суббота, 18 августа 2018 г.

Ծովը իմ հոգում

Ես ծովում էի։ Շատ մարդիկ կային։ Առջևում հորիզոնն էր։ Բոսորագույն արևը մայր էր մտնում ծովի ընդերքը։ Ես լողում էի առաջ-առաջ, մինչ մարդիկ կորան տեսադաշտից։
Հեռու էի ափից, բայց արևը մեկ է  կանչում էր։ Ես չէի կարողանում կանգ առնել ու շրջվել ետ։ Ինչ-որ ուժ ինձ հրում էր առաջ ու ներքին մի խենթ ցանկություն ուզում էր, որ ալիքները հավերժ գրկեին ինձ ու իջեցնեին ընդերքը՝ արևի մոտ։ Այն բոսորագույն արևի, որ մայր էր մտել։
Ջուրը սառեց հանկարծ։ Շուրջս դատարկ ծովություն էր ու ես, միայն ես։
Պառկեցի ջրին ու հայացքս ուղղեցի անեզր երկնքին։
Հոգնել էի, շատ, ոչինչ չէի ուզում։ Առա՞ջ գնալ, ու՞ր։ Սուզվեցի ջրի տակ խենթի պես․․
Նետվել էի ափ։ Սրտիս զարկերը տարածվել էին մարմնովս մեկ․ ես շնչում էի, մատներս շոշափում էին ավազի հատիկները, ես զգում էի ընդերքից եկող արևի ջերմությունը։
Բնությունը փրկել ու գրկել էր ինձ․․․

Комментариев нет:

Отправить комментарий