четверг, 1 декабря 2022 г.

Անվերջ Թռիչք Անդունդներից

«երբ քեզ մի անճաշակ ու անողնաշար տղամարդ կփորձի թերագնահատել, հիշի'ր որ ինձ համար դու այն յուրահատուկն ես, որ ըստ իս` յուրաքանչյուր տղամարդ գեղեցիկ կնոջից խոսելիս ենթագիտակցաբար քեզ է պատկերացնում: ...

Ես ուզում եմ, որ դու անվերջ փայլես: Սիրես կյանքում ամենից շատ,ամենից շատ ինքդ սիրվես: Ես ուզում եմ, որ հանդիպես իմ պես համառ ինչ-որ մեկին, որ քո համար անվերջ դողա, քեզ տեսնելուց աչքը շողա»։

«մաղթում եմ քեզ, որ լինես էնպիսի կին, որ արժանի է ամեն ինչի..» :

Կյանքի ընթացքում մենք հանդիպում ենք տարբեր մարդկանց, ովքեր ասում են՝ տարբեր, հաճախ իրար հակասող, հետաքրքիր ու կարևոր արտահայտություններ, որոնցից որոշները մեզ թև են տալիս, երբ մենք ընկնում ենք ցած, իսկ որոշներն էլ՝ ստիպում խորհել։

Հետաքրքիրն այն է, որ դրանցից ոչ մեկն էլ նվազ կարևոր չէ մյուսից։ Մի դեպքում մեզ սիրում են անպայմանորեն, ուղղակի, հենց մեզ համար՝ մեր բոլոր կողմերով, իսկ մյուսում՝ մղում մեզ առաջ՝ կատարելագործվելու։

Ու գալիս է Նա, ով սիրելով քեզ անպայմանորեն մղում է քեզ առաջ՝ սրբելով քո անցած ուղին, որպես ընծա քո կյանքի խորդուբորդ ճանապարհների, նա՜, ում հետ դու այն կինն ես, որ արժանի է ամեն ինչի, նա՜, ում հետ փայլում ես, նա՜, ում աչքը քեզ տեսնելիս անվերջ շողում է։

 Չկան Պատահականություններ

Ու հանկարծ նկատեցի աստիճաններից իջնող կարմիր բաժակը, ձգվեցի, որ աչքս հաստատի միտքս. նա էր, նա էր ու իմ նվիրած կարմիր բաժակը...

Քանի անգամներ էինք էդ աստիճաններով իջել ու բարձրացել, իսկ հիմա դու իջնում ու բարձրանում ես առանց ինձ...

Չէի ուզում որ մեր հայացքները հանդիպեին իրար ու ես թիկունք արեցի քեզ ճիշտ այնպես՝ ինչպես դու, երբ թողնում էիր ինձ։

Դուրս գալով փողոց զգում էի ինձ թեթև, հեռու անցյալից ու մոտ իմ սրտի ապագային, որին մոտենալու հարցում դու էլ քո  լուման էիր ունեցել, ու էդ մտքից ժպիտը չէր իջնում շուրթերիցս ու ես շնորհակալ էի  քեզ հենց միայն դրա համար )...


понедельник, 10 октября 2022 г.

 Սիրտը ափի մեջ

Միանգամից սառեց տաք Պորտուգալիան ու դարձավ սովորական։
Ուզում էի փախչել ետ՝ տուն ու  ծածկոցը քաշելով գլխիս թաքնվել  ինքս ինձանից ու ողջ աշխարհից։
Դու պակաս ես իմ կյանքից, շատ պակաս. ես չեմ կարողանում լինել առանց քեզ...
Տխրությունը ծովի ալիքների պես վերցնում ու խփում է ինձ ունայնություն կոչվող ժայռին։ Սիրտս ծանր ու սառն է՝ սառը օվկյանի պես։ Ու ես խեղդվում եմ իմ իսկ ապրումների ալիքներից, որոնց միայն փրփուրն է քեզ հասնում. «լավ եմ, չեմ լացել, գնացել եմ զբոսնելու»։
Քեզ ուղեկցում էի դեպի տաքսին, ու չգիտեմ` քե՞զ, թե՞ ինքս ինձ սիրտ տալու համար կրկնում, որ սա հաջողություն չէ, այլ՝ մինչ տեսություն. չենք հասցնի աչքներս էլ թարթել ու նորից կհանդիպենք։ Նստեցիր տաքսին, գիտեի որ ինձ ես նայելու մինչ տեսադաշտիցդ կորելս ու ինչքան ուժ ունեի հավաքել էի, որ ժպտայի ու թեթև ձեռքի շարժումով համբույրս քեզ հասցնեի ծանրացած սրտիցս։
Մեքենան հեռվացնում էր քեզ ինձանից, իսկ կոկորդս ավելի էր սեղմվում։ Կուլ էի տալիս արցունքներս ու քայլում. չէ սիրելիս, չեմ ստել որ չեմ արտասվել, կուլ եմ տվել ամեն ապրումս ու թափառել՝ մտքերս տրորելով ամեն քայլիս հետ։ 

пятница, 12 августа 2022 г.

 Հող

Մի բուռ հող եմ վերցնում իմ դողացող ափերով ու 
մոտեցնում շուրթերիս՝ համբուրելու սրբացած հողը, 
որում անմահացել է եղբայրներիս արյունը ու 
որում թաղվել է հայրենակիցներիս իղձերն ու հառաչը։ 
Կոկորդս սեղմվում է ամեն կուլ տվածս 
արցունքի հետգլուխս հպարտորեն ու անկոտրում բարձր եմ 
պահում. փորձում եմ ձգել անիրավութան ու անօգնության տակ 
կորացող մեջքս՝ ցույց տալու որ հյուր չեմ իմ տանը այլ՝ տեր ։ 
Հեռանալիս մտքիս եկան Դուշման Վարդանի խոսքերը.
«
հողը  երեխայի պես գրկում է ոտքերդ ու ասում՝
մենակ մի  թող ինձ»»
։ 
Արցունքներս այդժամ հորդացին. ուզում էի գրկել հողը՝ նրանում 
անմահաած եղբայներիս հետ ու տեր կանգնել որբացած 
հ
այրենիքիս կտորին, բայց սթափեցնող ձեռքը իջավ ուսիս՝ պիտի գնայի։


пятница, 10 июня 2022 г.

   Լինում է.. ուզում ես...

 Լինում է էնպես,որ գտնում ես էն ինչ չես փնտրել ու հետո փորձում ես համոզել քեզ, որ դա հենց էն է ինչ պետք է։
Լինում է էնպես, որ ճախրում ես երջանկությունից ու հետո այդ նույն երջանկությունից ուզում ես ցատկել։
Լինում է երբ անճանաչելիորեն այլանդակում է քեզ Նա, ում քո թիկունքն ես համարել ու մնում է միայն այրվել ու մոխիր դառնալ, որ չտեսնես էդ այլանդակ պատկերը։
Լինում է երբ մոխրից շինում ես քեզ համար հույսի թևեր ու թռչում վերև՝ շատ վերև ու ճախրդ սփռում էս դալուկ աշխարհի վրա։
Լինում է, որ ընկնում ես ու էլ չես կարողանում վեր կենալ ուժ չունես, կամք չունես,  օգնության ձեռք էլ չի պարզվում։
Լինում է, երբ ցավեցնում ես ինքդ, ու էդ դաշույնը անցնելով Նրա միջով մխրճվում է քո սրտում էլ։
Լինում է....

Լինում է, որ ուղղակի ուզում ես ապրել ու երջանիկ զգալ, առանց բառերի ...
Ուզում ես կարճ կյանքդ ներկել սիրուն գույներով։
Ուզում էս մխրճվել էդ սիրուն գույների մեջ ու չկորել էս գորշ ու խարխուլ աշխարհում։
Ուզում ես...

суббота, 21 мая 2022 г.

Երջանկության պարտված հաղթանակը

Կատրինը նյարդային քայլում էր սենյակում։ Նա կորել էր սեփական մտքերի մեջ։
Կյանքը, որ նա կառուցել էր տարիներով, այժմ փախնում էր իրենից` օրերի մեջ, որոնք նա անզոր էր կանգնեցնել ու փոխել։
 Բզկտող դառնությունից նա ուզում էր գոռալ ու իրեն ցավեցնող մտքերը դուրս հանել. ախր որտե՞ղ էր նա թերացել, էդպես էլ չեր կարողանում հասկանալ։
Իրեն խաբել  էին. խաբել  մի ամբողջ կյանք, որ նա փութաջանորեն փորձել էր կառուցել։

_Հիմա ի՞նչ, ես չկա՞մ։ Ես ինձ դրել եմ ընտանիքիս մեջ ու ինձնից այն խլում են։ Ինձնից խլում են ինձ, իմ աշխարհը։ Ատում եմ, ուզում եմ դահիճներիս սպանել, ուզում եմ կյանքը նրանց սպանի ու ես արդարության պար ածեմ՝ տեսնելով ինձ կեղեքողներիս կեղեքված։
 Գլուխը կախեց ու արցունքի կաթիլները հոսեցին այտերով վար։ Այն աչքերը, որ գոհունակությունից ժամանակին շողում էին, այժմ, հալածված գազանի պես ոռնում էին անորոշություն կոչվող անծայր մթության մեջ։
 Շունչը ետ բերելով ու հեկեկանքը զսպելով  նստեց բազմոցին՝ ուժասպառ ու հանգստացած. ձեռքը գցեց  դարակը ու հանելով սիգարետը՝ վառեց այն։ Ձեռքում ուսումնասիրում էր վառվող թուղթը։
Քաշեց քուլան՝ դրա հետ քաշելով իր դառնությունը ու բաց թողեց այն անորոշ մթության մեջ։
 Ծխի ամեն քուլայի հետ նա բաց էր թողնում իր ապրած տարիները։
Նա կառուցել էր իր կյանքը ծովի ափին, ավազի վրա ու ժամանակի ալիքը այժմ սրբում էր այն։

Աչքերը բացեց. քնել  էր բազմոցին։
 Նախորդ օրվա ծանր ապրումներից մնացել էր միայն բութ դատարկությունը ու լղոզված ստվերաներկը։ Զգում էր իրեն ջնջված, ինքն իրեն անծանոթ..
 Վեր կացավ ու անշտապ քայլեց լոգարան։ Ջրի կաթիլները սրբում էին այտերից կախված ստվերաներկի հետքերը։
 Դուրս գալով լոգարանից զգաց իրեն թեթևացած ու մաքրված իր իսկ մտքերից։
Որոշել էր՝ ինքը պիտի լինի երջանիկ։

.......................

Սենյակում օդը ծանր էր։ Պարզ չէր՝ սիգարետից ու սկոթչի՞ց, թե՞ Արսենի ծանր ու մռայլ մտքերից։
 Պատուհանը կիսաբաց էր ու քամին ներս էր բերում անձրևից հետո ասֆալտին խառնված թանձր խոնավության հոտը։
Սենյակը մթության մեջ էր. վառվում էր միայն լուսամփոփը՝ լուսավորելով անկյունում, բազմոցի մեջ թաղված Արսենի դեմքը։
Աչքերը հառել էր սկոթչի բաժակին, ծանրացած հայացքով կարծես փորձելով խորտակել իրեն տանջող մտքերը կիսալի բաժակի մեջ, իզուր...
Վեր ցատկեց տեղից, վերցրեց հեռախոսը. զանգերը երկար գնացին մինչ հակառակ կողմից կանացի մի հանգիստ ձայն խոսեց։
_Ալո.
Արսենի դեմքը լուսավորվեց։
_Նատա, բարև, - տենդագին ոցևորությամբ նետեց Արսենը։
_Բարև Արսեն, - մեղմ պատասխանեց Նատան, կարծես ասելով՝ ես գիտեմ որ վատ ես հիմա, ես քեզ հետ եմ, ամեն բան լավ կլինի։

Գիշերը խաղաղվել էր։

......................

Նատան խոհանոցում  էր։ Ոտքը գցել էր ոտքին ու վայելում էր առավոտյան թարմ ու անուշահամ սուրճը,որը կարծես դարձել էր  իրեն կյանքի կոչող ծիսակարգ։ Խոպոպները չարաճճիորեն թափվում էին աչքերի վրա, իսկ նա, անշտապ փորձում էր դարսել դրանք ականջի հետևում։ 

 Սենյակը ողողված էր արևի ճառագայթներով, որոնք ժպտում էին սեղանին դրված անուշաբույր ֆրեյզաների փնջին։ Նատան սիրում էր մենանալ ինքն իր հետ ու տրվել մտքերի անվերջ ընթացքին՝ վերլուծելով ու ուղորդելով դրանք մտադարակների մեջ։
_ Մտադարակ, հմմ, - ինքն իրեն ժպտալով ասաց նա, -մտադարակ N127:
Ամենից շատ սիրուց խոսում են նրանք ովքեր սիրո մասին կարող են միայն խոսել։
Դու սիրում ես քաղաքդ, սիրում ճիշտ այն այն ծաղկի պես, որ պատուհանին է ու որին ամեն նայելուց սիրտդ ուրախությամբ է լցնում, բայց որին դու հաճախ, շատ հաճախ մոռանում ես ջրել. իսկ ե՞ս, ինչպե՞ս եմ վարվում ես, - ինքն իրեն հարցրեց Նատան՝ ընկնելով մտքերի մեջ։

 Դեմքը րոպեներ անց ողողվեց գոհունակ ժպիտով. խորը հոգոց հանելով շուտով վեր կացավ։ Օրը սպասում էր իրեն,որ նա պատմի իր մասին։
Լոգանք ընդունեց, հագավ իր սիրելի ներքնազգեստի սեթը, ինքն իրեն ժպտալով հայելու մեջ հանեց Շանել  N5-ը, ու օծանելիքի բույրը բռնեց ողջ սենյակը։
Նա ինքնաբավորեն ընտրեց օրվա լուքը, սև սաթե մազերը շտկեց բարալիկ մատներով, կարմիր շրթներկը գրկեց նրա նուրբ շուրթերը ու րոպեներ անց նա արդեն դրսում էր՝ պատմելու օրվան իր կյանքի մասին։
 Օրը լի էր, իսկ սիրտը՝ դատարկ։
Օրը բաժանվել էր ժամեր առանց Արսենի ու ժամեր Արսենի հետ։

......................

_Ես հաղթող եմ։ Ես միշտ եմ հաղթում։ Ես գիտեմ ինչ եմ ուզում ու ես ստանում եմ այն,-ինքն իրեն ասաց Կատրինը՝ կարծես հերթական անգամ մանտրան կրկնելով։
Ընկերուհիները շուտով ժամանեցին սրճարան։
_Կներես Կատրին, ուշացանք, ո՞նց ես, շա՞տ սպասեցիր։
_Ոչինչ, սրճում էի մտքերիս հետ։
_Մեզ էլ սուրճ ու մենյուն փլզ, - տեղավորվելով ու պատվերները  փութկոտ տալով ասացին աղջիկները։
_Դե՞, պատմիր, ի՞նչ կա, - անթաքույց հետաքրքրությամբ սկսեց Մարինան։
Խորը հառաչը պոկվեց Կատրինի կրծքից ու աչքերը լցվեցին։
_ Նա սիրում է ուրիշին, ես ինձ զգում եմ ստորացված, էսպես չեմ կարող. հասկանու՞մ եք, ին՞ձ, որ ամեն  բան արել է իր համար, ախր տեսնում էիք ինչ երջանիկ էինք։
Նրա ուղեղը լվացել են, նա դավաճանաել է ինձ, նա դավաճանել է մեզ։ 
_Դե Կատրին, սիրելիս, հիմա էնպիսի կերպարներ կան, մարդիկ իրար վրայով են քայլում իրենց ուզածին հասնելու համար։ Բայց, ով էլ որ նա լինի քեզանից լավը չի լինի։ Արսենը դեռ շատ կփոշմանի, կտեսնես, - ասաց Գրետան։
_ Ու՞մ է պետք նա, մտածելու ոչինչ չունես. դու խելացի ես, սիրուն, գտել ես քո գործը ու նրանից էլ կպոկես էն ամենը ինչ պետք է։ Գիտես՝ իրավաբանական հարցերով կողքիդ եմ ու ֆինանսապես էն ինչ քեզ հասանելի է՝ մինչ վերջին ցենտը կստանանք, - հոնքը վեր բարձրացնելով ու շուրթերը հաղթական ու նենգ ժպիտի մեջ կորցնելով խոսքը ավարտեց Մոնիկան։
_Իսկ, մի՞գուցե չշտապես Կատրին, ժամանակ տվեք իրար։
_Չէ Լիդա, ի՞նչ ժամանակ, Ժամանակ որ էլի՞ ինձ խաբի։ Անգամ ներողություն չի խնդրել, չի փորձել սիրտս շահի։
Հերթական մտքերի հետ դատարկվեցին սուրճի հերթական բաժակները։ Աղջիկները գրկախառնությունների ու համբույրների արանքում փոխանակվեցին հաճոյախոսություններով ու դուրս եկան սրճարանից։
Մի քանի քայլ անելուց հետ օդը բռնեց անկեղծության մի տենդագին ալիք։
_Կարծում եք գլխի ճարը կտեսնի՞, - ասաց բիզնեսվումն Մոնիկան։
_Դե, չգիտեմ, Արսենը աչքիս լույսը չի, բայց Արսենը քիչ բան չի արել իր համար։ Տեսել եք չէ՞ ոնց է հաճախ Կատրինը խոսում Արսենի հետ, - իր իսկ անկեղծությունից ու հոգատարությունից գոհ՝ ասաց Գրետան։
_Դե, Արսենը խելացի տղա է, հետաքրքիր խարիզմատիկ, կայացած ու նորմալ է ,որ աղջիկները կհետաքրքրվեին նրանով։ Ուղղակի, կինը պետք է իրենով զբաղվի ու թույլ չտա որ բանը բանից անցնի։ Ես օրինակ, 8սմ-անոց կրունկս պահում եմ Գեորգիի մեջքին, - քրքջալով ասաց Մարինան։
_ Լավ դե, ինչե՞ր եք խոսում։ Մեր ընկերուհին է, ու անկախ ամեն ինչից մենք պիտի նրան սատարենք, - ասաց Լիդան ու շտապեց դեպի մեքենան։
Նստելով մեքենան Լիդան ընկավ մտքերի մեջ.
«Ես միշտ համարել եմ նրանց օրինակելի զույգ ու Կատրինը մեր միջից միշտ ավելի աչքի ընկնող է եղել։ Եթե նրան լքում են, ուրեմն, ինձ էլ հեշտությամբ կթողնեն։ Բաժանվե՞լ. էդ արատավոր փորձը եթե հաջողվի մեկին, մյուսների մտքով էլ կանցնի, չէ»։ Ինքն իր մտքերի ընթացքը կտրելով Լիդան մեքենայի շարժիչը գցեց գործի ու սլացավ առաջ։
 Գրետան հասել էր տուն։ Վերցնելով գինու բաժակը նա ինքնագոհ ժպիտով մոտեցավ պատուհանին։
- Նա միշտ իրեն մեզնից լավն է համարել ու միշտ մեծախոսել՝ ոչինչ չանելով։ Ամեն բան նրան ուղղակի տրվել է։ Դե, հիմա ինքդ կհասնես ամեն բանի, տեսնեմ էլի էդպես կմեծախոսե՞ս։
 Հանդիպումից հետո կատրինը զգում էր իրեն գոտեպնդված ու երջանիկ։
Մտնելով ննջասենյակ նա մոտեցավ զարդասեղանին, ինքն իրեն ժպտաց հայելու մեջ ու գլուխը հպարտության զգացումով  լի վեր բարձրացրեց։
_ Այո, ես գեղեցիկ եմ, ես խելացի եմ ու ես կունենամ էն ամենը ինչ ուզում եմ։ Ես արժանի եմ։ Ես հաղթող եմ։
 Հեռախոսը զանգեց՝ կտրելով Կատրինին իր հաճելի մտքերի ընթացքից։
_ Ալո, Թոնի, առանց զգուշացնելու մի զանգիր, կխոսենք վաղը երբ գործի գնամ։
Հեռախոսի մյուս կողմում հնչում էին ջերմ բառեր, որից Կատրինը կարծես հալվում էր։
_ Դե լավ Թոնի, ես էլ, - սեթևեթում էր Կատրինը՝ ճոճվելով սենյակում ինչպես դեռատի աղջնակ, - լավ առայժմ, կխոսենք։
Հեռախոսը ցած դնելով՝ գոհունակ ու լայն ժպիտով նա նետվեց անկողնու վրա։ Ինքը ապրում էր...


...................

Նատան կորել էր երաժշտության հնչյունների մեջ, երբ մի անծանոթ ձայն ետ բերեց նրան այդ հաճելի թմբիրից։
_Պարե՞նք։
_Չէ, չեմ ուզում, շնորհակալ եմ, - սիրալիր ժպտալով ու գլուխը թեքելով ասաց նա։
Դատարկել էր մարտինին. խնդրեց մատուցողին կրկնել պատվերը։
Վայրկյաններ անց մոտեցավ ընկերուհին՝ Անիտան ու քաշեց նրան պարելու։
Անզոր լինելով դիմադրելու Անիտայի կամքին՝ Նատան միացավ նրան։
Մարդիկ խառնվել էին իրար երաժշտության հնչյունների ներքո ու անհոգ ընդարմացումը բռնել էր օդը։
_ Շուրջս այսքան մարդիկ են, իսկ ես միայն նրան կուզեի այս պահին. Արսեն։
Սպասումի ապարանջանը կրում եմ կրծքիս, այն սիրուն է ու ծանր. այն սերն է։

....................


Առավոտ էր։ Արսենը իջել էր խոհանուց պատրաստելու իր առավոտյան նախաճաշը՝ բեկոնով ձվաձեղ ու նարնջի թարմ քամած հյութ։
 Սիրում էր պատրաստել ու սիրում էր համեղ ուտել։  Նա սիրում էր կյանքը ու ուզում էր ամեն բան հասցնել այս կյանքում։ 
 Ձվաձեղի վերջին պատառն էր ուտում, երբ Կատրինը իջավ ցած՝ խոհանոց։
_ Արսե՞ն, բարև։
_ Բարև Կատրին։
_ Հմ, երջանիկ ես թվում, - կիսաժպիտով նետեց Կատրինը ու ավելացրեց,- պաշտոնի բարձրացումի՞ց է, թե՞ սիրելիիդ հետ գործերդ են լավ։
Արսենը ոտքից գլուխ չափեց Կատրինին ու առանց բառ ասելու բարձրացավ աշխատասենյակ։
 Կատրինը զայրացկոտ ու ստորացված նայում էր նրա հետևից, թեպետ՝ ծամածռված ժպիտը դեռ դեմքին էր։
«Իսկ եթե նրան միասին լինե՞ն։ Չէ, չեմ ուզում։ Նա իմն է։ Ոչ էդ աղջկա հետ։ Դրա ինքնագոհ ու հպարտ դեմքից նյարդերս տեղի են տալիս», մտածում էր Կատրինը, երբ հեռախոսը ծնգաց։
 Թոնին էր։ Անտարբեր հայացքով հեռախոսը դրեց գրպանը ՝ թողնելով Թոնիին անպատասխան։
_ Ես թույլ չեմ տա, որ նրանք միասին լինեն, ինչ իմն է իմն է։
Կեսօր էր։ Անձրևում էր։ Երկինքը լացում էր մարդկանց փոքրոգության վրա։ Արևը կարող էր շողալ ամենքի վրա, բայց մարդիկ միևնույն է կռվում էին՝ իրենց բնությանը չուրանալով։


...................

_Բարի լույս Արսեն։ Ո՞նց ես քնել։
_ Բարև Կատրին, շատ լավ, դու՞։
_ Լավ։ Ուզում էի քեզանից ներողություն խնդրել երեկվա պահվածքիս համար, -մռութները հավաքելով, մանկական դեմքի արտահայտությամբ խոսեց Կատրինը։
_ Օհօ, առյուծից մինչ փիսիկ մեկ օ՞ր, թե՞ մի քանի պատճառներ, - ծիծաղկոտ ասաց Արսենը։
_Դմբո,- կիսակատակ ու նեղացկոտ ասաց Կատրինը՝ զգալով իրեն խաղի մեջ ու շարունակեց,- չէ, ուղղակի ընկճված էի ու դուրս եկա հունից։
_Լավ, լավ, հասկանում եմ,- արդարացնող տոնով պատասխանեց Արսենը։
Օրը արևոտ էր ու սիրուն։ Կատրինն էլ շողում  էր ինչպես առաջին հանդիպմանը՝ տարիներ առաջ։ Արսենը մռայլ մտքեը ցրվել էին. զգում էր իրեն հանգիստ ու խաղաղ։
_ Ես բարձրանամ աշխատելու, լավ օր Կատա, - Կատրինի ուսը ընկերաբար սեխմելով, հոգատարությամբ ու սիրով լի հայացք նրա վրա նետելով ասաց Արսենը։
Կատրինը զգում էր իրեն գոհ ու էներգիայով լի։ Նա սիրված  ու ուժեղ էր  զգում իրեն։ Ժպիտը երեսին շտապեց ննջասենյակ՝ իրեն կարգի բերելու ու գործի շտապելու։
«Այս գործը չլիներ կքնեի երկար, ինձնով կզբաղվեի, բայց ոչինչ , մշտական չէ», - ինքն իր մտքերի վրա ժպտալով Կատրինը թակեց Արսենի աշխատասենյակի դուռը։
_ Հա Կատրին, - հայացքը համակարգչից կտրելով ասաց Արսենը։
_Արս, կարմի՞ր շորիկնա սազում, թե՞ նարնջագունը, - աղջկական սեթևեթությամբ դռան արանքից ծիկրակում էր Կատրինը։
Արսենը լայն ժպտաց, կարծես համաձայնելով այդ խաղին մասնակցել ու իրեն բնորոշ հումորով պատասխանեց։
_ Որն էլ հագնես լավ չի։
_ Հա, հա, հա, շատ խնդալու էր, -Կատինը ուզում էր զայրանալ, բայց , կատակի տալով ժպտաց ու դուրս եկավ սենյակից։
«Հիմա ի՞նչ է փչել մտքին, տեսնես որ՞ն է հագնելու ու ու՞մ համար է սիրունանում», - ինքն իր հետաքրքրասիրության վրա ծիծաղելով Արսենը քայլեց դեպի Կատրինի սենյակ։
 
 Խաղը սկսում է մեկը, իսկ շարունակում են այն երկուսով։ Կանոններն էլ սահմանում են ամենահամառները։
Արսենն ու Կատրինը խաղը սկսել  էին։ Խաղաշրջան 2 .....
 

....................

Նատան նստել էր այգում ու նայում էր կողքով անցնող մարդկանց։ Հայացքը թափառում էր նրանց դեմքերի վրայով, իսկ մտքերը հեռվում էին։ Սիրտը զգում էր մի անորոշ անհանգստություն։ Օրերը սլանում էին առաջ, իսկ նա զգում էր իրեն  շղթայված.սիրտը քարկապել էր իրեն ժամանակի մեջ, իսկ հույզերն ու մտքերը անկանոն կերպով հալածում էին ։
 «Դե՞, խելացի ու հասկացող աղջիկ, ի՜նչ է եղել, չե՞ս կարողանում հասկանալ, թե՞ չես ուզում։ Իսկ ին՞չ ես ուզում», - մտքերը մռայլ ամպերի պես կախվել էին Նատային գլխին, որից հոգնել ու հյուծվել էր անասելիորեն։
_ Զգում եմ ինձ օտար, կարծես ուրվական, որ դեգերում է ողջերի մեջ ու խոչընդոտում նրանց ապրելուն, - մտքերի մեջ վեր կացավ ու քայլերը ուղղեց առաջ։
 Րոպեներ անց հատում էր փողոցը, երբ ականջին հասավ սթափեցնող ձայնային ազդանշանը։ Գլուխը թեքեց կողք. օդում էր, երկինքը ջինջ լազուր էր, բացականչությունները հեռվից հասնում էին ականջին. վայրկյաններ անց բոլոր ձայները լռեցին ու լույսերը մարեցին։


....................

Սեղանը լի էր անուշություններով։ Հյուրերը ժպտում էին ու կատակում։ Բաժակները մեկումեջ զնգում էին՝ բերելով Արսենին իրականություն, որն այժմ պատրանք էր դարձել իր համար։
 Նստել էր սեղանի անկյունում ու նայում էր Կատրինին, որ անհոգ խոսում ու կատակում էր ընկերների հետ. կարծես վառ գույներով կտավ լիներ, իսկ ինքը՝ Արսենը, մռայլ ամպ, որ իր տեղը չէր գտնում այդ կտավում։
Արսենը դառնորեն ժպտաց ինքն իրեն։ Չէ՞ որ ինքն էր ընտրել ուրիշի երազը՝ ուրանալով իր սեփականը. ե՞րբ ոտքը թեքեց իր ճանապարհից ու ինչու՞, չէր հասկանում։
Հիմա նա ապրում էր ուրիշի երազը, ապրում էր ուրիշի կյանքը, ուրիշի համար։
Զգում էր, որ թերացել էր, ծուլացել էր ու թուլացել. հատուցումը թանկ էր, շատ թանկ։
Չկար Նատան չկար և Արսենը։

Մանկության բույրը

Արևը ծագելուն պես ոտքներս ինձ ու եղբորս տանում էին դուրս՝ արկածներին ընդառաջ։ Քայլում էինք մշակված դաշտերով, որտեղ պապս ու հայրս իրենց սերն ու հոգատարությունն էին դրել ու քրտինքով ջրել։
Արևը կեսօրին արդեն գրկած ու ջերմացրած էր լինում պարարտ հողը, որը հենց էն է թե կանչում էր իրեն զգալու։
Բոբիկանում էինք ու վազում հողերի մեջ։ Տաք ու պարարտ հողը գրկում էր ոտքիս մատները ու ես զգում էի ինձ որպես հաստ բնով ծառ, որին հողը արմատներից քաշում ու ամուր պահում էր էս խալխուլ աշխարհի վրա։
Երկար թափառելուց հետո դատարկ ստամոքսներս վազեցնում էին մեզ տուն։
Բակ հասնելուն պես տեսնում էինք մորս՝ տան շեմին կանգնած։ Շոյող, բայց և կարգադրող հայացքով  լուսե մայրս կանչում էր մեզ տուն։
Ոտքներս տան շեմին մեկնելուն պես քթներիս էր հասնում թարմ թխած հացի բույրը ու հրավիրում խոհանոց։
Անցել են երկար ու ձիգ տարիներ ու հիմա էլ ոտքերս մերթընդմերթ պահանջում են բոբիկանալ։ Մերկ ոտքերով հաճախ քայլում եմ օտար հողերի վրայով. տաք է, բայց էդպես էլ չեմ ջերմանում էս խալխուլ աշխարհում։ 
Տուն հասնելուն պես սառնարանս դատարկում եմ  նախորդ օրվա գնած անուշություններից,որից հայացքս անգամ կշտանում է ու մեկ է քթիս է դեռ հասնում թարմ թխած հացի բույրը, որից սիրտս էդպես էլ չի գտնում հագեցում։
Մանկությունս շնչում էր թարմ հնձած խոտի ու թարմ թխած հացի բույր...

 Ուժ

Գազանը ներկեց եփրատն արյունով,
Դեր Զորը սնվեց արյուն արցունքով,
Աղոթքները մեռան խեղդվողների շուրթերին
Աշխարհը լուռ էր, Աստվածն էլ խուլ էր։

Մեր տունը դարձրին գերեզման ամայի
Ու ապրում են հիմա էնտեղ ժառանգները այդ գազանի.
Ուրանում են հարյուր տարի վայրագությունները աշխարհին ի տես,
Բայց, գազանի պես, շատերը ատում են դեռ մեզ։

Ուրացող գազանը դարձավ քաղաքակիրթ մարդ-գազան
Աշխարհը կքեց շահի տակ հերթական անգամ.
Ուժն է ծնում իրավունք աշխարհում այս ունայն
Միամիտ չլինենք, արարենք ու զորանանք։

 Կյանքի անիվների տակ

Կյանքն առել է ինձ իր անիվների տակ
Կորցրել եմ ճամփաս, դեգերում եմ ես կույր ու աննպատակ,
Սեղմում են հանգամանքները ինձ սառը պատին
Սրտիս զարկերը էլ չեն հասնում իմ ականջին։

Ինչու՞ եմ անվերջ ես բութ պայքարի մեջ,
Որից արնաքամ ամեն անգամ դառնում եմ ես ետ
Միայն՝ բզկտված, մաշված ու հոգնած
Ինքս ինձանից ու բախտից խռոված.

Առ ինձ վերջնական քո անիվների տակ,
Շունչս անպետք է, ներսս էլ խիստ մաշված։