լսում էինք իրար ու հասկանում։ Խաղաղություն էր իշխել մեր շուրջը, օդում էր կախվել  թախծոտ  թեթևությունը:
Ճանապարհ դրեցինք մենք մեր հուշերին ու քարացանք հրաժեշտի պահին։ Նայում էինք մենք միևնույն ուղղությամբ, մթության մեջ լուսկլտացող լույսերին։ Ասելիք չկար, իսկ քայլերն էլ մեզ չէին տանում առաջ. մխվել էինք մենք ժամակի այդ պահում՝ երկուսս էլ երևի գաղտնի հուսալով անվերջ կորել այդ ակնթարթում․․․․
Ու դու հանկարծ նայեցիր ուղիղ աչքերիս մեջ, ու ես բաց թողեցի ինձ քո օվկյանոսում, որում խեղդվելուց այնքան էի վախենում։ Դու սահեցրիր քո ափը այտիս վրայով՝ շոյելով ինձ քո՝ սիրով լի հայացքով։ Սիրտս այդ պահին ցավոտ ընկավ ցած, ու թքիս հետ ես կուլ տվեցի մեր տարիները ապրած։ Հրաժեշտի պահին վախեցա քեզ գրկել, թեպետ, հայացքով մենք իրար վաղուց էինք գուրգուրել։ Բացեցի բերանս ու ասեցի՝ հաջող։ Քայլեցի առաջ ու հայացքս գցեցի ետ։ Սովորականի պես դու չէիր կանգնել ճամփելու հայացքով ևս, մինչ կկորեի հորիզոնիցդ։ Ու, ես հասկացա, դու բաց ես թողնում ինձ, առհավետ․․․
Խոստացա այլևս ես քեզ  չհուզել, իմ մասին էլ քեզ երբեք չհիշացնել, որ մեր վերագտած ծանր թեթևությունում գտնենք վերջապես խաղաղություն։

среда, 29 января 2025 г.

 Ապրել նորից

Երեկոները, երբ օրս ավարտվում է, ես վերցնում եմ մի բաժակ կարմիր անապակ գինի ու նստելով զարդասեղանիս հայելու առջև՝ խոսակցության բռնվում ինքս ինձ հետ։ Խելագարությու՞ն, թերևս, միգուցե... Դուք, հավանաբար սրճում, կամ էլ թեյում եք ու ինքներդ ձեզ հետ խոսելու փոխարեն զրույցի բռնվում ուրիշների հետ։ Հա, համաձայն եմ` դա պակաս խենթություն է, բայց հասկանու՞մ եք, ես կարիք ունեմ ինքս ինձ հետ խոսելու, որ չմոռանամ ինձ...
Լինում են օրեր, որ նայելով հայելու մեջ՝ արտացոլանքիս, այնքան օտար եմ թվում ինձ, որ նույնիսկ վախենում եմ: Չէ, սխալ չհասկանաք, ես տարիների հետ էլ ավելի եմ գեղեցկացել։ Ինձ էլ ավելի շատ ու ավելի լավ եմ նայում ու խնամում։ Գնում եմ քաղաքի լավագույն ռեստորաններն ու մարզասրահները։ Առաջիններում` գրեթե միշտ ես եմ հաշիվը փակում. ձեռքիս միշտ փող կա, թեպետ որպես էդպիսին չեմ աշխտաում, իսկ երկրորդում՝ փորձում եմ գոնե ամոթից ելնելով մեկ-մեկ գնալ. հետո ինչ, որ գենետիկորեն բախտս բերել է մարնիս հարցում։ Վերջիվերջո կարգին գումար եմ տալիս։
Ամուսինս ինձ ոչ մի հարցում չի մերժում՝ ճամփորդել, սովորել, ամեն տեսակ կիսատ-պռատ նախաձեռնությունս հովանավորել։ Ես հաճախ եմ դրսերում լինում` ընկերներիս հետ, իսկ աղջիկներս էլ հաճախ տատիկների կամ դայակի մոտ են մնում։ Մենք խնդիր չենք տեսնում։ Նախանձելի կյանք է չէ՞, բա, ինչի՞ եմ ուրեմն երեկոները ես ինքս ինձ հետ խոսում... ու ու՞մ կամ ինչն եմ մոռացել, որ էդպես փորձում եմ հուսահատորեն վերհիշել։

Ես մեծացել եմ միջին խավի ընտանիքում, եթե, որպես էդպիսին միջին խավ կա։
Հայրս ինժեներ էր՝ ինչպես ինքն էր միշտ պնդում, բայց, մասնագիտությաբ գրեթե երբեք չէր աշխատել։ Փոխարենը զբաղվել էր մե՛կ շինարարությամբ, մե՛կ առուծախով, մե՛կ առաքումներով։ Գումարը շատ չէր լինում, բայց հերիքացնում էր՝ ի հակադրություն իր ժլատ սիրո։
Մայրս բուժքույր էր, ու երկար տարիներ հոգ էր տանում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար՝ դրա դիմաց ստանալով չնչին գումար։ Ես ու քույրս էլ կամ դպրոցում էինք, կամ էլ փողոցում։ Ես ավելի շատ փողոցում. սովորելու հետ շատ սեր չունեի։ Դպրոցն ավարտելուն պես զոռով-շառով ընդունվեցի բուհ։ Տարվա մի մասը «հիվանդ» էի, մյուս մասն էլ լիկվիդներիս էի պատրաստվում. ունեի արդարացում՝ սկսել էի ընկերություն անել մի խոստումնալից երիտասարդի՝ Տիգրանի հետ։ Օրերս խառն էին` իմ տեսակի պես, սիրտս սեր էր առնում նրանցից ում չէր կարելի, ու ես ընկնում էի կրակը... Տիգրանի հետ սկսեցինք հանդիպել, երբ սիրտս կպել էր Արամին. ինքն ամուսնալուծված, ծանր տղա էր, տաս տարի իձանից մեծ։ Հանդիպել էինք իր ընկերությունում, որտեղ որ և աշխատում էի օրվա մի մասը՝ փորձելով համատեղել բուհիս հետ։ Արամը ինձ սիրում էր, բայց ոչ որպես կնոջ, ու ես էնպես էի գժվում էդ մտքից։ Երբ սկսեցինք հանդիպել Տիգրանի հետ, էնպես էի ուզում Արամը խանդեր, արդյունքում Տիգրանն էր խանդում։ Ու խանդում էի ես՝ Արամին, երբ տեսնում էի, թե ինչպիսի կանանց է ուշադրություն դարձնում։
Չգիտեի, որ երկար տարիներ դեռ փորձելու էի դառնալ այդ կանանցից մեկը, որ մի օր սիրելի դառնամ իր աչքին ու սրտին, թեկուզ հեռվից։ Տարիներ անց, անկումներից ու հիասթափություններից հետո միայն հասկացա, որ մեզ սիրում են ուղղակի, մեր տեսակի համար, ինչպիսին որ կանք՝ սխալական ու թերի։ Սիրում են մեր թերությունների համար անգամ ու սիրելով՝ մեզ վերագրում հաճախ գոյություն չունեցող գերհատկանիշներ, իսկ նրանք, ովքեր մեզ  չեն սիրում՝ մեր առավելություններն անգամ տեսնում են որպես թերություններ։
Տիգրանը չորս տարի մեծ էր ինձանից ու արդեն աշխտաում էր։ Ծնողները հոգացել էին, որ լավ գործի լինի, ինքն էլ ճարպիկ տղա էր։ Տեսնելով, որ դժվարությամբ եմ ծայրը ծայրին հասցնում, հաճախ ինձ գումար էր տալիս։ Սկզբում շատ էի քաշվում, բայց հետո, մի տեսակ սովորեցի, մի որոշ ժամանակ անց էլ՝ կարծես իր պարտքն էի համարում, որ հա, պիտի վճարեր, որ իմ պես աղջիկը իր հետ էր, ու իմ պես աղջիկը ոչնչով ոչ մեկից պակաս չէր ու արժանի էր առավելագույնին։ Այսպիսով, վերցնելով տված գումարը շտապում էի ձեռք բերել նոր մոդայիկ շորեր ու կոշիկներ, վարսերս հարդարել ու նոր սիրուն կտրվածքներ անել, համակուրսեցիներիս հրավիրել թանկ սրճարաններ ու լավ զգալ դրանից։ Մի տեսակ ինձ զգում էի ուժեղ ու անկախ։ Հա, հա, մի զույգ նոր կոշիկներով ու ուրիշների մոտ ցույց տալով, թե փող ունեմ ։
Մի օր, խանդի հողի վրա, մեր հերթական կոլեկտիվ հավաքներից հետո, որտեղ հիմնականում տղաներ էին /դե, ինչ անեմ, ընկերներիս մեջ միշտ գերակշռել են տղանեը/ Տիգրանը պնդեց, որ գործս փոխեմ։ Ինքս էլ վաղուց արդեն դեմ չէի, հոգնել էի՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, բայց, ճիշտն ասած՝ ներկայացրեցի էնպես՝ կարծես իր համար եմ դա անում։ Այսպիսով, Տիգրանը սկսեց վճարել ուսմանս վարձը, ես էլ ավելի շատ ժամանակ ունեցա դասերի գնալու։ 
Գնահատում էի Տիգրանին, շա՜տ, ու այո, նաև սիրում։ Կանայք հաճախ ու արդարացիորեն գնահատանքով են սիրում տղամարդկանց։ Տիգրանն էլ ինձ էր գնահատում ու կարելի է ասել՝ խենթանում ինձ համար։ Տարիներ անց եկա այն համոզմանը, որ տղամարդիկ շատ ավելի շատ սիրում են իրենց տանջողին, քան հոգ տանողին։ Իսկ տանջելն ի բնե մոտս լավ էր ստացվում։ Հիշում եք, չէ՞, խառը մարդ էի։
Հարսանիքս կազմակերպել էի ճոխագույն ու հրաշալի օր ունեցա։ Նույնը չեմ կարող ասել ամուսնուս ծնողների ու բարեկամների մասին։ Դե, ինպես ասեմ՝ իրենք ուրիշ աղջիկ էին պատկերացնում իրենց Տիգրանի կողին, որպես իրենց հարս։ Ու ես էլի չգիտեի, որ տարիներ շարունակ, անգիտակցաբար փորձելու էի դառնալ էդ արժանի կինն ու հարսը...
Առաջին աղջկաս ծնունդից հետո մի տեսակ դատարվել էր սիրտս։ Հա ճիշտ հասկացաք՝ հենց դատարկվել։ Հրաշալի մայրերը լցվում են սիրով ու գոհունակությամբ, իսկ ես՝ անշնորհակալ անպիտանս, մի տեսակ դատարկվել էի ու կորցրել ինքս ինձ։ Նայում էի մեկ ծննդաբերությունից հետո այլանդակված մարմնիս, մեկ անվերջ լացող աղջկաս, ու անքուն գիշերները լցնելով դատարկ սրտումս ուզում էի փախչել՝ հեռու, շատ հեռեու։ Փոխարենը իհարկե հեկեկում էի, ու րոպեներ անց անցնում մայրության գործին։ Ամիսներ անց միայն, երբ աղջիկս մեծացել էր փոքր ինչ, հոգսս էլ թեթևացել, գիշերներս էլ քնով լցվել՝ սկսեցի այլ կերպ նայել կյանքիս՝ ավելի սիրուն, ավելի լուսավոր անկյան տակ։ Ինչպես ասում էր բժիշկս. « ջանիկ, հորմոններդ են կարգավորվել»։ Եվ ուրեմն՝ Ամեն։
Ամեն բան լավ էր գնում կարծես, բայց դե գիտեք չէ՞, տարիները մաշեցնում են թե՛ մարդկանց ու թե՛ հարաբերությունները։
Հոգնել էի, չգիտեմ՝ ինձանի՞ց, թե՞ Տիգրանից, միգուցե երկուսիցս էլ։ Ավելի հաճախ էի կազմակերպում կամ գնում ընկերական հավաքների, իսկ Տիգրանն էլ ճիշտ հակառակը՝ ավելի նստակյաց էր դարձել։ Անկեղծ ասած՝ ամեն անգամ տուն գալուց ու նրան բազմոցի վրա գտնելուց՝ մեջս խառնվում էին զայրույթի ու հիասթափության զգացմունքները. ես ուրիշ կյանք էի ուզում։ 
Մի օր արթնացա ու որոշեցի գնալ մեծ թենիս։ Սովորականի պես ընտրեցի օրվա լուքս, հարդարեցի մազերս, շպարվեցի ու օծվելով դուրս եկա տանից։
Կեսօրին արդեն կորտում էի՝ փոքր ինչ ուշացած ու ինչպես միշտ հիասքանչ՝ ձեռագրիս անդավաճան։ Թենիսի սպիտակ շորիկս անթերի էր սազում սլացիկ մարմնիս վրա։ Մտածում էի, թե մարզիչս էնտեղ է ու արդեն ինձ է սպասում, բայց, ոչ։ Այսպիսով, չձանձրանալու համար վերցրեցի ռակետը ու օդում սկսեցի ետ մղել անտեսանելի գնդակները։ Ինքնամոռացության մեջ վայելում էի ինքս ինձ, երբ թիկունքումս զգացի ինչ - որ մեկի ներկայությունը։ Կտրուկ թեքվելով անակնկալի եկա. ժպիտը դեմքին ինձ էր նայում Նա... Չգիտեմ, օ՞րն էր սիրուն ու արևոտ, թե՞ հենց ինքը, բայց սիրտս կարծես վաղուց դադարել էր բաբախել ու հենց այդ պահին միայն սկսեց զարկել։
_ Ես ձեր մարզիչն եմ,- ասաց Նա ժպտալով ու ձեռքը դեպի ինձ պարզելով։ Հիշում եմ նրա ջերմ ափը, ամուր ու միևնույն ժամանակ շատ նուրբ ձեռքսեղմումը։ Շաբաթը երեք օր գնում էի պարապմունքի։ Եթե միայն իմանայիք, եթե միայն պատկերացնեիք, թե ինչ կարևոր ու անգին էին այդ պարապմունքներն ինձ համար... ես ապրում էի, ապրում էի նորից, ապրում էնպես ինչպես երբեք։ Մեջս այնքան ուժեղ էր սերը, որ ես ինձ հենց սեր է, որ զգում էի։
Ամեն օրս հեռվացնում էր ինձ Տիգրանից ու մոտեցնում նրան։
Զբոսանքներ՝ անվերջանալի կատակներով ու օդում անգամ շոշափելի սիրով, ընթրիքներ՝ դառը գինով ու քաղցր իրականությամբ։ Երբ ժպտում էր, կարծես շուրջը արևում ու տաքանում էր, երբ խոսում էր, հանգստություն էր իջնում ներսումս ու ուզում էի անվերջ լսել նրան. իսկ նրբանկատությունն ու ուշադրությունը ինձ վերջնականորեն տապալում էին… Հերթական ընթրիքներից մեկի ժամանակ, երբ ճանապարհում էր, հանկարծ կանգնեց. կանգնեցի և ես: Ժպիտն իջել էր նրա դեմքից ու նա էնպես էր նայում աչքերիս մեջ, որ ներսումս ամեն բան խառնվել էր իրար։ Թվում էր թե սիրտս ուր որ է դուրս կգա, բայց անզոր էի հայացքս կտրելու նրանից։

Ափերով գրկեց ուսերս ու կարճ դադարից հետո խոսեց, - Գիտես ինչքան եմ սիրում քեզ, բայց…

Ուզում էի, որ ժամանակը կանգ առներ հենց էդ բառի վրա ու չլսեի այն ինչ սիրտս արդեն սոսկում էր լսել։ Ներսս սեղմվեց, իսկ ես ինչքան ուժ ունեի հավաքեցի, որ ժպտամ, - Հա, ես էլ քեզ, ի՞նչ է եղել, - վրա բերեցի ես վերջին շնչով։

Գլուխը կախեց ու կարծես թմբիրի միջից շշնջաց,

- Ես սիրահարվել եմ,- ասաց ու հայացքը բարձրացրեց վրաս:

-Ահ, հրաշալի է, ուրախ եմ շատ,- զվարթ ու խաղաղ նետեցի ես՝ կարծես չգիտակցելով, թե ինչ է կատարվում։ Իսկ իրականում՝ ուզում էի գոռալ, հարվածել իրեն, ասել՝ գիտե՞ս հիմա ինչ է ներսումս կատարվում, գիտե՞ս ոնց եմ հիմա քանդվում, բայց փոխարենը ժպտացի ու ասացի, որ տուն եմ շտապում։ Չտեսնելով կարմիր լույսը՝ շտապեցի արագ հատել փողոցը ու լինել նրանից այնքան հեռու, ինչքան որ հնարավոր էր. ախր կարող էի քանդվել հենց աչքի առաջ.....


Ու նորից, ինձ սիրում էին. ինձ սիրում էին, բայց ոչ որպես կնոջ... ես կոտրված էի, կոտրված այնպես, ինչպես որ երբեք։
Անզորությունից ու հիասթափությունից կորցրել էի ինձ։ Ինձ անճանաչելիորեն այլանդակել էր Նա, ում իմ թիկունքն էի համարում, ու մնում էր միայն այրվել ու մոխիր դառնալ, որ չտեսնեի էդ այլանդակ պատկերը։ Իսկ Նա, իսկ նա չգիտեմ էլ, արդյո՞ք գիտակցում էր ինձ հասցված վնասի չափը։ Անցել էին երկար ու ձիգ օրեր, երբ մի օր հեռախոսս ծնգաց. Նա էր։ Լակոնիկ ու անշաղկապ գրել էր. « Ողջույն, վաղուց չեմ տեսել քեզ. դու շատ թանկ մարդ ես ինձ համար. հուսամ ամեն բան լավ է»։ Վայրկենական հուզմունքի թրթիռն ու ուրախությունը վերափոխվեցին հիասթափության ու դառը արցունքների, երբ ավարտեցի հաղորդագրությունը ու ինձ ոչինչ չեր մնում անելու քան անտարբեր ետ պատասխանելու. « Հեյ, լավ եմ, խառն էի գործերով. հուսամ քո մոտ էլ ամեն բան լավ է»։ Այո, հենց էդպես, սառն ու անհամ կերպով սրտումս դրեցի մի բութ վերջակետ։ Կան մարդիկ, ում հետ մենք անվերջ խոսում ենք, ու կան նրանք, ում հետ մենք անավարտ լռում ենք։

Ու հիմա, նստած հայելու առաջ, նայում եմ ինքս ինձ ու ուզում գրկել ու ասել՝ բավ է, կանգնիր, սրբիր անցածդ ճամփան դառը արցունքներով ու առանց ափսոսանքի փորձիր ապրել նորից. ապրել ինքդ քեզ սիրելով, ապրել ինքդ քեզ հետ։

/շարունակելի/




воскресенье, 17 марта 2024 г.

Քո հոգին 

Քո հոգին օվկիան է մի անհատակ
Ուր խարսխվել են խեղված իղձերդ անապակ,
Ալիքների հետ լողում ես դու կյանքի հոսանքով
Արևի շողերին էլ ժպտում անվրդով,
Բայց բավ է հայացքդ հառես հատակին
Ու դու կձուլվես նորից քո օվկիանին։


Մարդիկ

Ու մարդիկ՝ կարճմիտ, բազմադեմ ու լայնաբերան
Լեզվով կդատարկեն սրտի պարունակությունը այնժամ։
Վայր կընկնեն դիմակները մաշված ու կարկատված
Վերհիշելով իրենց էությունը՝ մոռացության մատնված...

среда, 14 февраля 2024 г.

Էմիլին , նապոն ու կախարդական ծածկոցը...



 Շուրջը թարմ ու խիտ կանաչ էր՝ կարծես խիտ հյուսված գորգ՝ նկարազարդված գույնզգույն ու սիրունագույն ծաղիկներով՝ արևի դեղին խատուտիկնրով , երկնքի կապույտ զանգակներով ու պստլիկ հանդուգն մանուշակներով, որ ձգվում էին վերև ու չարաճճիորեն  աչք գրավում։
Օդը լցված էր ծաղիկներից եկող անուշահոտությամբ
. փոքրիկ մեղվիկները շտապում էին ծաղիկների նեկտարը անուշ անելու. օվկյանն էլ  ալիքների իր երգն էր երգում ու խաղաղության անխաղտելի ներդաշնակությունը սփռում ՝ Էդեն կոչվող գյուղակում։

 Հանկարծ մեղմ քամու ընթացքը շեղվեց հեռվից եկող շրշյունով։
Պոքրիկ ոտնահետքերի ձայնը միախառնվել էր հոնգուր-հոնգուր արտասուքի հետ։
Հորիզունում շուտով հայտնվեց փոքրիկ մի աղջնակ՝ բարալիկ, ամպի պես ճերմակ, ոսկեծամ ալիքներով ու թաց կապույտ ակներով ։ Գլուխը կախ, նա քայլում էր՝ քարշ տալով գունավոր ծածկոցը։
 _Հեյ, դու ո՞վ ես ու ինչու՞ ես լալիս, - խոսեց նապոն՝ ծաղիկների միջից դուրս գալով ։
_
 Ես՞, ես աղջիկ եմ, Էմիլի, - արցունքները սրբելով պատասխանեց Էմիլին։
_  Ինչու՞ ես լալիս աղջիկ Էմիլի, - հարցրեց նապոն
` մոտենալով Էմիլիին։
_ Ես, ես, - կմկմում էր Էմիլին, արցունքները կուլ տալով ու փոձելով մտքերը հավաքել, _ ես լալիս եմ ստվերների պատճառով
: Դրանք սողոսկել էին մեր բակ, ուր ես խաղում էի ընկերներիս հետ ու ընկել էին իմ հետևց։ Ես վախեցած  վազում էի ու տեղ չէի գտնում թաքնվելու, թվում էր ուր որ է ոտքիցս պիտի բռնեն ու քաշեն, - ապրումներից Էմիլի աչքերը նորից լցվեցին, - ես վազում էի ու հանկարծ մայրիկս առջևումս հայտնեց ու պարզեց այս ծածկոցը։ Նա ասաց, որ ծածկվեմ այդ կախարդական ծածկոցով ու վայրկյաններ անց ծածկոցը կտանի ինձ ապահով տեղ։
Ես ծածկվեցի ու հայտնվեցի այստեղ, իսկ մայրիկիս չեմ կարողանում գտնել, նա երևի մնաց այնտեղ
`ստվերների մոտ։
Արցունքները հորդում էին Էմիլիի այտերով։ Նապոն
 էլ աչուկներն էր ճպճպացնում ու նայում Էմիլիին։ Վայրկյաններ անց, կարծես ետ գալով ապրումներից ու մտքերից, նա մոտեցավ Էմիլիին ու խոսեց։
_Էմիլի, իսկ դու վստա՞հ ես որ ծածկոցը կախարդական է,  ու արդյո՞ք
 կարող է այն մեզ նորից վերադարձնել մայրիկիդ մոտ։ Մի փոքր լռելուց հետո նա շարունակեց, _ Ես քեզ կօգնեմ պայքարելու ստվերների  դեմ ու փրկելու մայրիկիդ։
Էմիլին աչքերը կլորացրել էր զարմանքից ու հրճվանքից ։
_ Նապո, դու
 իրո՞ք ինձ կօգնես։
Նապոն ժպտալով մոտեցավ Էմիլին ու բռնելով նրա ձեռքերը գլխով համաձայնության նշան տվեց։
Էմիլին ուրախությունից գրկել էր նապոյին ու կրկնում էր
. <<մենք հետ կբերենք մայրկին, մենք հետ կբերենք մայրիկին>>, կարծես չհավատալով իր երջանկությանը։




Էմիլիի ու Նապոյի արկածների սկիզբը ...

-Էմիլի, փորձիր հիշել էդ ակնթարթը, երբ ծածկոցը քեզ տեղափոխեց էստեղ։
Մենք պիտի հասկանանք ինչպես է ծածկոցը աշխատում ։
_Նապո, ես, ես չեմ հիշում։
_ Էմիլի, մի հուզվիր, 
հանգիստ շնչիր ու արտաշանչիր, արի միասին, մեկ-երկու, շունչ- արտաշունչ, շունչ-արտաշունչ։ Իսկ հիմա մտովի հետ գնանք. ես քեզ հետ եմ, մի վախեցիր։
_ Նապո, ես քայլում էի անտառով. էնտեղ էնպես կանաչ էր, արևոտ ու սիրուն. Ես լսում էի թռչունների երգը, ընկերներս վազվում էին շուրջս, բայց հանկարծ ամեն բան մռայլվեց ու ցրտեց ու հայտնվեցին ստվերները
. ես վախեցա նրանցից ու սկսեցի վազել։ Թվում էր, ուր որ է կբռնեն  ինձ, բայց էդ պահին, հայտնվեց մայրիկս. ես վերցրեցի ծածկոցը ու հայտվնեցի էստեղ, չգիտեմ էլ ինչպես։
- Հմմմ, միգուցե՞, երբ վախենում ես ծածկոցը ակտիվանում է՝ հասկանալով որ ունես իր կարիքը։
-Բայց ինչպե՞ս վախենամ: Հիմա ստվերներ չկան։
_ Միգուցե՞ մեկ ուրիշ բան լինի
, որ կվախեցնի քեզ ու էդ պահին կհիշես ծածկոցի մասին, ու նա քեզ կտանի հեռու։ Իսկ հիմա արի գնանք իմ տնակ, ես քեզ կհյուրասիրեմ համեղություններ ու անուշ թեյ։
_Նապո, դու շատ 
- շատ բարի ես:  Ինչ լավ է, որ քեզ հանդիպեցի, - ոգևորված խոսեց Էմիլին՝ ամուր գրկելով Նապոյին։
Մեկ, երկու, 500-700, 2000-3000 ու էլի անհաշվելի քայլեր սաղարթախիտ անտքառներով ու նրանք հասան փոքրիկ դեղին դռնակի մոտ, որ կիսով չափ հողի տակ էր։
_Ահա և իմ տնակը, - ասաց Նապոն։
_ Ինչ սիրուն դուռ է, արևի շողերի պես դեղին, - ասաց Էմիլին հետևելով Նապոյին։
Կռանալաով նա անցավ դռնակից ներս,  իսկ ներսում իսկական հեքիաթ՝ պատերը պատված էին գույնզգույն ծաղիկներով։ Փոքրիկ, բաց երկնագույն կարճլիկ վարագույրների տակից աչքերը լայն բացել էին պատուհանները։ Դրանց գոգերին իրենց տեղն էին գտել անուշաբույր ծաղիկները։ Սպիտակ ու դեղին  դեղձանիկնրն է
լ թառել էին պատուհանին ու երգում էին իրենց կենսախինդ երգը։ Կենտրոնում փայտե սեղանն էր` իր 4 աթոռներով, իսկ սեղանին էլ սկուտեղներ՝ լի զանազան մրգերով ու հատապտուղներով։ Քիչ հեռու պատին էր հենվել սպիտակ պահարանը, որ զարդարված էր բազմաձև ու գունագեղ բաժակներով ու ափսեներով։ Վառարանն էլ պահարանի կողքին սպասում էր, թե երբ են իրեն փայտ հրամցնելու։
Անկյունում կանաչ բազմոցն էր, կողքն էլ  փոքրիկ կլոր փայտե սեղանը՝ վրան դրված կիսաբաց գրքով, ու շոկոլադով կիսալի բաժակով։ Բազմոցից քիչ հեռու  հպարտ կանգնել էր կամարաձև գրապահարանը՝ լի զանազան, գույնզգույն գրքերով։
_ Նապո, ինչ գեղեցիկ է այստեղ, ոգևորված բացականչեց Էմիլին։
Նապոն ժպտալով մոտեցավ սպիտակ պահարանին ու վերցրեց այնտեղից երկու բաժակ ու ափսե։ Րոպեներ անց սեղանը պատրաստ էր։ Էմիլին ուտելով անուշությունները շնորհակալություն հայտնեց նապոյին ու օգնեց նրան հավաքել սեղանը։
_ Էմիլի, վաղը առավոտյան մենք ճամփա կընկնենք մոտակա գյուղակ, - այս խոսքի վրա փոքրիկ դեղին դուռը բացվեց ու ներս մտավ բարձրահասակ մի մարդ՝ ոտքից գլուխ սև հագած։ Գլխարկը քաշել էր գլխին էնպես, որ դեմքը չէիր տեսնի, իսկ ձեռքին էլ զենք էր։
Էմիլին չէր հասկանում ինչ էր կատարվում, միայն զգում էր վախ ու վտանգ։
Նա արագ վերցրեց ծածկոցը ու վազեց նապոյի մոտ։ Վայրկյաններ անց նրանք արդեն այլ վայրում էին։
_ Էմիլի, դու դա արեցիր նորից, քեզ մոտ ստացվեց, - բացականչեց նապոն։
_Նապո, ասա ինձ
, ո՞վ կամ ի՞նչ էր էդ սևազգեստը։
_ Չար վհուկի օգնականն է Էմիլի:  Նա ուզում է բռնել ինձ ու դարձնել իր օգնականը։
_ Բայց ինչու՞ հենց քեզ նապո։
Նապոն գլուխը կախեց, ու մի փոքր խորհելուց հետո ասաց, - ես սովորական նապո չեմ։ Ես կարողանում եմ իմ ներկայությամբ հազարապատկել դիմացինի ուժն ու ունակությունները։ Վհուկն ուզում է ինձ օգտագործել ու լինել էլ ավելի ուժեղ։
_ Նապո, ծածկոցը անհետացել է, - հուզված բացականչես Էմիլին՝ նայելով շուրջբոլորը։
Երկար փնտրտուքներից հետո նրանք ուժասպառ նստեցին խոտին ու Էմիլին սկսեց արտասվել։
_ Նապո, ես էլ չեմ կարողանա գտնել մայրիկիս, ու ոչ էլ կարող եմ օգնել քեզ
, եթե վտանգ լինի։
Նապոն գլուխը կախ մոտեցավ Էմիլին։
_ Լսիր, գիտե՞ս, ես միշտ չէ որ իմացել եմ ուժիս մասին։
Կախարդանքի ուժը քո մեջ է Էմիլի, դու ես սարքում ծածկոցին կախարդական, ու դու կարող ես կանգնեցնել ստվերներին։



Արևի
 շողերը չարաճճիորեն խաղում էին ոսկե ծամերի հետ ու գգվում արևավառ թարթիչներին, երբ լազուր աչուկները բացվեցին ու փոքրիկ Էմիլին ցատկեց տեղերից։
_
Նապո,- հոգոց հանեց Էմիլին՝ տրորելով աչուկները։ Նայելով կող ու կուշտը ու ետ գալով երազից` Էմիլին վազեց ննջասենյակից դուրս։ Մտնելով խոհանոց նա գրկեց մոր փեշից ու առանց շունչ քաշելու սկսեզ պատմել իր երազի ու կախարդական նապոյի մասին։

Երեկո էր. ընթրիքի սեղանի շուրջ Էմիլին աշխուժորեն պատմում էր ծնողներին իր բոլոր դպրոցական ընկերների ու իրենց արկած-խաղերի մասին։
_ 
Աննան ու Նատալին ինձ օգնեցին պատժել  Դավիթին։ Պատկերացնու՞մ ես պապա, Դավիթը նեղացրել էր մեր ընկեր Դանիելին, իսկ Դանիելը շատ վախկոտ է ու չի կարող իրեն պաշտպանել։ Դավիթը հրել էր Դանիելին խաղահրապարակում ու ծաղրել որ մեզ հետ է ընկերություն անում։ Ես ու Նատալին էլ...


-
Էմիլի, -  հերիք խոսես, ընթրիքդ սառեց, - զսպված ժպիտով հանդիմանեց մայրը։
Էմիլին մտածկոտ դեմք ընդունելով լռեց ու մի քանի գդալ ապուր ուտելուց հետո վերսկսեց նորից,
_ 
Մամա, բայց չէ՞ որ հետաքրքիր պատմություններ են, չէ՞,- /մայրը զսպում էր ծիծաղը/այնուհետև գլուխը թեքելով հոր կողմը իր մեծ ու լազուր աչքերով թախանձեց հոր աջակցությունը։
Հայրը ժպտալով պատասխանեց,- Անուշս, իհարկե շատ հետաքրքիր են, բայց ճաշդ ավարտիր, իսկ պատմությունները հետո։
Ճաշի ավարտից հետո, թեյի սեղանի շուրջ Էմիլին վերագտավ իր ունկնդիրներին ու պատմությունները սկսեցին նորից ու չավարտվեցին մինչ քնելը։


Էմիլին նորից հանդիպում է Նապոյին

_ 
Նապո,- գոչեց Էմիլին ու վազեց Նապոյին գրկելու։

Նապոն ուրախությունից կարմրատակելով գրկեց Էմիլին, _ Ես էլ քեզ էի կարոտել Էմիլի։

вторник, 30 января 2024 г.

 Մայրամուտի արևը
Մայր մտնող արևի բոսորագույն շողերը ողողել էին Արամի արևախանձ դեմքը: Պրկված բազուկները, որ վարժորեն հերկում էին հողը՝ հոգնությունից արդեն ծանրացել ու կախվել էին։ Արամը մի կողմ ձգելով բահը՝ պարզեց կորացած մեջքը ու վերնաշապիկի թևքով սրբեց ճակատին սառած քրտինիքի կաթիլները։ Շունչ քաշելով՝ նա մեջք արեց ըմբոստ քամուն ու հայացքը հառելով մայր մտնող բոսորագուն գնդին՝ ընկավ մտքերի մեջ։


Դրսում  1988 թիվն էր, կյանքը դեռ չէր պատմել իր մասին։ Արամը մի միամիտ պատանի էր, իսկ Արփին էլ անհասանելի արև։
Արփին 16 էր, երբ ծնողների հետ տեղափոխվեց Սպիտակ։ Անվան պես արևոտ աղջիկն այդ փողոցի սերն ու ուշադրությունն էր. մեծից փոքր սիրում էին նրան, սիրում էր և Արամը, հենց առաջին հայացքից։
(շարունակելի)